Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում այցելել է Հայդելբերգի համալսարան, որը Եվրոպայի հնագույն համալսարաններից մեկն է և աշխարհին Նոբելյան բազմաթիվ մրցանակակիրներ է տվել։ Նախագահը հանդիպել է Գերմանիայի հնագույն համալսարանի ղեկավարության՝ մասնավորապես ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Բերնհարդ Այթելի հետ, ծանոթացել բուհի իրականացրած կրթական ծրագրերին, քննարկել հայաստանյան կրթական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները։
Հայդելբերգի համալսարանի գրադարանում ծանոթանալով այնտեղ պահվող միջնադարյան գրքերի, դրանց պահպանման աշխատանքների հետ՝ Արմեն Սարգսյանը ներկայացրել է Երևանի «Մատենադարան» հնագույն ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հարուստ գործունեությունն ու փորձը և ընդգծել, որ երկու կառույցները համատեղ կարևոր ծրագրեր կարող են իրականացնել։
Օրվա ավարտին Հայաստանի նախագահը ելույթ է ունեցել համալսարանի ուսանողների և դասախոսների առաջ։ Իր ելույթում նախագահ Սարգսյանը խոսել է ժամանակակից աշխարհի միտումների, նոր աշխարհում տեխնոլոգիական զարգացման, նորարարության կարևորության մասին։ «Հայաստանը քաղաքակրթությունների խաչմերուկում է, և մենք պետք է այն առերեսվենք իրականությանը, որ կանգնած ենք տարբեր քաղաքակրթությունների, ճակատագրերի, հավատալիքների ու գաղափարների, կրոնների սահմանին,- նշել է Արմեն Սարգսյանը:
Հիմա՝ 21-րդ դարում, աշխարհը փոխվում է դրամատիկ կերպով։ 21-րդ դարը լինելու է մի դարաշրջան, երբ գիտության, տեխնոլոգիաների և կրթության նոր ուղիների շնորհիվ հայտնագործությունների հանդեպ ոգևորությունը հսկայական է լինելու, և դա անդրադառնալու է նոր աշխարհի հանրային ու քաղաքական կյանքի վրա»։
Ամբողջական հոդվածը`aravot.am