Օխլոկրատիային՝ ամբոխավարությանը, շատ հաճախ հաջորդում է տոտալիտարիզմը՝ ամբողջատիրությունը կամ բռնապետությունը։
Բռնապետական ռեժիմ հաստատվում է այն դեպքում, երբ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները հայտնվում են մեկ մարդու ձեռքում։
Հայաստանում սողացող տարբերակով բռնապետական ռեժիմ է հաստատվում։ Վերջին օղակը դատական իշխանությունն է։
ՍԴ ինքնահռչակ նախագահն իր քայլերով կրկնում է Հիտլերի՝ «ժողովրդական դատարանների պալատ» ստեղծելու գործիքներ Գերինգին ու Հանս Ֆրանկին։
Ռեյսկոմիսար Ֆրանկն էլ էր պալատը ձևավորում «ժողովրդի» անունից՝ Հիտլերի հովանու ներքո, բնականաբար։
Թեև իշխանության ներկայացուցիչների մեկնաբանություններն ի պաշտպանություն ՍԴ «նախագահի» չեն դիմանում որևէ իրավական քննադատության, բայց այդուհանդերձ ներկայացնեմ ՀՀ սահմանադրության այն հոդվածները, որոնք կարգավորում են սահմանադրական դատարանի անդամներին վերաբերող հարցերը։
Եվ այսպես, ՀՀ սահմանադրության անցումային դրույթների 213–րդ հոդվածում նշված է. «Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը եւ անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը եւ Կառավարությունը»։
Իսկ Սահմանադրության 7–րդ գլուխը, որին հղում է արված անցումային դրույթներում, սահմանում է ՍԴ դատավորների ընտրության և գործունեության ընթացիկ կարգը։
Ասել է թե՝ ՍԴ ինքնահռչակ «նախագահը» յուրովի է մակնաբանել անմեկնաբանելին, քանզի 213–րդ հոդվածը երկիմաստություն չի պարունակում։ ՍԴ նախագահը շարունակում է մնալ նա, ով մինչև օրս զբաղեցնում էր այդ պաշտոնը։ ՍԴ անդամները ևս շարունակելու են պաշտոնավարել 213–րդ հոդվածում նշված տարբերակով։
Ի դեպ, ՀՀ սահմանադրության 164–րդ հոդվածի 9–րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները` Սահմանադրական դատարանի որոշմամբ դադարեցվում են անհամատեղելիության պահանջները խախտելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու, առողջական վիճակի պատճառով պաշտոնավարման անհնարինության, էական կարգապահական խախտում կատարելու դեպքերում:
Սա նշանակում է, որ ՍԴ–ի ներկա կազմը ինքնահռչակ «նախագահի» լիազորությունները կարող է իր 100 տոկոսով լեգիտիմ որոշմամբ դադարեցնել, քանզի նա զբաղվում է քաղաքական գործունեությամբ՝ խախտելով ՍԴ անդամին ներկայացվող սահմանադրական պահանջները։
Միայն ԱԺ այսօրվա ելույթն ամբողջությամբ բավարար է ՍԴ նորընտիր անդամին քաղաքական գործունեությամբ զբաղվելու մեջ մեղադրելու և նրան ՍԴ–ից վռնդելու համար։
Քաղաքական ուժերը և իրական քաղաքացիական հասարակությունը պետք է տեր կանգնեն օրենքի գերակայության սկզբունքի պաշտպանությանը և թույլ չտան սողացող ֆաշիզմի հաստատում։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից: