-Ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց Ձեր դերասանական ուղին։
Հայրենիքիս հանդեպ պարտքս կատարելուց՝ ծառայելուց հետո չգիտեի ինչով զբաղվել, տեղեկացա, որ Կամերային թատրոնում կա ստուդիա, որտեղ հայտարարվել է ընդունելություն։ Ընդունվեցի ու սկսեցի սովորել։ Այդ ընթացքում մանկական ներկայացումներում էի խաղում։ Հետո հասկացա, որ այդ դերերը սրտովս չեն։ Այդ ժամանակ թատրոնի ղեկավարությունն ուսանողներին թույլ չէր տալիս ավելի լուրջ դերեր խաղալ, այսինքն ներգրավվել Կամերային թատրոնի ներկայացումների մեջ։ Իմ առաջին լուրջ դերը եղավ «Անաստվածային կատակերգություն․ Միսս Հայաստան» բեմադրության մեջ։ Որոշ ժամանակ հետո ինձ սկսեցին ներգրավել Կամերային թատրոնի ներկայացումներում։ 2002 թվականից մինչ օրս Կամերային թատրոնում եմ, ու դժվար էլ երբևէ լքեմ այն։ Ժամանակ առ ժամանակ համագործակցում եմ «Բոհեմ», Պարոնյանի ու Ստանիսլավսկու անվան թատրոնների հետ։
– Ձեր հաջողության գրավականը։
– Ամեն ինչ սկսել եմ զրոյից։ Երբ արդեն խաղում էի Կամերային թատրոնի ներկայացումներում, գումարը քիչ էր, անընդհատ մտածում էի` ինչ անեմ, որ տանից գումար չվերցնեմ։ Անգամ բեմի բանվոր եմ աշխատել։ Իմ հաջողության ու ճանաչում ձեռք բերելու ճանապարհը սկսվեց 2003 թվականից, երբ սկսեցի նկարահանվել «Կարգին հաղորդման» սկետչերում։ Այդ ժամանակ ինձ հետ էին նկարահանվում լուսահոգի Հասմիկ Ղարիբյանը` «կարգին Հասոն», և Աշոտ Մելոյանը, որն աշխատում էր տղաների թիմում։ Մենք երեքով երկրորդական կերպարներ էինք։ Ինձ շատ օգնեցին «Կարգին հաղորդման» տղաները՝ Հայկոն ու Մկոն։
– Ունե՞ք խաղացած մի դեր, որը հոգեհարազատ է ձեզ, նման է ձեր էությանը։
-Իմ խաղացած բոլոր դերերն էլ ինձ հոգեհարազատ են, սակայն կա մի դեր, որը կարող եմ առանձնացնել, դա «Նազար, Նազար մինչև վերջ» ներկայացման մեջ Նազարի կերպարն է։ Ներկայացումը բեմադրվել է 1983 թվականին և մինչ օրս էլ ակտուալ է, երևի 100 տարի էլ կլինի պահանջված։
-Ի՞նչ զվարճալի իրավիճակում եք հայտնվել։
Թերևս ամենազվարճալի իրավիճակը, որ հիմա մտաբերում եմ, «Կարգին հաղորդման» սկետչերից մեկի նկարահանման ժամանակ էր, երբ ես և Ռաֆոն պետք է կոտրեինք Հայկոյի ձեռքը, որպեսզի նրան բանակ չտանեին։ Դա օրվա երկրորդ նկարահանումն էր․ դրսում ամառ էր, շոգ, մենք էլ հոգնած էինք ու սոված։ Տանտերերը (որտեղ պետք է նկարահանումն իրականացվեր) տվեցին իրենց համաձայնությունը, որպեսզի մենք մի փոքր հանգստանանք և սնվենք, միայն խնդրեցին նկարահանումը հնարավորինս արագ վերջացնել։ Եկանք տուն, հաց կերանք, աշխատելու ցանկությունը կորավ, ու բոլորս քնեցինք, բնականաբար, նկարահանումը շատ ուշացավ, ու տանտերերը անհանգիստ գալիս–գնում էին, որ տեսնեին գոնե արթնացել ենք։ Անհարմար, բայց զվարճալի իրավիճակ ստացվեց։ Մինչև հիմա էլ հիշում ենք այդ դեպքը և ծիծաղում։
– Մանկության ամենաբարի հիշողությունը։
– Իմ մանկությունն անցել է Դիլիջանում։ Ես շատ չարաճճի երեխա եմ եղել։ Հիշում եմ, որ տատիկիս տան վարագույրն այրել էի, սովորություն ունեի մանրահատակի վրա դանակ խրելու, տնեցիներս վախենում էին անգամ զուգարանում ինձ մենակ թողնել, քանի որ թուղթն այրելու սովորություն ունեի։ Մի՞թե սրանք բարի հիշողություններ են (ծիծաղում է):
– Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։
Ես չափից շատ ազնիվ եմ։ 37 տարեկան եմ, ու այս տարիներին ո՛չ մարդ եմ ծեծել, ո՛չ ինձ են ծեծել, անգամ երկու րոպեով ոստիկանությունում չեմ հայտնվել։ Փորձում եմ արդար լինել, ճիշտ ապրել , բարին քարոզել։
– Ձեր ամենամեծ թերությունը։
—Իմ բարությունն ինձ խանգարում է։ Չափից շատ եմ մարդկանց վստահում։ Իհարկե, որոշ ժամանակ հետո հասկանում եմ, որ դա անիմաստ էր, որովհետև չեմ սիրում կեղծավոր ու շողոքորթ մարդկանց։
-Ինչի՞ց եք վախենում։
-Մահից։
-Ի՞նչ է Ձեզ համար փողը։
-Չեմ ընկնի ձևականությունների հետևից ու չեմ ասի, որ փողը ձեռքի կեղտ է։ Ո՛չ, փողը շատ լավ ու հետաքրքիր բան է, որի օգնությամբ կարողանում ես հասնել նպատակներիդ։
-Ի՞նչի մասին եք մտածում, երբ մենակ եք։
-Մտածում եմ երեխաներիս ապագայի մասին։
-Ի՞նչը կարող է Ձեզ նյարդայնանացնել։
– Վատ եղանակը։
-Ինչի՞ց կարող եք հիասթափվել։
– Եթե ես առավոտյան արթնանամ ու տեսնեմ, որ անձրև է գալիս, կհիասթափվեմ ։ Սիրում եմ պայծառ ու արևոտ օրեր։ Անգամ գիշերները 4-5-ից շուտ չեմ քնում, որպեսզի շուրջս ամեն ինչի ավելի երկար նայեմ, փորձում եմ ամեն ինչ մտապահել` ընկերներիս ժպիտը, ընտանիքս, երեխաներիս առաջին քայլը, առաջին բառը, ծնողներիս, որովհետև գիտակցում եմ, որ գալու է մի ժամանակ, երբ էլ ոչինչ չեմ տեսնելու։
-Ո՞վ կամ ի՞նչը կարող է ոգեշնչման աղբյուր լինել Ձեզ համար։
– Իմ ոգեշնչման աղբյուրն իմ երեխաներն են։
– Ինչի՞ համար եք ափսոսում:
– Ափսոսում եմ, որ ընդամենը երկու երեխա ունեմ, որովհետև շատ մեծ չեն ֆինանսական հնարավորություններս, որը ինձ թույլ կտար շատ երեխաներ ունենալ։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am