Սարգիս Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԵՍ ԱՐԴԵՆ 5 ՏԱՐԵԿԱՆ ԵՄ…
5 տարի… ոմանց համար սա կարճ ժամանակահատված է, ոմանց համար՝ երկար: Ինձ համար 5 տարին բավական եղավ կյանքի մի նոր, բոլորովին տարբեր շրջափուլի մեջ մտնելու համար: Ուղիղ 5 տարի առաջ այս օրը իմ կյանքում տեղի ունեցավ այն, ինչը քանի գնում այնքան ավելի եմ համոզվում, որ կանխորոշված էր ի վերուստ. ես պիտի անցնեի այն դժոխային ճանապարհով, որի վերջում միշտ էլ լույս եմ տեսել, ամենացավոտ ու դժվարին պահին երբեք մտովի ծնկի չեմ եկել, թերևս, միայն մեկ անգամ, երբ մեծ որդիս ինձ պետք է առաջին անգամ տեսներ ֆիզիկապես հաշմված վիճակում:
Բայց դա էլ ընդամենը մեկ վայրկյան է տևել, և ես ինքս ինձ այդ պահին շատ հաստատուն խոսք տվեցի, որ ինչ գնով էլ լինի ոտքի եմ կանգնելու ու շարունակելու եմ ապրել, շարունակելու եմ որպես զինվորական իմ պարտքը տալ հայրենիքիս ու թերևս շարունակելու եմ իմ հայրական թիկունքով ուժ և ապավեն լինել երկու արու զավակներիս:
Ինչպես տեսնում եք, արդեն հզոր սարերի պես իրենք են կանգնած իմ թիկունքին, և ես առավել քան հպարտ եմ, որ ես անցա այս, մեղմ ասած, դժվարին 5 տարիները, որ ընտանիքս ինձ հետ միասին ու ինձ հավասար անցավ այդ ճանապարհը ու, ամենակարևորը, այս ճանապարհն ինձ հետ անցան մարդիկ, որոնց ես ճանաչեցի միայն ու միայն այս դեպքից հետո, այս դեպքի բերումով ու այս դեպքի դրդմամբ: Այսօր ես հարուստ եմ, առավել քան հարուստ. ես հարուստ եմ իմ անցած ճանապարհով ու իմ կողքին կանգնած բոլոր այն մարդկանցով, որոնց տալիս եմ ու վերցնում, որոնց հետ միասին պարտվում ենք ու հաղթում, հուսահատվում ենք ու ոգևորվում, բայց երբեք, լսում եք, երբեք՝ ծնկի չենք գալիս…
Եվ այս 5 տարիների ընթացքում չի եղել անգամ մի ակնթարթ, որ ափսոսեմ իմ քայլի համար, որովհետև ես ի սկզբանե գիտակցել եմ՝ ինչ եմ անում: Ու թող շատ պաթետիկ չհնչի, բայց ես շնորհակալ եմ Աստծուն ինձ հետ պատահածի և այս վերջին հինգ տարիների համար, երբ հասկացա, որ հայրենի հողն իրապես զգալու համար բնավ պետք չէ երկու ոտքով հենվել նույն այդ հողին. հայրենի հողը զգալու համար ոգի է պետք ու ճախրող թևեր…»:
ԵՍ ԱՐԴԵՆ 5 ՏԱՐԵԿԱՆ ԵՄ…5 տարի… ոմանց համար սա կարճ ժամանակահատված է, ոմանց համար՝ երկար: Ինձ համար 5 տարին բավական…
Gepostet von Սարգիս Ստեփանյան / Sargis Stepanyan am Montag, 29. Juli 2019