
Իջևանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախումների արդյունքում ներկայում բուժհաստատություններում հիվանդանոցային բուժում ստացող անձինք չկան: Նրանք ստացել են առաջին անհրաժեշտ բուժօգնությունը և դուրս գրվել։
Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Հուլիսի 17-ի գիշերը նախարարությունից տեղեկացրել էին, որ Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով այդ պահի դրությամբ Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ։ Տուժողներն անցել են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ։
Վնասվածքները հիմնականում քերծվածքների կամ թեթև սալջարդերի տեսքով են եղել։ Նշվել էր նաև, որ վերջիններս գտնվում են բժիշկների հսկողության տակ, և մի մասը կրկնակի հետազոտությունից հետո դուրս կգրվի։
Հուլիսի 17-ին Իջևանում ճանապարհ փակած քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ, ինչի հետևանքով ոստիկանության ծառայողներ ու քաղաքացիներ են վիրավորվել: Երեկվանից Իջևանում են գտնվում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը և ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ: