Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ:
Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Մահացել է պատանեկությանս ու երիտասարդությանս տարիների մեր կուռքերից մեկը՝ լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը:
Հայկական ֆուտբոլի պատմության մեջ նա լավագույններից էր, լեգենդար մարզիկների մեջ՝ առաջիններից, հարձակվողի դիրքում խաղացողների մեջ՝ ինքնատիպներից մեկը:
Սարգիս Հովիվյանը մեծ ներդրում ունի հայրենական ֆուտբոլի զարգացման մեջ թե՛ որպես մարզիկ և թե՛ որպես մարզիչ:
Խոնարհվում եմ Սարգիս Հովիվյանի տաղանդի ու հիշատակի առաջ:
Ցավակցում եմ նրա ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը»,- ասված է ՀՀ նախագահի ուղերձում: