«Պոբեդա» ավիաընկերությունն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս տեղեկությունը գործակալությանը հայտնել է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը:
Ձմեռային չվացուցակով թռիչքների տոմսերի վաճառքը «Պոբեդա»-ն դադարեցրել էր օգոստոսի 6-ին օդանավակայանի հետ տարաձայնությունների պատճառով:
«Այսօր մենք վերականգնում ենք Գյումրիում չվերթների տոմսերի վաճառքը: Օդանավակայանը խոստացել է անհրաժեշտ բոլոր միջոցներն ընդունել վառելիքի լիցքավորման գործընթացի որակի վերահսկման համար: Մենք անչափ ուրախ ենք, որ մեր հաճախորդները կրկին Գյումրի կթռչեն»,- ասել է ավիաընկերության ներկայացուցիչը:
Աղբյուրն օգոստոսի սկզբին հայտնել էր, թե որոշումը կապված է այն բանի հետ, որ վառելիքի լիցքավորման ընկերությունը պարբերաբար կիրառել է թերլիցքավորում: Նա ասել էր, որ ավիաընկերությունը բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ խնդրելով իրավիճակը պարզել:
Գյումրիի օդանավակայանի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի նամակում նշված է, որ օդանավակայանը ներողություն է խնդրել տարեսկզբին վառելիքի թերլիցքավորման միջադեպի համար և խոստացել, որ «մեղավորներին կպարզեն ու կպատժեն»:
«Մենք լիակատար երաշխիք ենք տալիս ապագայում համանման միջադեպերի բացառման համար»,- նշված է նամակում:
Այս պահին «Պոբեդան» կատարում է Մոսկվայից Գյումրի շաբաթական 10 չվերթ, ձմեռային սեզոնին նախատեսված էր շաբաթական 7 չվերթ: