«50 տարի անց… Կրկին համշենահայերի մասին». azg.am
Advertisement 1000 x 90

«50 տարի անց… Կրկին համշենահայերի մասին». azg.am

Զրույց համշենագետ Սերգեյ Վարդանյանի հետ:

– Պարոն Վարդանյան, այսօր արդեն անհնար է խոսել Համշենի եւ համշենահայության մասին ու չհիշել Ձեզ: Շատերը նույնիսկ կարծում ենՙ Դուք համշենցի եք: Երբվանի՞ց եք կատարում այդ նվիրական աշխատանքը:

– Ո՛չ, ես համշենցի չեմ, ծագումով վանեցի եմ: Համշենցիների հետ իմ առաջին ծանոթությունը եղել է ուղիղ հիսուն տարի առաջՙ 1969 թ., երբ դպրոցն ավարտեցի եւ մորս հետ գնացինք ծովափՙ մի տասը օր հանգստանալու: Ադլերումՙ այն տանը, որտեղ վարձով մնում էինք, թոշակառու ուսուցիչ էր ապրում: Նրա մոտ տարիքով մարդիկ էին գնում-գալիս, անհասկանալի բարբառով ինչ-որ հարցի մասին ցածրաձայն խորհրդակցում: Մենք հայտնվել էինք երկու աշխարհների բաժանարար գծում, մի կողմում բոլոր հոգսերը մոռանալ ցանկացող, ռուսական էստրադային երգերի բարձր հնչյունների ներքո ծովափին արեւկող պառկած հազարավոր կիսամերկ հանգստացողներն էին, մյուս կողմումՙ հոգսաշատ դեմքերով, ամռան տապին երկարաթեւ վերնաշապիկներով եւ հաստ թղթապանակներով երթուդարձ անող մի խումբ տեղացի հայերը: Պարզվեց, որ Մոլդովկա գյուղում հայկական դպրոց բացելու համար ստորագրահավաք են անում: Մոլդովկա գյուղի մոտ է գտնվում Սոչի-Ադլերի օդանավակայանը, ուր գիշերուզօր երկինք բարձրացող ու վայրէջք կատարող ինքնաթիռների հզոր աղմուկի տակ էին ծնվում, մեծանում, դպրոց հաճախում գյուղի բազմազգ բնակիչներըՙ ռուսները, մոլդավացիները, էստոնացիները, հույներն ու հայերը: 1969 թ. գյուղի 3960 բնակչից 2086-ը հայեր էին, հիմնականումՙ համշենահայեր:

Երեւան վերադառնալուց հետո էլ մտքիցս չէին հեռանում արեւաշող ծովափնյա գյուղում հայկական դպրոց բացելու համար ստորագրահավաք անող այդ ծնողների, գերդաստանների մեծերի ամպամած դեմքերը, նրանց յուրահատուկ բարբառը: Իհարկե, անսովոր էր, երբ մարդուն ասում էին մաշտ, ուտելունՙ ուդուշ, խմելունՙ խմուշ, ու նման բազմաթիվ բառեր, որոնք իսկույն նկատում էին քրիստոնյա համշենահայերի հետ առաջին անգամ շփվողները:

Հետո հարցուփորձով իմացա, որ ի վերջո, 1970 թ. հունվարի 20-ին մեծ դժվարությամբ, Մոլդովկայում բացվել է հայկական դպրոց: Ծնողները չեն ընկրկել, թեեւ շատերին տուգանել էին, վախեցրել աքսորով: Բայց, 1974 թ. սեպտեմբերի 1-ին, երբ տոնականորեն հագնված ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները դպրոց էին գնացել, տեսել էին, որ այն քանդված է: Տեղական իշխանությունները տրակտորով փլուզել էին շենքը: Ես անհուսությունից չգիտեի ինչ անեի, ինչպե՞ս օգնեի Սեւ ծովի հյուսիսային ափերին ապրող այդ հայրենասեր մարդկանց: Ձեռքս ոչ մի ճար չկար:

Եվ ահա, երբ 1978 թ. ընդունվեցի «Պիոներ-կանչ» թերթի խմբագրություն, իսկույն նամակագրական կապ հաստատեցի Կրասնոդարի երկրամասի ու Աբխազիայի հայկական դպրոցների ուսուցիչների եւ աշակերտների հետ: Իսկ երբ իմ նախաձեռնությամբ թերթը սկսեց պատանեկան բանահավաքչական շարժում, նրանց հորդորեցի, որ Համշենի բարբառով նյութեր գրառեն եւ ուղարկեն: Բայց համշենահայ երեխաները ամաչում էին իրենց բարբառով բանահյուսություն ուղարկել, որովհետեւ Հայաստանից հանգստանալու գնացած շատերը նրանց յուրօրինակ խոսվածքը լսելով, տեղի-անտեղի կատակներ էին արել: Նրանք էլ ամաչում էին, ձգտում էին այնպես խոսել, որ արեւելահայերենին նման լիներ: Շատ ջանքեր թափեցի, մինչեւ որ երեխաներին համոզեցի, որ իրենց բարբառը շատ գեղեցիկ է եւ 1979 թ. թերթի ապրիլի, մայիսի, հունիսի, օգոստոսի եւ նոյեմբերի համարներում հրատարակեցի նրանց ուղարկած Համշենի բարբառով բանահյուսության նմուշները:

– Պարոն Վարդանյան, իսկ ե՞րբ եք հրատարակել Համշենի եւ համշենահայերի մասին Ձեր առաջին հոդվածը:

– Հենց նույնՙ 1979 թվականին, «Գրքերի աշխարհ» թերթում: Վերնագիրն էրՙ «Համշենցիների ձայնը»: Անդրադարձել էի 1971 թ. Սերո Խանզադյանի կազմած «Ձայն համշենական» ժողովածուի առաջին գրքին եւ Ադլերում բնակվող երկարամյա մանկավարժ, գրող եւ բանահավաք Անդրանիկ Զեյթունյանի 1979 թ. կազմած երկրորդ գրքին: Նույն թեմայով մեկ տարի անց «Գարուն» ամսագրում գրախոսական տպագրեցի: Իսկ 1981 թ. իմ հրատարակած «Հրեղեն ձին» բանահյուսական ժողովածուում ընդգրկեցի նաեւ Համշենի բարբառով նյութերը: Հաջորդը «Գարունում» 1982 թ. լույս տեսած իմ «Համշենցիներըՙ ծանոթ եւ անծանոթ» ուղեգրությունն էր: Պատմում էի 1981թ. Մոլդովկայի դպրոցի հայկական բաժին իմ այցելության, ընդհանրապես Կրասնոդարի երկրամասի եւ Աբխազիայի համշենահայերի գյուղերում իմ շրջագայության, հայկական դպրոցների փակման մասին: Հոդվածը մեծ արձագանք ունեցավ: Ինձ քանիցս կանչեցին Նախարարների խորհուրդ: Ի վերջո որոշվեց, որ Հայաստանի մանկավարժական բուհերում տարեկան 32 արտամրցութային տեղ հատկացվի Կրասնոդարի երկրամասի, Ռոստովի մարզի եւ Աբխազիայի հայ շրջանավարտներին: Այսօր Աբխազիայի 24 հայկական դպրոցների ուսուցիչներից շատերն այս նախաձեռնության շնորհիվ Հայաստանում ուսում ստացածներն են:

Հայաստանի կառավարության դրական արձագանքին նպաստել էր նաեւ այն, որ սփյուռքի շատ թերթեր արտատպել էին հոդվածս եւ մեկնաբանություններ գրել: Այդ մասին ես հետո իմացա, երբ ինձ հրավիրեցին «Գլավլիտ»ՙ գրաքննության պետական հիմնարկ, եւ հարցրեցին, թե 1983 թ. մարտին Բեյրութի «Զարթօնք» թերթում արտատպված հոդվածս ո՞ւմ միջոցով եմ ուղարկել եւ ինչո՞ւ եմ հոդվածի վերեւում այսպիսի վերտառություն ավելացրելՙ «Ուղեգրական նոթեր «Ներքին» սփիւռքէն»: Ասում էին, որ ներքին սփյուռք չի կարող լինել, քանի որ Խորհրդային Միությունը ընդհանուր պետություն է: Այն ժամանակ «Զարթօնքի» գլխավոր խմբագիրը Հակոբ Ավետիքյանն էր, հավանաբար ինքն էր ավելացրել, եւ արդեն երեք տասնամյակից ավելի շրջանառվում է «ներքին սփյուռք» եզրույթը: (*)

– Ըստ էության, Դուք համշենցիներին Հայաստանին կապող օղակն էիք, ինչպե՞ս էիք կարողանում օգնել նրանց:

– Համշենցի ուսանողները ցանկացած խնդրով դիմում էին ինձ, ես էլ երեսունմեկ տարեկան երիտասարդ էի, եւ դժվարանում էի բոլոր հարցերին լուծում տալ: Մեկին գումար էր պետք, մեկինՙ վարձով տուն, մեկինՙ գրքեր, մյուսը պիտի վիրահատվեր… Իմ ուսերին մի մեծ հոգս էր դրվել, ես էլ, ստիպված, օգնության համար դիմում էի Երեւանում ապրող համշենահայերինՙ ՆԳ պահեստի մայոր Միխայիլ Մինասյանին, Կույրերի միավորման նախագահ Աբել Հակոբյանին, լրագրող Կարլ Յալանուզյանին, դերասան Մայիս Ղարագյոզյանին, գինեգործ Գեղամ Սնապյանին, սրտաբան Ալեքսան Կալայջյանին, մատենագետ Սաթենիկ Գեջյանին, զինվորական մայոր Անդրանիկ Մաթուլյանին, իրավաբան Անդրանիկ Քեշիշյանին եւ ուրիշների:

Տարիներ շարունակ այստեղի համշենցիները հաղթանակին կամ կանանց նվիրված տոն օրերին հավաքվում էին մի որեւէ ռեստորանում: 200-300 մարդ էր լինում: Գալիս էին նաեւ Երեւանում սովորող ուսանողները, հյուրեր Սեւ ծովի ափերից: Դա լավ առիթ էրՙ ազգային թեմաներին անդրադառնալու, որովհետեւ ԽՍՀՄ-ում հավաքներին շատ ուշադիր էին հետեւում, եթե ծնունդ, հարսանիք չէր, ուրեմն արդեն իսկ կասկածելի էր: Քեմենչեի հնչյունների ներքո համշենահայերն իրենց շուրջպարերն էին պարում: Այն ժամանակ համշենահայության հայացքը դեպի Հայաստան էր ուղղված: Շատ-շատերը երազում էին գալ Հայաստանում սովորել, ապրել ու աշխատել, հիմա, ցավոք, այդ հայացքը Հայաստանից շեղվել է, դա մեր մեծ կորուստն է:

-1992 թ. ստեղծվեց «Համշեն» հայրենակցական միությունը, որի փոխնախագահ ընտրվեցիք Դուք:

– Առ այսօր փոխնախագահն եմ: Մինչ այդ մի քանի հոգով «Լույս Համշենի» անվամբ թերթ էինք հրատարակում, որի 2000 տպաքանակն ուղարկում էինք Սոչիի «Սեւան» միությանըՙ անվճար բաժանելու: Երբ 1992 թ. օգոստոսին սկսվեց վրաց-աբխազական պատերազմը, Հայաստանում ապաստանեցին շուրջ 150-200 աբխազահայեր: Ես Կրոնի գործերի պետխորհրդի փոխնախագահն էի, արդեն որոշ հնարավորություններ ունեի, դիմում էի մեր եկեղեցիներին, կրոնական, բարեգործական կազմակերպություններին: Ավելի քան 100 մարդ իրենց եւ ընտանիքների համար օգնություն ստացավՙ սննդամթերք, հագուստ: Մարդիկ հացի քարտեր չունեին, շատ դժվար էր կյանքը: Այդ ծանր օրերին դիմեցի Սիլվա Կապուտիկյանին, որ միշտ հետաքրքրվում էր համշենահայերով եւ նա 20.000 ռուբլի տվեց: Աբխազահայ փախստականներին օգնելու մասին ես երկու անգամՙ 1992 թ. նոյեմբերին եւ 1993 թ. մարտին, պատմել եմ «Ազգի» ընթերցողներին:

-1984 թ. Դուք Ղազախստանում, Ղրղզստանում ու Ռուսաստանում հայտնաբերել եք իսլամացած համշենահայերի բնակավայրեր, խնդրում եմ պատմեք այդ մասին:

– Երբ 1984 թ. ես նրանց մոտ գնացի, իհարկե, դա նրանց համար խաղաղ լճի կամ ճահճի մեջ քար գցելու պես մի բան էր, բոլորը զարմացած էին, ամենուրեք հետաքրքրություն էր: Ես ինձ հետ Հայաստանի մասին ռուսերեն գրքեր, հայերեն ձայնապնակներ, գեղեցիկ բացիկներ էի տարել: Նրանցից շատերը ցանկացան Հայաստան գալ, որովհետեւ ապրում էին ղազախների, ուզբեկների, ղրղզների հետ, բայց տարբեր էին ամեն ինչովՙ լեզվով, բարքերով, արտաքինով եւ այլն: Նրանց մոտ մեծ շարժում սկսվեց: Այդ նույն տարվա դեկտեմբերին Ղազախստանից երկու հոգի եկան, որպեսզի շրջեն Հայաստանում ու տեղափոխվեն այստեղ: Իրենց հետ բերել էին 47 ընտանիքի դիմումՙ Հայաստան տեղափոխվելու խնդրանքով: Սերո Խանզադյանի հետ դիմեցինք Նախարարների խորհուրդ, բայց ցավոք, բանավոր մերժում ստացանք: Ինձ ցայսօր անհայտ է պատճառը, մանավանդ, որ այն ժամանակ նյութական խնդիր չուներ պետությունը, գրչի շարժումով կարող էր գյուղեր տեղափոխել:

1987-ին կրկին շրջեցի Կենտրոնական Ասիայում: 1944-ին Աջարիայից աքսորված այդ կրոնափոխ համշենցիներից հավաքածս բանահյուսությունը տպագրեցի երկու տարի անցՙ «Ձայն համշենական» երրորդ գրքում: Երգերը հրատարակել էի նոտաներով, երեւի նաեւ դա նպաստեց, որ որոշ երաժշտախմբեր ու անհատներ սկսեցին երգել: Ամենահայտնին «Նորհարս» երգն է, որը ստամբուլաբնակ համշենցի երգչուհի Այշենուր Քոլիվարը 2008-ին մեր տանը լսեց, շատ հավանեց եւ երաժշտական գեղեցիկ ձեւավորմամբ երգում է աշխարհի բեմերում: Վերջերս Յութուբում տեսա, որ վրացական «Սամիդա» (թարգմ.ՙ երեք քույր) անսամբլը եւս բարբառով շատ լավ երգում է այդ երգը: Բայց, ցավոք, չնշելով ասացողի կամ գրառողի մասին որեւէ բառ: Եթե մեր հայերը չեն նշում, վրացիներից ի՞նչ նեղանամ:

– Դուք նաեւ Թուրքիայում եք կրոնափոխ համշենցիների գյուղեր հայտնաբերել, որտե՞ղ են գտնվում, որքա՞ն է նրանց թիվը:

– Եթե «հայտնաբերել» բառը ճիշտ էր Կենտրոնական Ասիայի դեպքում, ապա Թուրքիայի իսլամացած համշենահայերի գյուղերի մի մասն ինձանից առաջ արդեն որոշ չափով հայտնաբերված էր: Ինձ հաջողվել է տեղում ուսումնասիրություններ կատարել ու Արդվինի նահանգի Խոփայի (թուրքերենՙ Հոփա) եւ Բորչքայի գավառների հայախոս համշենցիների գյուղերի ամբողջական ցուցակ կազմել: Ըստ այդմՙ Խոփայի գավառում կա համշենցիների 23 գյուղ ու գյուղակ, Բորչքայի գավառումՙ երեք: 2016 թ. տվյալներով Խոփայի գավառի ու Խոփա քաղաքի 35 հազար բնակիչների կեսից ավելին համշենցի էր, մյուսներըՙ լազեր, թուրքեր եւ այլն, իսկ Բորչքայի գավառի եւ քաղաքի 22 հազար բնակիչներից համշենցի էր շուրջ 2.500-ը: Ամբողջ Արդվինի նահանգի բնակչությունը 170 հազար էր:

Համշենցիների գյուղեր կան նաեւ Թուրքիայի Սաքարյայի եւ Դյուզջեի նահանգներում, բայց ցավոք, այնտեղ եւս հայախոսությունը մեծապես նահանջել է: Ըստ իս, այդ երկու նահանգում կա հայախոս եւ թուրքախոս համշենցիների 12 գյուղ: Թուրքախոս համշենցիների բազմաթիվ գյուղեր կան, բնականաբար, Ռիզեի նահանգում, նաեւ շուրջ երկու տասնյակ գյուղՙ Էրզրումի նահանգում, բոլորը ուծացման ավերիչ սահմանագծին հասած, երբ հայերեն շատ քիչ բառեր ու դարձվածքներ են հիշում:

– Համշենով եւ համշենցիներով հիմա շատերն են հետաքրքրվում, ինչի՞ հետ է կապված դա:

– Հիմա դա մոդայիկ է դարձել, բայց ամեն հետաքրքրություն չէ, որ լավ բանի է հանգեցնում: Օրինակՙ հենց երեկ Վիքիպեդիայի հայկական տիրույթում Համշենի մասին մի նյութ կարդացի «Համշենահայերի ապստամբություն Թուրքիայում» վերնագրով, որը սուտ է: Այդ հոդվածում գրված էՙ իբր 1970 թ. հունվարի 16-ին Թուրքիայի Հանրապետության հյուսիս-արեւելքումՙ պատմական Համշենում (Հոպայում, Արդվինում եւ Օրդուում) համշենահայերը ապստամբություն են սկսելՙ ինքնավարություն ստանալու ու հայ ժողովրդի մաս ճանաչվելու նպատակով: Այդտեղ գրված է նաեւ, որ հազարից ավելի համշենահայ է զոհվել: Պատկերացնո՞ւմ եք, ինչ մեծության զինված ուժերի առկայություն էր պետք, որպեսզի միայն մի կողմից հազարից ավելի մարդ զոհվեր: Այդ նյութը ճշմարտության հետ որեւէ աղերս չունի: Նախՙ պատմական Համշենը Հոպայում, Արդվինում եւ Օրդուում չի, այլՙ Ռիզեի նահանգում, այնուհետեւՙ նման ապստամբություն չի եղել եւ չէր էլ կարող լինել: Այս նահանգների ու գավառների իսլամ համշենահայերի մեծ մասին դեռ պետք է համոզել, որ իրենք հայ են կամ հայկական ծագում ունեն, ինչին շատերը ընդդիմանում են, երբեմն թշնամաբար մոտենում, հակահայկական գրքեր ու հոդվածներ գրում: Հայտնի է, որ Ռիզեում եւ այլ նահանգներում համշենահայեր կան նաեւ «Գորշ գայլեր» կազմակերպության մեջ:

2016 թ. Անկարայում թուրքերեն լույս տեսավ 384 էջանոց մի գիրքՙ «Տափաստանների հեծյալ, քոչվոր համշենցիները» վերնագրով: Հեղինակըՙ Ռեմզի Յըլմազը, ծնվել է Խոփայի գավառի Քեմալփաշայի գյուղախմբում: Անձամբ ճանաչում եմ, զրուցել ենք Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով: Ապրում է Անկարայում: Դա նրա երկրորդ գիրքն է: Երկուսն էլ նվիրված են համշենցի հայերի թյուրքական ծագման ջատագովությանը: Սադրանքների դիմելով ինձ էլ է քննադատել:

2017 թ. Բաքվում ադրբեջաներեն տպագրվեց 404 էջանոց մի ուրիշ գիրքՙ «Մուսուլման հայեր. տարածաշրջանում աշխարհաքաղաքական խաղերի նոր մասնակիցներ» վերնագրով: Հեղինակըՙ Արազ Քուրբանովը, Ադրբեջանի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող է: Ծայրից ծայր հակահայկական գիրք է, որում հեղինակը փորձում է համշենցի հայերին վերագրել թյուրքական եւ ադրբեջանական ծագում, կեղծարարությունների դիմելով քննադատում է նաեւ իմ ուսումնասիրությունները: Ահա, այս հայատյաց հեղինակին Բաքու այցելության են գնում Խոփայի հայախոս համշենցիներից ոմանք, նվեր են տանում Ռեմզի Յըլմազի գիրքը, լուսանկարվում, իսկ Խոփայում էլ գրկաբաց հյուրընկալում են Ա. Քուրբանովին եւ խմբով թեւանցուկ նկարվում ֆեյսբուքում տարածելու համար: Էլ չեմ խոսում Թուրքիայի որոշ կայքէջերի մասին, որոնց աշխատակիցների մեջ կան նաեւ հայախոս համշենցիներ եւ որոնց հիմնական գործը համշենցիների թյուրքական ծագման դեմ գրողներին եւ խոսողներին վարկաբեկելն ու ահաբեկելն է: Ահա, այս է իրականությունը:

Ես նայեցի Վիքիպեդիայի նյութի հղումը. նշված է «Նոյեվ կովչեգ» ռուսերեն թերթի 2014 թ. հունիսի համարներից մեկը: Թերթը լույս է տեսնում Մոսկվայում: Բայց նրանից առաջՙ 2014 թ. ապրիլին, Երեւանի «Նովոե վրեմյա» թերթը հրապարակել է Յալմազ Խեմշինլի (հավանաբարՙ Յըլմազ Հեմշինլի) անվամբ հանդես եկած անձի մեծ հոդվածը, որում ասվում է, որ հեղինակը 200 ծանոթների օգնությամբ հարցում է անցկացրել Թուրքիայի մի շարք նահանգների հյուսիսային գավառներում եւ պարզել, որ այդ վայրերում ապրում է… 3 միլիոն 820 հազար կրոնափոխ համշենցի: Եվ սա այն դեպքում, երբ բոլորին չեն հարցրել, շատերն էլ վախից չեն պատասխանել: Ահա, այս ստահոդ հոդվածում է շրջանառության մեջ դրվել 1970 թ. համշենցիների ապստամբության մասին կեղծիքը: Զարմանալի է, որ նույն թերթը, մի փոքր կրճատելով վերնագիրը, նույն հոդվածը կրկին տպագրել է մեկ տարի անցՙ 2015-ի ապրիլին: Մոսկվայի «Ռուս-հայկական ռազմավարական եւ հասարակական նախաձեռնությունների կենտրոնն» էլ, վստահելով հեղինակավոր թերթին, իր կայքէջում երկու անգամՙ 2014-ին եւ 2015-ին տեղադրել է այս հիմարությունը: Կրասնոդարի երկրամասում բնակվող մեր հայրենակից Գ. Սարոյանն էլ 2015 թ. Կրասնոդարում լույս տեսած հայ ժողովրդի պատմությանը նվիրված իր ռուսերեն գրքում, այդ կայքէջին հղելով, վերապատմում է համշենցիների 1970 թ. ապստամբության մասին հորինվածքը, ակամայից տարածելով այն: Ես այս երկու օրը անպայման տեղյակ կպահեմ Վիքիպեդիայի մեր հարգարժան գործընկերներին, որ չհավատան տպագիր այս աղբյուրներին եւ նյութը հեռացնեն:

Այս ամբողջ պատմության մեջ ամենից տխուրն այն է, որ խելացի, աշխարհի անցուդարձից հասկացող, աշխարհ տեսած, գրագետ մարդիկ այսքան հեշտությամբ են նման հիմար խայծ կուլ տալիս: Լավ, կարելի էր չէ՞ գոնե կասկածել, զանգել ինձ որպես «Ձայն համշենական» թերթի խմբագրի եւ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատողի, հրապարակելուց առաջ խորհրդակցել:

– Ի դեպ, պարոն Վարդանյան, լավ հիշեցրիք, ես ուզում էի Ձեզ «Ձայն համշենական» թերթի մասին հարցնել: Ինչո՞ւ այն չի տպագրվում:

– Իզուր էլ հիշեցրի: Դա իմ ցավոտ տեղն է, որի մասին չեմ սիրում խոսել: Միայն ասեմ, որ 2004 թ. հուլիսից մինչեւ 2018 թ. փետրվարըՙ 13-14 տարի մեն-մենակ հրատարակել եմ թերթը, անվճար բաժանել Հայաստանի եւ սփյուռքի ընթերցողներին, ուղարկել Ռուսաստանի, Աբխազիայի ու Թուրքիայի համշենցիներին: Էլի քանի՞ տարի պիտի այդպեսՙ առանց գոնե մեկ աշխատակցի շարունակվեր: Հիմա ես համշենցիների մասին իմ կիսատ մնացած գրքերի վրա եմ աշխատում: Վերջապես գրում եմ ուղիղ հիսուն տարի առաջ իմ տեսած հայրենասեր այն մարդկանց մասին, ովքեր, ինչպես ասացի, ամռան տապին երկարաթեւ վերնաշապիկներ հագած եւ թղթապանակներն ամուր բռնած, հոգսաշատ դեմքերով տնետուն էին գնում եւ հայկական դպրոց բացելու համար ստորագրություններ հավաքում: Եթե ես չգրեմ, ոչ ոք չի գրի, որովհետեւ նրանց թոռներն ու ծոռները հիմա շատ զբաղված են , ռուսական էստրադային երգերի բարձր հնչյունների ներքո ծովափին արեւկող պառկած հանգստանում են կամ էլ հերթական սրճարանը, ռեստորանը, հյուրանոցն են բացում:

*) Խմբագրի կողմից.- Չգիտեմ առաջինը ո՞վ է օգտագործել «ներքին սփյուռք» արտահայտությունը: Ես այն լսել եւ օգտագործել եմ իմ մեծ ուսուցիչՙ «Զարթօնք» օրաթերթի 33 տարվա խմբագրապետ Գերսամ Ահարոնյանից: Գիտեմ նաեւ, որ 70-ական թթ.ին այդ արտահայտությունը գործածում էր նաեւ «Սփիւռք» շաբաթաթերթի հիմնադիր եւ խմբագիր Սիմոն Սիմոնյանը: Հ. Ա.

azg.am



Նման նյութեր