Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ՀՖՖ հերթական համաժողովի ժամանակ մեծ ելույթով անդրադարձել է ֆեդերացիայի անելիքներին, ֆուտբոլի զարգացման տեսլականին և առաջիկա ծրագրերին:
«Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ստանձնել եմ 2018 թվականի սեպտեմբերի 22-ից, և այդ օրվանից ֆեդերացիայում սկսել է լայնածավալ աշխատանքը, որն արդեն իսկ շոշափելի արդյունքի է բերել: Հայտարարել էի, որ ՀՖՖ մեծ ուշադրություն է դարձնելու մարզերին, և որպես ամենալուրջ ծրագիր, սկսել ենք արհեստական խոտածածկով մարզադաշտերի կառուցումը: Սա մասսայական ֆուտբոլը խթանելու հիանալի միջոց է»,- ասաց ՀՖՖ նախագահը:
Հաջորդ ամիս ֆեդերացիան պատրաստվում է գործարկել մարզադաշտերից 26-ը` Արարատի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում: Հաջորդ 4 ամիսների ընթացքում նախատեսվում է ևս 26 մարզադաշտերի կառուցում: Այս նախագծի վրա ընդհանուր առմամբ ծախսվել է 1,5 միլիոն ԱՄՆ դոլար: Զուգահեռաբար ՀՖՖ սկսելու է աշխատանք հավելյալ 26 մարզադաշտերի ուղղությամբ, որի վրա կծախսվի ևս 750 հազար դոլար: Վանեցյանը հույս հայտնեց, որ ընթացիկ տարվա մեջ կհասցնեն կառուցել նաև հավելյալ դաշտերը:
Անդրադառնալով ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսին` Վանեցյանը փաստեց, որ հունվարից մինչ օրս, ինչ իսպանացին մասնագետն աշխատում է Հայաստանում, տեսանելի են նրա աշխատանքի դրական արդյունքները: «Մի քանի անգամ անձամբ եմ հանդիպել նրա հետ և քննարկել հայկական ֆուտբոլի ապագան և հիմա վստահություն ունեմ, որ մեր ֆուտբոլը լուրջ ապագա է ունենալու: Խինես Մելենդեսի օգնությամբ մենք լուրջ ինստիտուցիոնալ փոփոխություններ ենք անում ֆուտբոլում»,-ասաց նա:
Վանեցյանն առանձնակի ընդգծեց, որ նոր ծրագրերն ավելացնում են ֆինանսական բեռը, սակայն ֆեդերացիան պատրաստ է լուծել այդ խնդիրները: «Մենք լրջորեն աշխատանքներ ենք տանում կանանց ազգային թիմ ստեղծելու ուղղությամբ և կանանց ֆուտբոլի մասսայականությունը դարձրել ենք գերակա ուղղություններից մեկը: Մեծ ուշադրության է արժանանում նաև ֆուտզալը»,-ասաց ՀՖՖ նախագահը:
Ֆեդերացիայի ղեկավարի խոսքով` Հայաստանում զարգացում է ապրում նաև ակումբային ֆուտբոլը, թեպետ առկա են մի շարք խնդիրներ: «Ակումբներից շատերը չեն շտապում ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում: Սա լրջագույն խնդիր է, և մենք այժմ փոխում ենք ենթակառուցվածքները տրամադրելու քաղաքականությունը: Ոչ թե կառուցում և նվիրաբերում ենք ակումբին, այլ համատեղ ներդրումային ծրագիր ենք իրականացնում ցանկացողների հետ»,-նշեց նա:
Վանեցյանը մեծ ոգևորությամբ առանձնացրեց Հայաստանի ընտրանու վերջին երկու հաղթանակները և մասնավորապես ասաց. «Հույս ունենք, որ գրանցած հաջողությունը զարգացում կապրի, և մենք` ՀՖՖ-ն և անձամբ ես, միշտ լինելու ենք ֆուտբոլիստների և մարզիչների կողքին»: