
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չեմ լսել վարչապետի ելույթը, սակայն եթե բարեփոխումների արագության մասին իր ասածները ճիշտ են արտացոլված ԶԼՄ-ներում, պիտի հայտնեմ իմ կտրուկ անհամաձայնությունը: Դանդաղ բարեփոխումների մարտավարությունը մեր պայմաններում նշանակում է արդյունավետ բարեփոխումներից հրաժարում: Նախկինում, բարեփոխումների անհաջողությունը բացատրվում եմ ոչ թե արագ իրականացմամբ, այլ սխալ ճանապարհների ընտրությամբ կամ ձևական մոտեցմամբ: Միայն վճռական և օպերատիվ քայլերն են ապահովում իրական փոփոխությունները Հայաստանի նման վիճակում հայտնված պետությունում, թույլ են տալիս հաղթահարել դիմադրությունն ու սաբոտաժը: Դանդաղումը բերելու է հանրային ապատիային և գործընթացներում մարդկանց խիստ սահմանափակ ներգրավվածությանը: Իսկ առանց քաղաքացիների շահագրգիռ մասնակցության ոչ մի բան տեղից չի շարժվելու: Արդեն, այսօր մենք ժամանակի ակնհայտ ու անթույլատրելի կորուստներ ունենք: Եթե խոսքը գնում է կոնկրետ դատական բարեփոխումների մասին, արագացումը չի նշանակում հապճեպ որևէ արտասահմանյան մոդելի, մասնավորապես, վեթինգի, ներդնրումն ու կիրառումը Հայաստանում, այլ, հակառակը, եղած ինստիտւտների կտրուկ ակտիվացում, դրանցում բոլոր անհրաժեշտ ֆունկցիոնալ և կադրային փոփոխությունների եռանդուն կատարմամբ: Ներողություն տարրական ճշմարտությունները կրկնելու համար»: