Oգոստոսի 18-ին, Երևանի Ջրվեժ թաղամասում գտնվող «Վան» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ 24-ամյա Սամվել Կոստանյանի և 22-ամյա Ռաիսա Մեսրոպյանի հարսանեկան արարողությունը: Հարսանեկան արարողությունը տարբերվում էր իր յուրահատկությամբ, քանի որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ փեսան ու հարսը հարսանեկան արարողության սրահ այցելեցին հրշեջ ավտոմեքենաներով, որոնց ուղեկցում էին հրշեջ-փրկարարները:
Հարսանեկան արարողության ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի անակնկալը մեծ բերկրանք պատճառեց ոչ միայն նորապսակներին, այլև ներկա գտնվող նրանց հարազատներին, բարեկամներին, ընկերներին: Գաղտնիք չէ, որ բազմաթիվ նորապսակներ հարսանեկան արարողությունից հետո որոշ ժամանակ մտածում են, թե ինչպես են լուծելու իրենց աշխատանքի հարցը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր ԱԻՆ նախարար Ֆ. Ցոլակյանի հրամանը՝ նորապսակներին աշխատանքի ընդունելու մասին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության կադրերի վարչության պետ, փրկարար-ծառայության մայոր Հակոբ Խաչատրյանը ընթերցեց հարսանեկան սրահում:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նորապսակները սովորել և ավարտել են ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, որտեղ էլ ծագել է իրենց սերը և նրանք որոշել են իրենց կյանքը միահյուսել: