«Արալեզ» բրենդին՝ Հայաստանի նոր այցեքարտ. vnews.am
Advertisement 1000 x 90

«Արալեզ» բրենդին՝ Հայաստանի նոր այցեքարտ. vnews.am

Օրերս «Voskevaz Wine Time»-ում տեղի ունեցավ «Արալեզ» բրենդի մրգօղիների շնորհանդեսը։ Անուշաբույր և դյուրըմպելի բրենդիի շնորհանդեսն անցնում էր բավականին ջերմ և հետաքրքիր միջավայրում․ կենդանի ջազային երաժշտություն՝ Վահագն Հայրապետյան բենդի նվագակցությամբ, հյուրասիրություն՝  հայտնի և սիրված  հյուրերի ներկայությամբ։

«Արալեզ» բրենդիի հեղինակն ու հիմնադիրը Խաչատրյանների ընտանիքն է։ Բրենդի  արտադրելու գաղափարն առաջացել է գրեթե յոթ տարի առաջ։ Սակայն նախաձեռնությանը կյանքի է կոչվել միայն «Թավշյա հեղափոխություն»-ից հետո։ VNews.am-ի հետ զրույցի ժամանակ ընկերության տնօրեն Վիլեն Հակոբջանյանը պատմեց, որ երկար մտածելուց հետո բրենդիի համար խորհրդանշական անուն են ընտրել՝ «Արալեզ»։ «ԱՐ նշանակում է Աստծո ժողովուրդ, իսկ Արալեզը գեղեցիկ և կարևոր նշանակություն ունեցող առասպելական կենդանի է, որը հայտնի է Արա Գեղեցիկի և Շամիրամի մասին ասքից» ,- մեզ հետ զրույցում ասաց Վիլեն Հակոբջանյանը։

«Արալեզ»-ի հիմնական արտադրանքը մրգային բրենդիներն են։ Արդեն իսկ պատրաստվում է ինը տարբեր մրգերից ստացվող բրենդի․ հոն, ծիրան, տանձ և վայրի տանձ, սև,  սպիտակ թութ և այլն։ Տեսականու մի մասը հնեցվում է կաղնու տակառների մեջ։ Արտադրողները խոստանում են, որ աշնանը կլինի նաև կալվադոս և գրապպա։

Արտադրական գործընթացի մասին խոսելիս Վիլեն Հակոբջանյանը պատմեց, որ այն երկար ժամանակ ու մեծ ջանքեր պահանջող աշխատանք է։ Նախևառաջ մթերում են միրգը, հատուկ սարքավորումներով կորիզազրկում, ապա՝ ստանում են մրգի խյուս։ Խմորման ընթացքում ավելացվում է խմորասունկ և բնական մեղր՝ շաքարավազի փոխարեն։ 10-14 օր խմորման ավարտից հետո, սկսում են թորման, ապա ֆիլտրման գործընթացը։ Այս ամենից հետո, 14-20 օր ստացված սպիրտը թողնում են հանգիստ, ապա նոր միայն ջրով բացում և շշալցնում։

Արտադրությունն իրականացնում են գերմանական «SCHNAPPS» հատուկ խմիչքի համար նախատեսված սարքավորումներով։ Օգտագործվում է գերմանական լավագույն թորման գործիքը՝ «Christian Carl», ֆիլտրման գործիքները նույնպես գերմանական են։ Խմիչքի տակառները ներմուծում են Ֆրանսիայից՝ «Alter oak» ընկերությունից։

Մրգօղու բրենդինգով զբաղվել է իսպանական «Seriesnemo» ընկերությունը։

Բրենդիի և օղու տարբերության մասին խոսելիս Վիլեն Հակոբջանյանը բացատրեց․ «Եթե «brandy»-ի հայերեն թարգմանությունն օղի է, ապա ոչնչով այն չի տարբերվում, սակայն եթե օղի ասելով նկատի ունենք «vodka», այդ դեպքում ակնհայտ տարբերություն կա․ մեր արտադրանքը միայն մրգերից է, իսկ «Vodka»-ն ստանում են հացահատիկի և կարտոֆիլի սպիրտից»,- ասաց «Արալեզ Բրենդի»-ի տնօրենը։

Այս պահին արտադրանքի հիմնական շուկան Հայաստանն է, սակայն մոտ ապագայում «Արալեզ»-ի մրգօղիները կարելի է գտնել նաև Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի Դաշնությունում, Եվրոպական այլ երկրներում։

«Արալեզ» բրենդին ընտանեկան բիզնես է։ Արտադրության հեղինակները հստակ մեկ նպատակ ունեն․ «Արալեզ» բրենդին դանձնել նոր Հայաստանի կարևոր այցեքարտերից մեկը։

vnews.am