Deep Purple բրիտանական ռոք խմբի նոր ալբոմը կթողարկվի 2017 թվականի փետրվարին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հայտնել է լեգենդար կոլեկտիվի վոկալիստ Իեն Գիլանը:
«Նոր ալբոմը կթողարկվի փետրվարին, այն կդառնա նախորդ սկավառակի շարունակությունը»,-ասել է նա:
Գիլանի խոսքով՝ խմբի նախորդ սկավառակը «լի էր էներգիայով»: «Մենք նորովի բացահայտեցինք ազատության գաղափարը: Բոլորը գոհ մնացին այդ սկավառակից, և հաջորդը, հնարավոր է, ավելի լավը կլինի»,- հույս է հայտնել երաժիշտը:
Deep Purple-ի վերջին ալբոմը՝ “Now What?!”-ը, թողարկվել էր 2013 թվականի գարնանը:
Գիլանը ժամանել է Ռուսաստան, որպեսզի հանդես գա երկու համերգով՝ նոյեմբերի 15-ին՝ Մոսկվայում և նոյեմբերի 17-ին՝ Սանկտ Պետերբուրգում: Նա՝ Դոն Էյրիի (Deep Purple-ի ստեղնավոր գործիքների նվագող) կոլեկտիվի երաժիշտների և դիրիժոր Սթիվեն Բենթլի-Քլյայնի ղեկավարությամբ Մոսկվայի «Ռուսական ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, կկատարի Deep Purple-ի հիթերը: