Ավետիք Իշխանյան. «Մտորումներ». hetq.am
Advertisement 1000 x 90

Ավետիք Իշխանյան. «Մտորումներ». hetq.am

Լսեցի ճարտարապետ Սամվել Կարապետյանի հարցազրույցը։ Կարծում եմ՝ Սամվել Կարապետյանը շատ կարևոր, խորքային հարցեր է բարձրացնում, գուցե շատերին ոչ այնքան հասկանալի, ուստի և ոչ հաճելի՝ ելնելով մեր հանրության կարծրացած մտածողությունից։ Հարցազրույցի մեխը հայ ժողովրդի՝ որպես ամբողջական միավորի, մեծ, ազգային նպատակի բացակայությունն է։

Պատկերացնում եմ, որ այս տողերը կարդալուց ինչպես են վրդովվելու մեր շատ կուսակցականներ, հանրային գործիչներ, մտավորականներ. «Ինչպե՞ս կարելի է նման կարծիք հայտնել․ մեր նպատակը Միացյալ Անկախ Հայաստանի ստեղծումն է, մեր նպատակը Քուռ-Արաքսյան Հայաստանի ստեղծումն է, մեր նպատակը մեր բոլոր հարևանների հետ խաղաղ գոյակցությունն է, մեր նպատակը Հայաստանը ժողովրդավարական երկիր դարձնելն է, մեր նպատակը  Հայաստանի ԵՄ և ՆԱՏՕ անդամակցությունն է, մեր նպատակը ԵԱՏՄ, ՀԱՊԿ, Ռուսաստան կապերի ամրապնդումն է․․․ և այլն, և այլն»։ ․․․Բառեր, բառեր, բառեր․․․

Իրականում մեր ժողովրդի, եթե կարելի է այդպես ասել, հիմնական գերնպատակը «լավ ապրելն է», «ընտանիքը լավ պահելը», որից էլ ածանցվում են վերոնշյալ կողմնորոշումներն՝ ըստ տվյալ պահի անձնական շահերի։

Այս նույն միտքն է նաև արծարծվում Միքայել Մինասյանի՝ վերջերս հրապարակված «Խրամատներից դուրս գալու ժամանակը» հոդվածում: Առաջին հայացքից հեղինակը բավականին հետաքրքիր, արդիական մտքեր է արտահայտում՝ ներքաղաքական թշնամության, անհանդուրժողականության մասին և առաջարկում ինչ-որ իմաստով ազգային համաձայնություն։ Շատ քաղաքական-հասարակական գործիչներ հեղինակին անխնա քննադատեցին՝ իրավացիորեն շեշտելով, որ չնայած հոդվածի ճշմարիտ շեշտադրումներին, ինքը՝ Միքայել Մինասյանը, լինելով նախկին իշխանության հենարաններից, արդյոք իրավունք ունի՞  նման խորհուրդներ տալու։ Բայց Միքայել Մինասյանի ընդդիմախոսներից որևէ մեկը հարց չէր բարձրացրել, թե ո՞րն է և ճի՞շտ է արդյոք հեղինակի հիմնական նպատակը։ Կարծում եմ՝ հոդվածի հիմնական նպատակի հետ բոլորն են համաձայն, այն է՝ «խրամատներից դուրս գալը» կարևոր է «լավ ապրելու» համար։

Ի դեպ՝ «լավ ապրելու» մասին։ «Լավ ապրել» ասելով մենք պատկերացնում ենք միայն նյութապես «լավ ապրելը»՝  պաշտոն, բարձր եկամուտ, առանձնատուն (առանձնատներ, ցանկալի է նաև, օրինակ, Փարիզում, Բարսելոնում և այլն), շքեղ ավտոմեքենա (ավտոմեքենաներ)։ Համոզված եմ՝ ընդդիմախոսներս կհակաճառեն՝ «բոլոր ազգերն էլ այդպիսին են, ձգտում են լավ ապրել»։

Այո, աշխարհում ապրող մարդկանց, թերևս 99%-ը ձգտում է «լավ ապրել», սոկրատեսներ և դիոգենեսներ համաշխարհային պատմության մեջ հազվագյուտ երևույթներ են։ Այո, բայց արդյոք միայն «լավ ապրել» և ամեն գնո՞վ։ Տարբեր ազգերի ներկայացուցիչներն իրենց հիմնական մասով բացի նյութապես «լավ ապրելուց», արդյոք չունե՞ն այլ առավել վեհ անձնական, նաև ազգային նպատակներ։ Իհարկե, ազգերն էլ են տարբեր (լավ ու վատ ազգեր չկան, ազգերը տարբեր են), կախված նրանց աշխարհագրական, կրոնամշակութային, պետականության պատմությունից։

Ամբողջությամբ՝ hetq.am