«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն արագ քննարկում ունեցավ և որոշում կայացրեց՝ իշխանությունը ժողովուրդն է, նա է որոշելու։ Ժողովուրդն էլ ասում է՝ ո՛չ, Ամուլսարը չպիտի շահագործվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Վերջինս նկատեց՝ ԱԺ այգու մուտքը փակած ոստիկանների գործողություններն իրավաչափ չեն. «Այգին բացելիս ասում էիք ՝ ժողովուրդ ջան, սա ձերն է։ Ինչպե՞ս եղավ, որ այս պահին իրենցը չէ»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան 26-ում Ամուլսարի շահագործման վերաբերյալ հանդիպում էր տեղի ունեցել, որին մասնակցել էին Ջերմուկ համայնքի բնակիչներ, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ։ Իսկ ԱԺ շենքի դիմաց Ամուլսարի շահագործմանը դեմ պայքարող ակտիվիստները բողոքի ակցիա էին իրականացնում։