ՀՀ վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը ցավակցական խոսք է հղել բանաստեղծ Կարինե Աշուղյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացրեցին Աննա Հակոբյանի գրասենյակից:
«Մեծագույն ցավ ապրեցի` տեղեկանալով բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, լավ ընկեր Կարինե Աշուղյանի անժամանակ մահվան մասին: Մեծ է նրա ավանդը հատկապես գրական ու թարգմանչական գործում: Նա բացառիկ գեղեցկությամբ և վարպետությամբ է թարգմանել Մարինա Ցվետաևայի, Աննա Ախմատովայի, Նաթելլա Լալաբեկյանի և այլոց ստեղծագործությունները: Իսկ իր` Կարինե Աշուղյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով` աշխարհին ներկայացնելով հայ ժամանակակից գրական միտքը: Իմ վշտակցությունն եմ հղում Կարինե Աշուղյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին: Կորուստն անդառնալի է, քանի որ մենք կորցրել ենք հրաշալի բանաստեղծի, տաղանդավոր մարդու և լավ ընկերոջ»,-ասված է Հակոբյանի ցավակցական խոսքում:
Կարինե Աշուղյանը ծնվել է 1962 թվականի մարտի 20-ին, Արարատի մարզի Տափերական գյուղում։ Ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետը, Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ասպիրանտուրան: Խմբագրել է «Արարատ» մարզային թերթը (1998-2008), աշխատել է ՀՀ ՊՆ «Զինվոր» պաշտոնաթերթում և որպես լրագրող՝ տարբեր լրատվամիջոցներում։ Գիտական և հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Նրա ստեղծագործությունները լույս են տեսել գրական պարբերական մամուլում և տարբեր ժողովածուներում, թարգմանվել են մի շարք լեզուներով: «Հմայիլներ» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Պարույր Սևակի մրցանակի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով: 2016թ. արժանացել է ՀՀ ՊՆ և ՀԳՄ համատեղ ամենամյա մրցանակի: Մահացել է հունիսի 22-ին: