Լեզվի կոմիտեն hուլիսին կգործարկի իր պաշտոնական կայքէջը: Այն կգործի «langcom.am» և «լեզվիկոմիտե.հայ» հասցեներով: Կայքը ծառայելու է որպես կոմիտեի պաշտոնական լրատու և լեզվական հարթակ՝ հագեցած տարատեսակ նյութերով, նույնիսկ խաղերով: Այս մասին «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
«Կոմիտեի կայքում նախ կծանոթանաք նորություններին: Կարող եք գտնել լեզվական խնդիրների հետ կապված մեր հորդորակների, կոչերի ամբողջ պաշարը: Տեղադրված կլինի լեզվական օրենսդրությունը: Դրանից բացի, կլինեն խաղեր լեզվի հետ կապված, հայտնի բառարանների հղումներ և այլն»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը:
Ամփոփելով առաջին կիսամյակի աշխատանքը՝ Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ ստեղծվել է կոմիտեի տարբերանշանը, մշակվել են գունային լուծումներ, դրանց հիման վրա կազմվել են Լեզվի կոմիտեի պաշտոնական ձևաթղթերն ու այցեքարտերը։ Ակտիվ աշխատանք է տարվել թվային տիրույթում։ Կոմիտեի ֆեյսբուքյան էջում մեկ տարվա ընթացքում կատարվել է ավելի քան 700 գրառում, պատասխան է ուղարկվել օգտատերերից ստացված հարյուրավոր նամակների։ Էջի հետևորդների թիվը մոտենում է 22 հազարի: Լրատվամիջոցներին, տեղական ինքնակառավարման և պետական մարմիններին է ուղարկվել երկու տասնյակից ավելի հորդորակ:
«Մեր հորդորակներն արդեն հայտնի են, ճանաչելի, մարդիկ սպասում են: Դրանք ուղարկվում են հարյուրավոր հասցեներով: Հորդորակներով անդրադառնում ենք լեզվական խնդիրներին, հարցերին՝ դրանց վրա սևեռելով հանրության տարբեր շերտերի ուշադրությունը»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը:
Ո՞ր ոլորտներում են ավելի հաճախ լեզվական խնդիրներ լինում: Հարցին ի պատասխան Դավիթ Գյուրջինյանն առանձնացրեց հեռուստառադիո եթերը: Խնդիրներ լինում են և՛ հաղորդումներում, և՛ ֆիլմերում, մուլտերում, նույնիսկ լուրերում:
«Մեր աշխատակիցները հետևում են եթերին և ամփոփագրեր ուղարկում լրատվամիջոցներին: Արձագանք միշտ լինում է՝ դրական և շնորհակալական, թե որքանո՞վ է հետևանք ունենում, դա խնդիր է: Երբեմն տպագրում են, հաղորդում են հորդորակը և հաջորդ անգամ տեսնում ենք նույն սխալը»,-ասաց կոմիտեի նախագահը:
Անդրադառնալով պաշտոնյաների խոսքին՝ Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ մեր պաշտոնյաները հայերեն լավ գիտեն:
«Պաշտոնյաների խոսքի հետ կապված մենք նամակներ ենք ստանում: Կան տեսակետներ, որ այդ խոսքը պետք է լինի կանոններին խիստ համապատասխան, մի մասն էլ կարծում է, որ ժամանակները փոխվել են, լեզուն նույնպես փոխվում է և այլն: Իմ մոտեցումը ոչ մեկի կողմն է, ոչ մյուսի, պետք է իմանալ որտեղ ինչ խոսք հնչի: Եթե ամբիոնի մոտ է, կառավարությունում, եթերում է և այլ նման տեղերում, ապա, այո, խոսքը պետք է լինի կանոններին համահունչ: Եթե մարդն իր անձնական տիրույթում՝ սոցիալական ցանցում է գրառում կատարում, ապա այն անձնական է: Այստեղ վերահսկելիության չափը, մոտեցումը պետք է տարբեր լինի»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը: