Հեքեքյանը վարչապետին խորհուրդ է տալիս հայտնի ասացվածքը դեռ «չուղարկել թանգարան». armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հեքեքյանը վարչապետին խորհուրդ է տալիս հայտնի ասացվածքը դեռ «չուղարկել թանգարան». armeniasputnik.am

Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ժողովրդական խոսքը՝ «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը», պետք է ուղարկել թանգարան: Սակայն «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը խորհուրդ է տալիս վարչապետին սպասել ու այն չուղարկել թանգարան, քանի որ այդ խոսքն իրենց դեռ վերաբերում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տիգրան Հեքեքյանը:

«Արամի 23-ում հուշարձան-շենքի ամրակայման ու պահպանման խնդիրը կամ իշխանության մեջ հայտնվածներն ի զորու չեն լուծել, քանի որ սխալ տեղում են, ուղղակի աթոռ են զբաղեցնում, կամ ի զորու չեն, քանի որ հայտնվել են սարդոստայնի մեջ, կամ էլ՝ իրենց թույլ չեն տալիս քայլեր անել: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ անընդհատ հայտնում են, թե Արամի 23-ի հարցն օր առաջ պետք է լուծվի, սակայն, եթե այդքան կարևոր է այն լուծելը, ինչո՞ւ են քնած»,- ասաց նա:

Հեքեքյանի խոսքով՝ իրենք այժմ անելանելի վիճակում են հայտնվել, քանի որ մեկ տարի է անցել, ինչ փլուզվել է Արամի 23-ը և առ այսօր ոչինչ չի արվել:

Հեքեքյանը նշում է, որ Արամի 23-ի ամրակայման հարցով իրենք քաղաքապետարան նախագիծ էին ներկայացրել, իսկ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը դեռ մեկ ամիս առաջ ապատեղեկատվություն էր տարածել` հայտարարելով, որ իրենք արդեն իսկ հաստատել են այն, ստորագրել նախագիծը: Սակայն, Հեքեքյանի խոսքով, քաղաքապետարանը դեռ նոր-նոր է իրենց պատասխանել: «Հունիսի 24-ին մեզ պատասխանել են՝ հունիսի 6-ին մակագրված նամակով, որ, այո, թույլատրում են նախագիծը կյանքի կոչել: Սակայն մեր գրած նամակից անցել էր երեք ամիս, և իտալական «Ի Էմ ՍԻ» ընկերությունը, որը համաձայնվել էր ֆինանսավորել այն, արդեն չի կարող մեզ հետ համագործակցել, քանի որ մեզ հետ համագործակցելու պայմանագրի ժամկետը մայիսի 31-ին արդեն լրանում էր»,–ասաց նա։

Հեքեքյանը նշեց նաև, որ 13 հիմնարկի են նամակներ գրել ու արդեն մի ամբողջ խուրձ նամակներ ունեն կուտակած:

Նա հայտնեց, որ Արամի 23-ի բակային մասում շենքի վրա ճաք կա, և շենքի` կանգուն մնացած մասն էլ շուտով քանդվելու է:

Sputnik Արմենիան պատասխանի համար դիմել է նաև Երևանի քաղաքապետարան։ Պատասխան ստանալուն պես, կհրապարակենք նաև նրանց տեսակետը։

Հիշեցնենք, որ դեռ փետրվարի 8–ին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ Արամի 23–ի շենքը կվերականգնվի։

«Երևանի քաղաքապետարանում քիչ առաջ ստորագրվեց Արամի 23 հասցեում գտնվող պատմաճարտարապետական հուշարձան շենքի ամրակայման, վերականգնման և մասնակի բարեկարգման աշխատանքների նախագծման աշխատանքների վերաբերյալ պայմանագիրը»,- գրել էր նա։

Հիշեցնենք` «Հին Երևան» նախագծի շրջանակում 2017 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի մարտ ամիսը Երևանի Արամի փողոցում աշխատանքներ էին իրականացվում, որոնց ժամանակ խախտվել է պատմամշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման մասին օրենքը։ Մասնավորապես, 11 մետրանոց փոս է փորվել, որը նորմերին չի համապատասխանել։

armeniasputnik.am