Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սեպտեմբերի 21-ին, երբ Երևանի Հանրապետության հրապարակով անցած «Իսկանդեր» համակարգը պատճառ դարձավ, որ Բաքվում սկսվի պարոնոիդալ հիստերիա… Սեփական հասարակությանը հանգստացնելու և համոզելու համար Իլհամ Ալիևը նախ ձեռնակեց տեղեկատվական «արտահոսք», ըստ որի՝ Ադրբեջանն Իսրայելից գնելու է «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային համակարգեր, պաշտպանի Ադրբեջանը «Իսկանդեր»-ի հարվածներից…
Հետո այդ մասին մի պահ լռեցին… Սակայն մի քանի օր է՝ ադրբեջանական ԶԼՄ-ները կրկին էքստազի մեջ են… Հղում կատարելով «The Times of Israel»-ին՝ ալիևյան ԶԼՄ-ները, մեկը մյուսին ձայն չտալով, ուրախությամբ տեղեկացնում են, որ «Երկաթյա գմբեթ»-ները շատ շուտով կհայտնվեն Բաքվում…
Սակայն ազերիների ուրախությունը շատ կարճ տևեց… rusarminfo.ru-ին մեկնաբանելով այս տեղեկությունը՝ ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ, «Национальная оборона» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն բավական վշտացրել է Իլհամ Ալիևին…
«Առավելագույնը, որ կարող է անել «Երկաթյա գմբեթը»՝ կասեցնել ինքնաշեն հրթիռների թռիչքը… Իսրայելը այդ համակարգերը կիրառել է պաղեստինցիների կողմից հրեական պետության տարածքների ռմբակոծումն ինքնաշեն հրթիռներից պաշտպանելու համար… «Երկաթյա գմբեթ»-ը ոչ միայն չի կարող կասեցնել «Իսկանդեր»-ի, այլև նորմալ գործարանային պայմաններում արտադրված հրթիռների թռիչքը… Հետևաբար, այդ համակարգերը արդյունավետ չեն, քանի որ նրանք նախատեսված չեն օպերատիվ-տակտիկական հրթիռների դեմ պայքարելու համար…»,- ասել է Կորոտչենկոն…
Ի.Կորոտչենկոյի այս մեկնաբանությանն ալիևյան ԶԼՄ-ներն արձագանքել են փողոցային վիրավորանքներով՝ փորձելով համոզել սեփական հասարակությանը, որ Կորոտչենկոն կոմպետենտ չէ…
Սակայն Կորոտչենկոյի կարծիքը «Երկաթյա գմբեթ»-ի պահով կիսում է ևս մեկ ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը,որը հոկտեմբերի սկզբին ադրբեջանական կայքերից մեկին մեկնաբանելով Բաքվի կողմից այդ համակարգերի գնման լուրը և նրանց «հակաԻսկանդեր»-յան հնարավորություններն ասել էր. «Երկաթյա գմբեթ»-ը շատ լավ համակարգ է, սակայն դժվար թե կարողանա պահել «Իսկանդեր»-ների հարվածները… «Իսկանդեր»-ից բաց թողնված բալիստիկ հրթիռները չեն բարձրանում մթնոլորտի վերին շերտեր, այլ թռչում են հարթ հետագծով… Ի շնորհիվ այդ հատկությանը հրթիռը կարող է խուսափել թակարդներից… Հաշվի առնելով այդ հատկությունները հակահրթիռային համակարգերին դժվար է ոչնչացնել դրանք…»:
Ռուսաստանցի փորձագետների կարծիքները,որոնք սառը ցնցուխ էին Ալիևի համար, դուր չեն եկել պաշտոնական Բաքվին,որն ամեն գնով փորձում է «քանակի»հաշվին «հաղթել» Հայաստանին և Արցախին…
Հ.Գ. Պաշտոնական Բաքուն ունի մեկ տարբերակ համոզվելու, որ իր կողմից գնվելիք «Երկաթյա գմբեթ»-ը ծակվելու է… Նոր պատերազմի սանձազերծելու դեպքում ՀՀ-ն առանց երկար մտածելու «Իսկանդեր»-ով կբամփի Ալիևի «տաք գլխին», որ իր հայրիկի՝ Հեյդար բաբայի նման երկար հիշի հայերից ստացված «ապտակը»…»: