Պետական բյուջեն ծախսային մասով թերակատարվել է 5,3%-ով, այսինքն՝ 80 մլրդ դրամով․ ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկմանը նկատեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Նա իր խոսքն ուղղեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ պետք է հստակ գնահատական լինի, թե դա որքան զսպող ազդեցություն է ունեցել մեր տնտեսական աճի վրա։
Թունյանը նաև հարցրեց, թե արդյո՞ք ծախսերի թերակատարումը պայմանավորված էր վարկային միջոցների կոռուպցիոն ռիսկերով, և արդյո՞ք կոռուպցիոն ռիսկերի վնասը և տնտեսական աճի ռիսկերը իրար համադրել են։
«Ես ծարավ եմ, ուզում եմ ջուր խմեմ, կասկած ունեմ, որ ջուրը թունավորված է, դրա հավանականությունը կա, հիմա ի՞նչ անեմ՝ ջուրը չխմեմ ծարավից վատանա՞մ, թե՞ ամեն դեպքում հաշվի առնեմ ռիսկը, բայց խմեմ»,-պատկերավոր ձևով հարց հնչեցրեց Թունյանը։
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ թերակատարումը հակաբյուջետային զսպող ազդակի 2,3% է եղել։ Ըստ նրա, հավասարապես եկամուտների գործոնով բացատրվում է դրա կեսից ավելին, մնացածը՝ ծախսերի գործոնով է բացատրվում։
Այն հարցին, թե շեղումները ինչով են պայմանավորված եղել, ֆինանսների նախարարն ասաց, որ կարելի է մեկ գործոն առանձնացնել ու դատողություն անել, բայց հարց է, թե դա ինչքանով է ճիշտ։
Նախարարի խոսքով՝ ամեն տարի ունեցել են խրոնիկ ցածր կատարողական, բացառությամբ մեկ-երկու տարվա, երբ ընդհակառակը գերակատարում է եղել։ «Այդ պատճառով չեմ կարծում՝ բոլոր տարիների համար պետք է բացատրվի հնարավոր կոռուպցիոն ռիսկերի գործոնով, դրա համար էլ 2018թ-ի համար էլ առանձնացնել պետք չի, բայց իհարկե դեր ունեցել է»,-ասաց նա և նաև մեկ այլ կարևոր գործոն համարեց այն, որ կանխատեսումների ժամանակ է գերագնահատված եղել։ «Որովհետև միշտ ուզում ենք ավելին»,-ասաց նա։
Ավելի պարզ լինելու համար Բաբկեն Թունյանը շեշտեց, որ նշված 2,3%-ը թերակատարումը, հակաբյուջետային ազդակի համար նշանակում է, որ 250 մլն դոլարի չափ արդյունք չի ստեղծվել տնտեսության մեջ։
«Պարզ է, որ ամբողջը չի կարող կոռուպցիոն ռիսկերով պայմանավորված լինել: Գոնե ասեք՝ ո՞ր մասը, կե՞սը՝ 120 մլն դոլարը, թե կարող ենք ասել, որ կոռուպցիոն ռիսկերը այս 120-ից ավելին են, կասկած ունեինք, որ կարող է գողանային, դրա համար էլ այս ծախսերը չենք կատարել»,-ասաց Թունյանը։
Նախարար Ջանջուղազյանը նշեց, որ չենք կարող նման բան ասել։ «Ասել ենք, որ գործոն որպես դեր խաղացել է, մարդ կա, որ համաձայն չէ, և դրա արդյունքն է եղել, որ որոշ ծրագրեր դադարեցվել են կամ հետաձգվել են, բայց ասել դրանով է պայմանավորված, չենք կարող, քանի որ մի փոքր մասն է, որ 18-ին է նախաձեռնվել, տարիներ շարունակ են նախաձեռնվել, ուստի չեմ կարող նման գնահատական տալ»,-եզրափակեց նա։