Ի՞նչ է պետք մարդուն, որպեսզի բիզնես ստեղծի, որ ստեղծի ավելացված արժեք կամ ի՞նչ է պետք է, որ ուրիշ մարդկանց օգուտ տա: «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն անդրադարձավ այս հարցերին:
Ըստ նրա՝ դրա համար անհրաժեշտ է երկու բան՝ գաղափար և ֆիզիկական հնարավորություն: Փոխնախարարը խոսեց այն մասին, թե ինչպես է կառավարությունն աջակցելու այս երկու ուղղություններին:
«Ֆիզիկական հնարավորություններն այն է, որ ստեղծվում են երկրի ենթակառուցվածքները, որ յուրաքանչյուր տնտեսվարող ունենա մուտք ցանկացած շուկա, սահմանափակված չլինի, որ մեկ համայնքից մյուսին ապրանքը, ծառայություն մատուցելը չլինի այնքան ծանր, որ մրցակցություն չլինի: Արժեքը ստեղծվում է մրցակցությունից»,- ասաց նա:
Ըստ փոխնախարարի՝ բիզնես գաղափարների համար կառավարության անելիքներ է ապահովել գիտելիք ու տվյալներ: «Օրինակ՝ այս մարդը գտել է, որ գյուղում չկա հացթուխ, որը ճանապարհին կարող է ծառայություն մատուցել և հասկացել է, որ նա կարող է մարդկանց այնտեղ օգուտ տալ, և դա դարձել է բիզնես գաղափար: Սա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ մարդը գիտելիք է ունեցել, իմացել է՝ ոնց թխի հաց և նաև տվյալ, որ տեսել է, որ հոսք կա գյուղում. այս երկուսը միացնելով՝ ստեղծել է բիզնես գաղափար»,- ասաց նա:
Փոխնախարարը շարունակեց, որ կառավարության կողմից չպետք է լինի որևէ խտրականություն որևէ բիզնեսին՝ հատկապես եթե դա մեր երկրի տված օգուտն է միջազգային տնտեսությանը: «Միայն այդպես կլինի երկիրը ուժեղ և կապահովի իր բարեկեցությունը միջազգային հարթակներում: Սա նշանակում է՝ մենք առավելագույնս աջակցելու ենք այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք արտահանում են և ստեղծում են բարիք միջազգային տնտեսական համակարգում: Պետք է ենթակառուցվածքներն ամենալավը լինեն այն համայնքներում, որոնք կարող են արտահանել. ենթակառուցվածքները ճանապարհներն են, գազի, ջրի և այլնի ապահովումը»,- ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ պարզ է՝ բիզնես սկսելը նշանակում է որոշակի ներդրում, իսկ դա իր հերթին նշանակում է ռիսկ: «Կառավարությունը հիմա քննարկում է որոշակի մեխանիզմներ այդ ռիսկերը կիսելու համար, բայց ոչ թե, որ հացթուխը արդեն կա՝ եկեք մի հատ էլ նույնից անենք, որովհետև այդ մարդն արդեն իր ռիսկը կրել է, այլ նորարական ծրագրեր անենք: Բայց նորարական ծրագրեր չի նշանակում անպայման ռոբոտատեխնիկա օգտագործել, աշխարհի մակարդակով նորարարություն անել, հենց հաց թխելը, որտեղ մինչև այդ չէր թխվում՝ արդեն նորարարություն է»,- ասաց նա:
Ավագ Ավանեսյանը շարունակեց, թե հարցը հետևյալն է՝ ոնց անել, որ կառավարությունը չստեղծի խոչընդոտներ այլ բիզնեսների համար: «Տարբերակներից է, որ եթե արտահանելի ծառայության համար է ներդրումը, և այն իրականացվում է նորարարական ձևով, կառավարությունը կարող է առաջարկել որոշակի արտոնություններ, սակայն արդյունքը և ծրագրի իրականացումը կախված է լինելու նրանից, որ չի խանգարի մյուսներին»,- ասաց նա:
Էկոնոմիկայի փոխնախարարն ասաց, որ պետք է անընդհատ երկխոսության մեջ մնան գործարարների հետ. երեկ գործարարների ֆորումին լուրջ անհանգստություններ կային, որ կա կապի խզում, և նախարարությունն արագ քայլեր է ձեռնարկելու այդ խոչընդոտները վերացնելու համար:
Փոխնախարարը խոսեց նաև տնտեսությունում տեղի ունեցող փոփոխությունների մասին: «Փոխվել են խաղի կանոնները, և մինչև այժմ, եթե որևէ վարչարարական խոչընդոտ հնարավոր էր լուծել կոնկրետ մարդուն ինչ-որ բան տալով, այժմ նման հնարավորություն ուղղակի բացակայում է: Սա նշանակում է՝ կան նոր կանոններ, և գործարարներին պետք է աջակցենք, որ այս կանոններին ինչքան հնարավոր է շուտ ընտելանան և արագ ստեղծեն բարիքներ տնտեսության և մեր համար»,- եզրափակեց նա: