Արարատի մարզի Ոսկետափ համայնքում հուլիսի 10-ին կազմակերպվել էր դաշտային սեմինար՝ ֆերմերներին լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի պիլոտային ծրագրի մանրամասներն ու ընթացիկ արդյունքները ներկայացնելու նպատակով։
Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սեմինարին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղոլորտի պատասխանատուները, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀՀ կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՀՀ ԿԵ ՍԱՏՄ) ներկայացուցիչները։
Ծրագրի նպատակն է Արարատի Ոսկետափ և Արմավիրի Ակնալիճ համայնքների 10 հեկտար տարածքում իրականացնել ցեցի դեմ պայքարի միջոցառումներ և գնահատել դրանց արդյունավետությունը:
Ծրագիրն իրականացվում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցով, որը հանդես է գալիս որպես խորհրդատու: Ծրագրի շրջանակում վերը նշված երկու համայնքի դաշտերում տեղադրվել են ցեցի ֆերոմոնային թակարդներ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում դիտարկել ցեցի հասուն առանձնյակների առկայությունն ու զարգացման դինամիկան։ Այդ տվյալների հիման վրա ծրագիրն իրականացնող գիտնականները մշակում են վնասատուի դեմ արդյունավետ պայքարի համալիր միջոցառումների ժամանակացույց:
Սեմինարի ընթացքում նախարարության Այգեգործության զարգացման և բույսերի պաշտպանության բաժնի պետ Կարինե Եսայանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը հանգամանորեն ներկայացրել են ցեցի դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցներն ու դրանց կիրառման ժամկետները, անդրադարձել վերոնշյալ համայնքներում վերջերս իրականացված մշտադիտարկման արդյունքներին:
Կարինե Եսայանը մասնավորապես նշել է, որ ցեցի դեմ պայքարի միջոցառումները պահանջում են համալիր մոտեցում և շահագրգիռ բոլոր ֆերմերների ներգրավում: Արմենակ Տեր-Գրիգորյանն իր հերթին ընդգծել է, որ թեև անհնար է հարավամերիկյան ցեցն իսպառ վերացնել, սակայն ժամանակին համապատասխան միջոցառումներ իրականացնելու պարագայում հնարավոր է վերահսկել և կանխել վնասատուի բազմացումը, որպեսզի բերքին մեծ վնասներ չհասցվի:
Միջոցառման մասնակիցներին տրամադրվել են խորհրդատվական-տեղեկատվական գրքույկներ, որոնցում մանրամասն նկարագրված են հարավամերիկյան ցեց վնասատուի զարգացման փուլերը, վնասներն ու ախտանիշները, ինչպես նաև պայքարի բարձր արդյունավետություն ապահովող քիմիական, կենսաբանական, ագրոտեխնիկական և մեխանիկական միջոցառումները:
Առաջիկայում դաշտային մեկ այլ սեմինար կկազմակերպվի Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում: