Մեկնարկել է ամառային զորակոչը. առաջին նորակոչիկներին հանդիպել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը
Advertisement 1000 x 90

Մեկնարկել է ամառային զորակոչը. առաջին նորակոչիկներին հանդիպել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը

Հայաստանում այս տարվա ամառային զորակոչը մեկնարկել է հուլիսի 1-ին. պարտադիր զինվորական ծառայության են մեկնել այս զորակոչի առաջին նորակոչիկները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատուների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը եղել է զորակոչիկների դիմավորման ու ընդունման կետում, բուժզննման, հանդերձավորման սենյակներում և վիճակահանության սրահում, դիտարկել հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության իրականացման կարգը:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է նաև զինակոչիկների ծնողներին, հետաքրքրվել նրանց սպասելիքներով և տրամադրվածությամբ, շնորհակալություն հայտնել պատրաստակամ ու հայրենասեր զավակներ մեծացնելու համար:

«Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով»,- նշված է հաղորդագրության մեջ: