«Եվրոպական խորհրդարանի պատկերը փոխվել է։ Նոր ղեկավարություն է ձևավորվում մեր աչքի առջև։ Քաղաքական լանդշաֆտը այլ է, և սա բերելու է նոր խնդիրներ, այդ թվում՝ նաև Հայաստանի համար։ Եվրոպական խորհրդարանում ներկայացված ուժերն ավելի բազմազան են լինելու, քան ավանդական պահպանողական սոցիալ-դեմոկրատական տանդեմը։ Սա նշանակում է, որ ավելի դժվար է միասնական անվտանգային և արտաքին քաղաքականություն մշակել։ Սրա հետևանքները, բնականաբար, նաև Հայաստանն է զգալու։ Բացի դրանից, ակնհայտ է, որ նվազել է հետաքրքրությունը Արևելյան գործընկերության նկատմամբ։ Դրա փոխարեն հիմա Եվրամիությունը կարևորում է աֆրիկյան միջերկրածովային շրջանակի հետ համատեղ աշխատանքները, որովհետև անվտանգային և միգրացիոն ռիսկեր ԵՄ-ի համար հիմա ավելի շատ այս տարածքից են գալիս։ Սա նշանակում է, որ Հայաստանը մեծ ակնկալիքներ Արևելյան գործընկերության հետագա ձևաչափերից կարծես թե չպետք է ունենա»,- 1in.am-ի եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, նախորդ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
Ինչ վերաբերում է վիզաների ազատականացմանը, Ա. Աշոտյանը նշեց, որ դա շատ կարևոր թեմա է, և երբ 2017թ. ստորագրվեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ծրագրվում էր, որ 2020թ.-ին սկսվելու են քաղաքական բանակցությունները արդեն այդ հարցի շուրջ, բայց, ավա՜ղ, եվրասկեպտիկների ազդեցությունը, պառակտված Եվրախորհրդարանը մեզ թույլ չեն տալու այդքան լավատես լինել ապագայի հետ կապված, և թեպետ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Փաշինյանի երկրորդ այցի ժամանակ ասաց, որ բոլոր տեխնիկական խնդիրները լուծված են, և արդեն կարող են սկսել երկխոսություն, այնուհանդերձ, գործընկերության խորհրդի մամլո հաղորդագրությունը ուրիշ քաղաքական մեսիջ է տալիս։
Անդրադառնալով դատաիրավական բարեփոխումների խնդրին՝ Արմեն Աշոտյանը նշեց, որ ներկայիս իշխանություններին ոչ ոք չէր խանգարում անցած մեկ տարվա ընթացքում նախաձեռնել դրանք, և շատ կարևոր է, որ դրանք արվեն Սահմանադրության և միջազգային պարտավորությունների շրջանակում։ Սա նաև ամրագրված է եվրոպական պաշտոնյաների հայտարարությունների ու ուղերձների մեջ։
«Ոչ ոք չի խանգարում Նիկոլ Փաշինյանին այսօր, ունենալով գործադիր իշխանություն և օրենսդիր իշխանության մեջ ճնշող մեծամասնություն, իրականացնել ցանկացած բարեփոխում։ Իհարկե, այդ բարեփոխումները պետք է իրականացվեն Սահմանադրության և միջազգային պարտավորությունների շրջանակում և հանրային մասնագիտացված քննարկումների շնորհիվ»,- ասաց Արմեն Աշոտյանը հավելելով, որ այս իշխանությունը նախաձեռնություններ, հայտարարություններ է անում ժողովրդի անունից, բայց ժողովուրդը դրանց մասին իմանում է այդ մարդկանց շուրթերից։
Պատասխանելով, թե ինչպես 2013թ. մեկ գիշերվա մեջ փոխվեց հայոց արտաքին քաղաքական վեկտորը, և թե ինչպես Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու փոխարեն՝ Հայաստանը մտավ ԵԱՏՄ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահը նկատեց, որ մեր ներկայիս իշխանավորները, հավանաբար շատ երիտասարդ լինելով, չեն հիշում, թե ինչ եղավ Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի հետ։
«Այն երկրները, որոնք այդ ժամանակ ստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը, ընկան գեոպոլիտիկ թակարդի մեջ և հակադրվելով Ռուսաստանին, կամ-կամի մեջ ընտրելով մի բևեռ՝ իրենց ազգային ու պետական շահերը չլուծեցին։ Հայաստանը կարողացավ խուսափել այդ ծուղակից։ Սա ակնհայտ ճշմարտություն է»,- նշեց Ա. Աշոտյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ 2020թ.-ից եվրոպական թե քաղաքական և թե ֆինանսական աջակցության համար լինելու է գլոբալ մրցավազք, և այլև նախկինի պես ֆիքսված գումար չի լինելու, որ տվյալ պետությունը այս կամ այն դեպքում ստանալու է, և շատ ցանկալի է, որ երկրի կառավարությունը այս հարցերում մրցունակ լինի։ Պետք է աշխատեն «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքով, շատ արագ անեն բարեփոխումները, և թե երկրի ներսում, և թե դրսում ստանան իրական պոզիտիվ, զգացական վերաբերմունք։
Ինչ վերաբերում է այն հարցին, որ ինքը քննադատել է Նուրսուլթանում չկայացած Պուտին-Փաշինյան հանդիպման չեղարկումը, որը, սակայն, այնտեղ չի էլ նախատեսված եղել, և այն կայացել է Սանկտ Պետերբուրգում, Արմեն Աշոտյանն ասաց, որ պետք է հիշել, որ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել է, որ այդ հանդիպումը ոչ միայն կայացել է, այլ նրանք երկու անգամ են հանդիպել, ավելին, Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանն էլ հիշատակեց Նուրսուլթանը՝ որպես վերջին հանդիպման վայր։
«Հիմա հանդիպե՞լ են, թե՞ չեն հանդիպել… Մեր իշխանություններն են հասարակության մեջ ձևավորում նման լրահոսի սպասելիք, որովհետև բարդույթավորված են, որովհետև անգամ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական Ժամանակն» է իր խմբագրականում գրում, որ, այո, Մոսկվան մեզ չի վստահում։ Եվ այս բարդույթն իրենց հարաբերություններում իրենք չեն հաջողել հաղթահարել։ Բա ո՞ւր է ձեր արժանապատվությունը, ինչո՞ւ եք որսում Պուտինի համակրանքը, եթե արդեն այն ունեք»,- եզրափակեց ԱԺ նախկին պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։