Պարապ գործերի մինիստրն ու նրա թանկարժեք վոյաժները. hraparak.am
Advertisement 1000 x 90

Պարապ գործերի մինիստրն ու նրա թանկարժեք վոյաժները. hraparak.am

Կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ստեղծվեց լրիվ նոր մի նախարարություն, որն ստացավ հնչեղ անվանում՝ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։ Նախարար էլ նշանակվեց տրանսպորտի նախկին նախարար Հակոբ Արշակյանը, որը մասնագիտությամբ «այթիշնիկ» է։ Դրա համար էլ հատուկ նրա համար Նիկոլ Փաշինյանը բացեց IT ոլորտի հետ կապ ունեցող նախարարություն, որ իր թիմակիցը կոմֆորտով պաշտոնավարի։

Անցել է ավելի քան 2 ամիս, եւ մարդիկ չեն հասկանում՝ ո՞րն է այս նախարարության գոյության իմաստը, ստեղծել են, որ ի՞նչ անեն, որ Հակոբ Արշակյանի համար նախարարի աթո՞ռ ապահովեն, թե՞ ինչ-որ ռազմաքաղաքական նշանակության ծրագրեր են իրականացնելու։ Անգամ Արշակյանի թիմակիցներն են տարակուսած, թե արժե՞ր մեկ հոգու համար մի ամբողջ պարապ գործերի մինիստրություն բացել՝ բյուջեից հսկայական միջոցներ վատնելով։ Իսկ այն, իսկապես, պարապ գործերի մինիստրություն է, որտեղ նախարարից սկսած՝ զբաղված են «թիթեռ նկարելով»։ Իհարկե, դա չի խանգարում, որ Հակոբ Արշակյանը դեմքի լուրջ արտահայտությամբ ամեն անգամ նստի իր ծառայողական Toyota Avalon ավտոմեքենան, որը նրան ժառանգություն է մնացել տրանսպորտի նախկին նախարարներից, որոնք, ի դեպ, չէին օգտագործում այն՝ բավարարվելով իրենց անձնական մեքենաներով, եւ գա նույն լրջությամբ մասնակցի կառավարության նիստերին։ Իսկ թե ինչով է այս նախարարությունը նպաստում երկրում բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը, հայտնի չէ։ Նրանց տարածած պաշտոնական հաղորդագրություններից, համենայնդեպս, բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման նշույլ չի նշմարվում՝ անում են նույնը, ինչ նախկինում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն էր անում, ո՛չ ավելին։

Ահավասիկ, երեկ մի հաղորդագրություն են տարածել, որով տեղեկացնում են, որ Գորիսի տարածաշրջանի Կատարի հեռուստաաշտարակի ներկման աշխատանքներով պայմանավորված՝ որոշ բնակավայրերում հեռուստատեսային հեռարձակման սարքավորումները կանջատվեն։
Նայում ենք նախարարության կայքում զետեղված մյուս հաղորդագրությունները, եւ միայն վերնագրերից կարելի է եզրակացնել, թե ինչ գույնի եւ չափի «թիթեռ են նկարում» այս նախարարությունում։ «Փորձառու ձեռնարկատերերը ստարտափների հետ կիսվել են իրենց փորձով», «Երեւանում մեկնարկել են Միջազգային ամառային տիեզերական դպրոցի աշխատանքները», Հակոբ Արշակյանը «Սեւան Ստարտափ-Սամիթ 2019»-ին ներկայացրել է նորաստեղծ նախարարության ռազմավարությունը, շվեյցարահայ գործարարը հետաքրքրված է Հայաստանում մեխանիկական մեքենայացման զարգացմամբ եւ այսպես շարունակ։ Միակ քիչ թե շատ «գործառնական» հաղորդագրությունն այն էր, որ տեխնոլոգիական ոլորտի 89 նորաստեղծ ընկերություն արդեն ստացել է հարկային արտոնության հավաստագիր։ Այսինքն՝ նախարարությունը կանաչ լույս է վառել տեխնոլոգիական մի շարք ընկերությունների գործունեության համար։ Բայց այս ամենը կարող էին նաեւ նախորդ նախարարության կազմում իրականացնել։ Ուստի հարց է առաջանում՝ ի՞նչ հեղափոխական գործառույթ պետք է իրականացնի նոր անվանումով նախարարությունը, որը չէր իրականացնում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարարությունը։

Ամբողջությամբ՝ hraparak.am