Հոմեոպատիան Հայաստանում լայն ճանաչում չունի, ինչպիսին այսօր Ռուսաստանում, Ուկրաինայում (կիրառվում է դեռևս 19-րդ դարի 30-ականներից) կամ Հնդկաստանում է վայելում: Թերապևտիկ բուժման այլընտրանքային մեթոդի անվանումը հունական երկու բառերից է ծագում` homoios-նման և pathos- տառապանք: Բառի ծագումնաբանության մեջ էլ թաքնված է հոմեոպատիա ուսմունքի բանալին, ինչը նշանակում է «նմանը նմանով են բուժում» կամ «սեպը սեպով են հանում»: Հոմեոպատիայի հիմնադիրը գերմանացի գիտնական, պրոֆեսոր Քրիստիան Ֆրիդրիխ Սամուել Հանեմանն է, ով 250 տարի առաջ ոչ ավանդական բժշկությունը հարստացրեց մի նոր ճյուղով: Քիմիկոս, բժիշկ, դեղագործ Հանեմանը հանճարեղ անձնավորություն էր, 28 տարեկանում նա արդեն բժշկական գիտությունների դոկտոր էր և տիրապետում էր 7 լեզուների: Երբ 19-րդ դարում Եվրոպայում մոլեգնում էր մալարիայի համաճարակը, այն բուժում էին «Խինա» դեղաբույսով: Հանեմանն այրվելով հետաքրքրությունից, թե դեղաբույսն օրգանիզմում ինչ փոփոխություններ է առաջացնում, խմում է բուժիչ դեղաբույսը և իր առողջ օրգանիզմում հայտնաբերում այն բոլոր ախտանիշները, որ բնորոշ էին այդ հիվանդությանը: Չբավարարվելով «Խինայով» և սեփական օրգանիզմով, նա իր ընտանիքի անդամների և մերձավորների օրգանիզմն էլ է վերածում տարբեր դեղաբույսերի փորձարկումների առարկայի: Հայաստանում հոմեոպատիկ բժշկությունն ունի ընդամենը 15 տարվա պատմություն և արդեն դասվել է պետական մասնագիտությունների շարքին: Երկրաշարժին հաջորդած տարիներին այն մեր երկիր է ներմուծել գերմանուհի, հայտնի հոմեոպատ Սաբինա Ցիմերմանը: «Բնական աղետից տուժած հայ ժողովրդին սատար կանգնելու նպատակով նա անձամբ եկավ Հայաստան, քանի որ հոմեոպատիկ բուժման համար առաջնային են ինչպես դեղերը, այնպես էլ բժշկի գիտելիքները»,- ասում է Միջազգային հոմեոպատների հայկական ասոցիացիայի նախագահ, «Էրեբունի» ԲԿ Հոմեոպատիկ ծառայության պետ Մարիամ Ղարաբաղցյանը: Մի շարք հոմեոպատներ կանխատեսել են, որ 21-րդ դարում հոմեոպատիան կարող է դառնալ թերապևտիկ բուժման հիմնական ուղղություն, որն իր ողջ պատմության մեջ թևակոխել է և՛ իսպառ մոռացության, և՛ վերելքի ժամանակաշրջան: «Ցանկացած ոք ծանոթանալով հոմեոպատիային, չի կարող հակադրվել բժշկության այդ ճյուղին: Ավելին, 19-20-րդ դարերից սկսած, շատ բժիշկներ նպատակադրվելով հոմեոպատիայի դեմ հակաթեզ պաշտպանել, ուսումնասիրել են այդ գիտությունը և դարձել աշխարհի լավագույն հոմեոպատներ»,-ասում է Մ. Ղարաբաղցյանը: Նա իր բազիսային կրթությամբ սրտաբան է, բայց կողմնորոշվել է դեպի հոմեոպատիան: «Դա շատ պատահական ստացվեց, թեև այս կյանքում պատահականություններ չեն լինում: Երբ Ցիմերմանն այցելեց «Էրեբունի» բժշկական կենտրոն, գլխավոր բժիշկն ինձ իբրև անգլերենին տիրապետողի՝ խնդրեց կազմակերպել հիվանդանոցի դասընթացները: Այսպես, ես 15 տարի առաջ առաջին անգամ լսեցի հոմեոպատիայի մասին: Ցիմերմանին լսելուց հետո իմ մեջ հեղաշրջում տեղի ունեցավ, և հասկացա, որ ուզում եմ սովորել այդ գիտությունը: 15 տարի սովորում եմ և կշարունակեմ սովորել, որովհետև դա այն բժշկությունն է, որի դեպքում գիտակցում ես, որ քո դիմաց նստած մարդու առողջությունը կախված է սեփական գիտելիքներից: Եթե դրանք բավարարում են, ապա հնարավոր է օգնել ցանկացած հիվանդի, անգամ թեթևացնել մահամերձի տանջանքները»,- ասում է Մ. Ղարաբաղցյանը:
Մանրահատիկները գործում են ներքին ուժով
Հոմեոպատիկ դեղերը պատրաստվում են բացառապես բնական հումքից (բույսեր` 70% դեպքերում, կենդանի օրգանիզմներ, հանքանյութեր, կենդանիների թույներ, առանձնացված հիվանդածին մասեր) և վաճառվում մասնագիտացված դեղատներում: Հարկ է նշել, որ Հնդկաստանի դեղերի շուկան ներկայումս ողողված է հոմեոպատիկ դեղամիջոցներով, քանի որ նրանց գործող օրենքը չի պահանջում դրանց գրանցում, ինչը թանկ հաճույք է: Ընդամենը Եվրոպայից տոննաներով հումքը ներկրվում է Հնդկաստան, և տեղում պատրաստվում դեղորայքը: Ռուսաստանում նույնպես, մանավանդ Մոսկվայում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել հոմեոպատիկ դեղատների: Հոմեոպատիկ դեղամիջոցների գերակշիռ մասը սպառողին ներկայանում է սպիտակ մանրահատիկներով: Օրինակ, բարձր ներգործությամբ օժտված «սուիս» օրգանական հոմեոպատ դեղամիջոցները, որոնք օրգանիզմում բարելավում են արյան շրջանառությունն ու նյութափոխանակությունը, պատրաստվում են հատուկ պայմաններում բուծված խոզերի օրգաններից և հյուսվածքներից, քանի որ այդ ընտանի կենդանին իր կենսաբանական և քիմիական հատկություններով ամենամոտն է մարդկային օրգանիզմին: Իսկ, ասենք, «Ապիսա» մեղվաթույնից պատրաստված հոմեոպատիկ դեղը ցուցված է ինչպես մեղվի, միջատների խայթոցից առաջացած այտուցների, այնպես էլ տարբեր պատճառներով` ալերգիաների, անգինաների, գլոմերունեֆրիտի ժամանակ: Անկասկած, արցունքահոսությամբ ուղեկցվող գրիպի ժամանակ հոմեոպատն անպայման կնշանակի «Ալյումցեպա» սոխից պատրաստված հեմեոպատիկ դեղը: «Հոմեոպատիան բուժում է այն մարդկանց համար, ովքեր չեն ուզում բուժվել քիմիական դեղորայքով»,- նշում է մասնագետը: Գոյություն ունեն 4000-ից ավելի հոմեոպատ դեղեր, որոնք ունեն 1-ից մինչև միլիոն դոզավորում: Ընդ որում, դրանք տարբերվում են ավանդական դեղաչափավորումներից, օրինակ՝ պիտակի վրա նշագրված T տառը նշանակում է՝ 1/100 հարաբերությամբ նոսրացում, D-ն` 1/10-ի նոսրացում: Հոմեոպատներն այն անվանում են պոտենցիա: «Քանի որ հոմեոպատիկ դեղորայքն այնքան է նոսրացվում, որ բաղադրությունում նվազագույնի է հասցվում նյութական մասը, նրանք (միկրոդոզաները) ազդում են նյութի ներքին էներգետիկ ուժով»,- ավելացնում է բժշկուհին: Հոմեոպատիկ բուժման ենթարկվում են բոլոր տեսակի թերապևտիկ հիվանդությունները, առանց մեծ սահմանափակումների: Այն ցուցված է հատկապես հղիներին, կերակրող մայրերին, նորածիններին, օրգանիզմում չեն առաջացնում կախվածություն, զերծ են թունավորման վտանգից: «Հոմեոպատիայում կա մի այսպիսի տեսություն, որի համաձայն՝ որևէ առողջական խնդիր ունեցող կինը, եթե մինչ հղիությունը բուժվում է հոմեոպատիկ դեղամիջոցներով, միաժամանակ ապագա պտղին էլ է ապահովագրում հիվանդանալու, մինչև անգամ գենետիկ հիվանդությունների վտանգից: Օրինակ, անգինայով կամ թոքաբորբով հիվանդացած հղիներն առանց մտահոգության կարող են ընդունել հոմեոպատիկ դեղեր, քանի որ հոմեոպատիայով բուժվողները բուժվում են առողջ: Ունեցել ենք դեպքեր, երբ մանկական վարակի` կարմրուկի, ջրծաղիկի անմիջական շփման մեջ գտնվող հղիները ստացել են համապատասխան դեղորայք, ձեռք բերել վարակամերժություն և լույս աշխարհ բերել առողջ մանուկ»,- ասում է հոմեոպատը: Հանեմանի ստեղծած հոմեոպատիան կոչվում էր դասական հոմեոպատիա, որի հիմքում խիստ անհատական մոնոթերապիան է: «Դասական հոմեոպատիան պահանջում է դեղի ընտրության խիստ անհատական մոտեցում: Հիվանդի բոլոր գանգատներին ծանոթանալուց և հազարումի հարցուփորձից (անամնեզ) հետո հոմեոպատն ընտրում է միայն մեկ դեղ: Մենք հիվանդի մասին պետք է իմանանք ամեն ինչ` ծննդյան օրվանից սկսած. այդ անամնեզը խիստ տարբերվում է համալսարանում սովորեցրած անամնեզից: Հոմեոպատիան մարդու օրգանիզմը դիտում է իբրև մեկ ամբողջականություն, սակայն մոտեցումը մարդուն խիստ անհատական է, քանի որ աշխարհում ոչ մի մարդ մյուսին նման չէ, ինչպես և ոչ մեկի հիվանդությունը նման չէ մյուսին, եթե նույնիսկ ունեն միևնույն համախտանիշը: Ասենք, անգինայի դեպքում հոմեոպատի համար շատ կարևոր է պարզել, թե հիվանդի կոկորդը ցավում է ա՞ջ, թե՞ ձախ կողմում, թուքը կուլ տալիս թե անկախ դրանից, թարախ կա՞, թե՞ ոչ, եռման ջո՞ւրը, թե՞ սառույցն է հաճելի: Իսկ եթե հիվանդը գանգատվում է հազից, ապա համապատասխան դեղ նշանակելուց առաջ, հոմեոպատը պետք է ճշտի՝ հազում է առավոտվա՞, թե՞ գիշերվա ժամերին»,- մանրամասնում է Մ. Ղարաբաղցյանը: Հոմեոպատիան մեծ հնարավորություն է ընձեռում նաև անբուժելի համարվող մի շարք մաշկային հիվանդությունների (փսորիազ, նեյրոդերմատիտներ), գինեկոլոգիական հիվանդությունների (պոլիկիստոզ, կրծքի մաստոպատիաներ, կիստաներ), վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման համար: «Որոշ քրոնիկ հիվանդություններ հոմեոպատը երաշխավորում է բուժել 1 կամ 2 տարվա ընթացքում: Բուժումն էլ պետք է անցնի այն նույն երկար ճանապարհը, ինչ հիվանդությունն է անցել: Ես գրեթե ամեն օր լսում եմ նեղ մասնագետների տարակուսանքները, թե ինչպես կարելի է օրգանիզմի հորմոնալ խախտումները բուժել ոչ հորմոնալ դեղորայքով կամ թարախային անգինաներն ու թոքաբորբերը` առանց հակաբորբոքային դեղերի»,- հավելում է Մ. Ղարաբաղցյանը:
Նաիրա Մարտիրոսյան
«3 Միլիոն»