Հայաստանում տեղի ունեցավ մի գործընթաց, որը գրեթե բոլորս անվանում ենք թավշյա, անարյուն հեղափոխություն, ուրիշները հակված են այն անվանել իշխանափոխություն, երրորդները՝ այն, ինչ կատարվեց Հայաստանում մեկ տարի առաջ և շարունակվում է ցայսօր, հակված են դիտարկել դավադրությունների տեսության համատեքստում և չեն ուզում պատկերացնել, որ հնարավոր էր այդ, արդեն հայտնի ձևերով՝ փողոց փակել, թմբուկ զարկել, կաթսաներին շերեփներով թխկացնել, բանան ուտել և այլն, վերցնել իշխանությունը։
Բայց փաստը կա, և եթե մի քիչ չալարենք ու նայենք համաշխարհային նորօրյա հեղափոխությունների մեթոդական ձեռնարկները, գունավոր հեղափոխությունների բրուշյուրները, կտեսնենք՝ այո, Հայաստանում կատարվեց այս ամենը և կատարվեց այդ կարգի «դասագրքերի» տառին համապատասխան։
Իսկ սա նշանակում է, որ այդ դասերը սերտողները տարիներ շարունակ նախապատրաստվել են սրան։ Դիցուք, նայեք այսօրվա երիտասարդ պաշտոնյաներին, պատգամավորներին և նրանց ընկերներին՝ հիմնականում նրանք այս կամ այն չափով ազգակցական կապեր, բարեկամական աղերսներ ունեն ամենանախկին՝ ՀՀՇ-ի իշխանության երբեմնի ներկայացուցիչների հետ, նրանք այն սերունդն են, որ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին երեխա են եղել, հենց նոր են ծնվել և, երբ հասունացել են, տանը, բարեկամական շրջանակներում շարունակ լսել են դժգոհություն, որ հեռացրել են իրենց պապաներին, հոպարներին, մորաքույրներին յուղոտ գործերից, որ իրենցից հետո եկածներն արժանի չեն իշխանության։ Բայցև միաժամանակ, ապաշնորհ սեփականաշնորհման և Խորհրդային Հայաստանից մնացած ամբողջ կապիտալը հենց նրանց պապաները և հոպարներն այնպես են բզկտել, մեջ-մեջ արել, որ այդ թալանով կարող էին և ապրեցին շատ երկար, ապրում են նաև այսօր։
Ինչո՞ւ այսքան հեռու գնացի։ Մեկ նպատակով՝ որպեսզի ավելի մոտեցնեմ ձեզ խնդրին, ահավասիկ՝ խնդիրն այն է, որ այսօրվա իշխանավորները հենց այդ գումարներով դրսերում ապրած, դրսերում սովորած և դրսի կյանքին վարժված տղաներ ու աղջիկներ են, ում համար Հայաստանը շուրջ 20 տարի եղել է ատելի, նրանք Հայաստանի Հանրապետությունը 20 տարի շարունակ չեն ընկալել, չեն ընդունել՝ որպես հայրենիք, առհասարակ, հայրենիք զգացողությունն այս նորաթուխ պաշտոնյաները չունեն։ Այո, սովորել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, սովորել են նրբերշիկը վայելել գարեջրով և էլի այլ բաներ, օրինակ, նրանց համար շատ սովորական է եղել, երբ եվրոպական, ամերիկյան քաղաքներում մեգապոլիսներում տեսել են գեյ-շքերթներ, խնդմնդացել են, ուրախացել, ոմանք գուցե և դա համարել են իրենցը։ Այս մասով դեռ շատ հաստատուն պնդում չանենք՝ անմեղության կանխավարկածից ելնելով։ Մեկ բան ակնհայտ է, այս նորերը եկել են և հիմա մեր երկրին վերաբերվում են՝ որպես մի ցանքատարածություն, որտեղ ոնց կուզեն՝ կվարեն ու կցանեն, և չկա այն ձեռքը, որը կբռնի նրանց օձիքից ու կասի՝ հերիք եղավ, սթափվեք։ Առայժմ՝ կարծես չկա։ Ի դեպ, նորերին թվում է՝ իրենք բացառիկ են իրենց կրթությամբ, և հներն անկիրթ էին։ Իրենց ամբողջ պահվածքը խալի լվանալուց, պարգևատրումներից, անկուշտ գործուղումների գնալուց, ամառանոցները բյուջեի միջոցներով վերանորոգելուց, գործարարներին հաթաթաներ տալով ահռելի գումարներ պոկելուց այն կողմ չանցավ։ «Կրթվածության» ևս մեկ ապացույց՝ կայքերից կարդացի լուր այն մասին, որ «Բեռլինում, որտեղ օրեր առաջ տեղի էր ունենում հասարակական տրանսպորտի աշխատողների գործադուլը, անցկացվեց 41-րդ ամենամյա գեյ-շքերթը, որն այս տարի հավաքել էր կես միլիոն մասնակից և հանդիսատես: Բեռլինյան գեյ-շքերթի կարգախոսն էր. «Stonewall 50. Յուրաքանչյուր հեղափոխություն սկսվում է քո ձայնից»: Սա 1969 թվականին Նյու Յորքում տեղի ունեցած ԼԳԲՏ ակտիվիստների խոշոր բողոքների արձագանքն է»:
Եվ անչափ ոգևորված կայքն արձանագրում է նաև․ «Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներից բացի, շքերթին մասնակցել են քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, ընկերությունների և կոնցեռնների ներկայացուցիչներ»։
Փոքրիկ ուղեղային մորմո՞ք է սա, թե՞ ծրագրված, ուղղորդվող և կոնկրետ նպատակ հետապնդող գործընթաց։ Հակված եմ վերջին ենթադրությանը։ Նայեք, թե նույն Բեռլինը, Գերմանիան, այլ եվրոպական երկրներ որքան բնակիչ ունեն, ինչ հնարավորություններ, նայեք, ունե՞ն արդյոք նրանք հարևաններ՝ Ադրբեջանի, Թուրքիայի նման, ունե՞ն այն աշխարահաքաղաքական դիրքը, որն ունի Հայաստանի Հանրապետությունը։ Առհասարաակ՝ ունե՞ն իրենց հողում իրենց ազգային տեսակը և իրենց հայրենիքը պահելու, պահպանելու գերխնդիր։
Նայեք և մտածեք, թե իր «թավշյա հեղափոխությամբ» ո՞ւմ սպանեց Նիկոլ Փաշինյանը, ո՞ւմ է փորձում ոչնչացնել իր «հեղափոխությունն» իրեն իսկ ֆինանսավորողների բոլոր պահանջները մինչև վերջ կատարելու համար։ Ակնհայտ է, Փաշինյանն իր թիմով փորձում է սպանել ամեն ազգայինը, ամեն հայկականը, նրա «հեղափոխականների» բոլոր քայլերն ուղղված են սրան։
Տխրահռչակ «Ստամբուլյան» կոչված համաձայնագիրը դարձել է այսօրվա իշխանությունների իդեա-ֆիքսը, ամբողջ կազմով լծվել են այն վավերացնելու սատանայական գործին և այս ճանապարհին շարունակ փորձում են նախկին իշխանությունների դաշտը քար գցել և մի գլուխ պնդում են, որ այ, իրենք են այն ստորագրել։ Միջազգային պայմանագրերից, համաձայնագրերից թեկուզ մի քիչ հասկացողների համար ակնհայտ է, որ ստորագրելը դեռ վավերացնելը չէ, դա առոչինչ է, եթե վավերացնելով՝ չի մտել օրինական ուժի մեջ։ Այսօրվա իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ սպանում է ամեն լավ բան, որ եղել է նախկինների ժամանակ, սպանելով` սպանում է այն դիվանագիտական արժանապատիվ հարթակը, որին նախկինները հասել են տարիներ շարունակ, խելքով և ջանասեր աշխատանքի շնորհիվ, սպանում են այն բոլոր ձեռքբերումները, որոնց հասել է մեր երկիրն անցած 10, 20 տարիների ընթացքում, սա է պատճառը, որ մեր գործընկեր պետությունների դեսպանները, խորհրդարանական դիվանագիտության հարթակում մեր երկրի օրենսդիր մարմնի հետ աշխատած պատգամավորները, գործադիրների ներկայացուցիչները և դիվանագիտական աշխատողներն իրենց զարմանքն են հայտնում, եթե չասենք՝ ապշահար են այն արագությամբ, որով Հայաստանի այսօրվա իշխանությունը փոշիացնում է նախորդ բոլոր տարիներին ձեռք բերած հաջողությունները, ձեռքբերումները։ Տպավորություն կա, որ այս մարդիկ եկել են իշխանության կոնկրետ սպանությունների ցուցակով, կոնկրետ նպատակով՝ սպանում են նախկինների բոլոր ձեռքբերումները, ոչնչացնում են այն ամենը, ինչ համամարդկային է, ազգային և ինչը ստեղծվել և զարգացել է քարը քարին դնելով, և այս ամենի փորձաքարը «Ստամբուլյան» համաձայնագիրն է։ Վերջերս հայաստանյան գեյերից մեկը ցինիկաբար և ինքնավստահ հայտարարել էր, թե մեկ տարի հետո բոլորն իրենց համայնքի ոտքերի տակ են լինելու։ Դատեք ինքներդ, թե սրանով, այս համայնքին օրենքի ուժ տալով՝ ինչն է սպանում Նիկոլ Փաշինյանը։ Եթե կարճ՝ ապա փորձում են սպանել մեր ազգային նկարագիրը, որը դարերի մեջ եղել է այն պահապան ուժը, որ ցեղասպանվելուց, արտագաղթելուց, կոտորվելուց հետո անգամ հառնել է և պահպանվել, պահպանել հային՝ որպես ազգ, որպես ժողովուրդ, որն ունի հայրենիք և պետություն։
Նիկոլ Փաշինյանի կատարած սպանությունների շղթան սրանով չի ավարտվում, այսօր ԱԺ դահլիճում նստած են մարդիկ, ովքեր ամեն օր, ամեն իրենց խոսքով սպանում են կայացած երկիրը, մեր պետականությունը։ Ուրիշ ի՞նչ կերպ բնութագրես մասնագետների այն պնդումը, որ «Ստամբուլյանը» վավերացրած, փոխաբերական իմաստով ասած՝ բոլոր երկրները, հատկապես՝ ազգային պետությունները, հրաժարվում են իրենց պատմությունից, մշակույթից, լեզվից, կրոնից, մնացած ազգային արժեքներից և միանում են «ունիվերսալ մարդ» ստանալու համաշխարհային «շարժմանը», և հայտնի չէ, թե երբ են սկսում զարգանալ առաջարկվող մոդելներով ու մաթեմատիկական բանաձևերով:
Ցանկացած բանական և գիտակից մարդու պատասխանը պիտի որ միարժեք լինի, այն է` պահպանում ենք ազգը և փորձում ենք տնտեսապես և կրթական ոլորտում զարգանալ:
Առանց մանրամասնելու պետք է նշել, որ ասվածին կարող են և հակադրվել, հատկապես նրանք, ովքեր ներքուստ դեմ են ազգ, պետություն, հայրենիք, լեզու, կրոն, ազգային մշակույթ, բարոյականություն, և վերջապես` էթնիկ հոգեբանություն ասածին:
Հենց այս արժեքներն է սպանում Փաշինյանի իշխանությունը և ինքը՝ անձամբ։ Եվ, եթե պարզ թվաբանական հաշվարկ անենք, թե ինչ և որքան է սպանում Փաշինյանը, և այդ հաշվարկի կողքին մեղմորեն դնենք ամենակոշտ հարցը՝ ի վիճակի՞ ենք հաշվել, թե որ պահին Ադրբեջանը կհարձակվի Արցախի վրա: Հաշվեցի՞ք, անցեք առաջ և անգամ ամենավատ երազում չպատկերացնեք, թե հայ գեյերը՝ իրենց գույնզգուն դրոշներով, ինչպես, ումով և ինչ զենքով են կռիվ գնալու՝ քաջ Նազարի դրոշակո՞վ։
Ամփոփենք՝ Փաշինյան Նիկոլը նախկինների դեմ իր կենաց-մահու կռվում պայքարում է նախկին նախագահների, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ ամեն օր փորձելով սպանել այն ձեռքբերումները, որ եղել են նրանց իշխանության տարիներին, և որի վրա է այսօր խարսխված մեր անկախ և՝ իներցիայի ուժով, դեռևս անվտանգ պետությունը, խորքում ՝ Փաշինյանը սպանում է Հայաստանը՝ որպես պետություն, հայկական պետականությունը՝ ազատ և անկախ Արցախով և Հայոց բանակով։
ԼԵՎՈՆ ԱՎԱԳՅԱՆ