Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հյուսիսային գյուղերից Հոչանցում հունիսի 23-ին վերաօծվել է 17-րդ դարի երկրորդ կեսով թվագրվող սբ․ Ստեփանոս եկեղեցին։
Վերաօծման կարգը կատարել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Վերաօծմանը հաջորդել է կիրակնօրյա պատարագ։ Եկեղեցու վերականգնման և վերանորոգման աշխատանքներն իրականացվել են «Թուֆենկյան» հիմնադրամի միջոցով։
Պատարագին հաջորդած ելույթի ժամանակ Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել «Թուֆենկյան» հիմնադրամին պատմական եկեղեցուն նոր կյանք հաղորդելու համար։ Վերջինս կարևորել է հայոց եկեղեցու քարոզած քրիստոնեական սիրո և միաբանության կարևորությունը հայրենիքի համար այս պատասխանատու օրերին։ Վարչակազմի ղեկավարը շեշտադրել է նաև այն հանգամանքը, որ Հոչանցի եկեղեցու վերաօծումն ու վերագործարկումը մեծ առումով խորհրդանշում են հայերի վերադարձն ու վերատիրումը ազատագրված տարածքներում։
Միջոցառմանը մասնակցել են Քաշաթաղի վարչակազմի աշխատակիցներ, «Թուֆենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և զարգացման ծրագրերի տնօրեն Անդրանիկ Գասպարյանը, Հոչանցի և հարևան գյուղական համայնքների բնակչությունը։