Ազգային ժողովի նախաձեռնությամբ ստեղծված զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին և վիրավորված զինծառայողներին աջակցության հիմնադրամը ԱԺ աշխատակիցներից շարունակում է գումարներ ստանալ:
Հիմնադրամի կայքէջում՝ «zinvor.org», որի շնորհանդեսն այսօր կայացավ Ազգային ժողովում, նշվում են այն աշխատակիցների անունները, ովքեր գումար են փոխանցել հիմնադրամին և նույնիսկ՝ գումարի չափը:
Մասնավորապես, Panorama.am-ը կայքէջից տեղեկանում է, որ զինծառայողների աջակցության հիմնադրամին փոխանցումներ են կատարել հավաքարարից, բակապահից, վարորդից, թիթեղագործից, ավտոլվացողից, փորձագետներից՝ մինչև պատգամավոր ու ԱԺ փոխնախագահ:
Հիմնադրամին փոխանցած նվազագույն գումարը 160 դրամն է: Թիթեղագործը փոխանցել է 590 դրամ, ավտոլվացողը՝ 960, մատուցողը՝ 1400: Ըստ պաշտոնի գումարի քանակը աճում է՝ օրինակ գլխավոր մասնագետները, բաժնի վարիչները ավելի շատ են վճարել՝ 2000-3000 դրամի սահմաններում:
Հիմնադրամին պատգամավորների կատարած փոխանցումների չափը հետաքրքիր է. առանձին գործարար պատգամավորներ առանձնակի ժլատություն են ցուցաբերել:
Օրինակ՝ գործարար պատգամավոր Արկադի Համբարձումյանը, որը հայտնի է «Դերժավայի Արկադի» անունով, հիմնադրամին փոխանցել է 4720 դրամ, մյուս գործարար պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ (Թոխմախի Մհեր) 5040 դրամ, գործարար պատգամավոր Նահապետ Գևորգյանը՝ (Նովո) նույնպես 5040 դրամ:
Հայաստանի խոշոր գործարարներից Սամվել Ալեքսանյանը զինծառայողների աջակցության հիմնադրամին փոխանցել է 5670 դրամ, գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը 6610 դրամ է փոխանցել հիմնադրամին: Ի դեպ, պատգամավորների զգալի մասն հենց այդքան գումար էլ փոխանցել է հիմնադրամին:
Դաշնակցություն խմբակցության պատգամավորները ի տարբերություն մյուս խմբակցությունների, մեծ չափով հանգանակություն են արել հիմնադրամին. Դաշնակցական գործարար պատգամավոր Կարեն Շախմուրադյանը հիմնադրամին փոխանցել է 26 770 դրամ, Արմեն Ռուստամյանը՝ 33070, նույնքան էլ Աղվան Վարդանյանը:
Իսկ օրինակ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ 11910 դրամ: Խորհրդարանում ամենահարուստը, թերևս ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն է. նա հիմնադրամին փոխանցել է 466 390 դրամ:
Ընդհանուր առմամբ նոյեմբերի մեկից փոխանցվել է 2 մլն 36080 դրամ: Նշենք, որ հիմնադրամի տնօրինությունն ավելի վաղ հայտնել էր, որ հանգանակությունը կատարվում է կամավոր հիմունքներով և ով որքան ցանկանա:
Աղբյուր` Panorama.am