Ինչով աչքի ընկավ Մնացականյան-Մամեդյարով վաշինգտոնյան հանդիպումը
Advertisement 1000 x 90

Ինչով աչքի ընկավ Մնացականյան-Մամեդյարով վաշինգտոնյան հանդիպումը

Վաշինգտոնում հունիսի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Հունվարին Փարիզում և ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո որոշում էր կայացվել ԱԳ նախարարների միջև հաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Սա բավական խորհրդանշական էր մի կողմից հավասարակշռության պահպանման, մյուս կողմից երկարատև պասիվությունից հետո ամերիկյան կողմի ակտիվացման առումով:

Վաշինգտոնյան հանդիպումից առաջ՝ դեռևս ապրիլի երկրորդ կեսից, նկատելի էր սահմանային լարվածության աճ, որն ուղեկցվում էր հրադադարի ռեժիմի խախտումների ինտենսիվացմամբ, դիպուկահարների ակտիվությամբ, տարատեսակ զինատեսակների կիրառմամբ և անգամ զոհերով:  Լարվածության աճին նպաստեցին նաև լայնածավալ զորավարժությունները, որոնցից մի քանիսը կրում էին նաև հարձակվողական բնույթ: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը կրկին գործի դրեց ռազմական հռետորաբանությունը. անգամ ՊՆ նախարարի մակարդակով հնչեց պատերազմի սպառնալիք պարունակող կոչեր և հայտարարվեց, որ պատերազմ չսկսելուն խանգարում է միայն միջազգային իրադրությունը:

Ըստ էության, ԱԳ նախարարների հանդիպումից առաջ ձևավորավել էր բավական բարդ իրավիճակ և նման պայմաններում արդյունավետ քննարկումներ ակնկալելն, անշուշտ, իրատեսական չէր լինի: Ավելին, ՀՀ ԱԳՆ-ն հանդիպումից առաջ տարածած հայտարարությամբ բարձրաձայնեց, որ Ադրբեջանի գործողությունները բնութագրվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, և ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ գերակայություններ։

Վաշինգտոնյան հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ընդունած հայտարարության շեշտադրումներից կարելի է ենթադրել, որ ԱԳ նախարարների քննարկումների ժամանակ առաջնային են եղել վերջին զարգացումները և խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձևավորման հարցերը:

Համանախագահները կողմերին կոչ են արել  վերահաստատել հանձնառությունը, անշեղորեն պահպանել հրադադարը և ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից, այդ թվում՝ դիպուկահարների կիրառումից և շփման գծի ու միջազգային սահմանների երկայնքով ինժեներական աշխատանքներ կատարելուց։ Կարելի է ենթադրել, որ հենց դրանք են եղել սահմանային միջադեպերի պատճառները, որոնք հանգեցրել են զոհերի: Այնուամենայնիվ, ցանկալի էր, որ համանախագահների հայտարարությունը պարունակեր հասցեական ձևակերպումներ, ինչպես նաև անդրադարձ՝ Բաքվի ռազմատենչ հռետորաբանությանը:

Վստահության մթնոլորտի վերականգնման առումով բավական կարևոր է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, որոնք ուղղված են ռիսկերի նվազեցմանը և ենթադրում են շոշափելի գործիքակազմ՝ լարվածության կանխման և միջադեպերին արագ արձագանքման համար: Հայտարարության մեջ, օրինակ, հստակ անդրադարձ կա կողմերի միջև հաստատված օպերատիվ ուղիղ կապի օգտագործմանը, ինչը կարևոր ձեռքբերում է, բայց ոչ բավարար:

Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարները   ներկայացրել են իրենց դիրքորոշումը և ակնկալիքները տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ համանախագահների առաջարկված մարդասիրական և անվտանգության միջոցառումների իրականացման առնչությամբ։ Նման միջոցառումները բավական կարևոր են բանակցությունների համար անհրաժեշտ միջավայրի ձևավորման տեսանկյունից և բավական կարևոր է, որ համանախագահներն առավել ակտիվ աշխատեն դրանց (մասնավորապես՝ անվտանգության միջոցառումների) առաջմղման ուղղությամբ:

Ամփոփելով պետք է նշել, որ թեև  ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությամբ Վաշինգտոնում կազմակերպված ԱԳ նախարարների հանդիպումից, օբյեկտիվ գործոններով պայմանավորված, լուրջ արդյունքներ հնարավոր չէր ակնկալել, հանդիպումն ինքնին որոշակի արդյունք էր: Լարվածության ֆոնին նման հանդիպման հաջող կազմակերպումը, տեղի ունեցած քննարկումները, նոր հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունը կարող են նպաստել լարվածության թուլացմանը: 



Նման նյութեր