Ամուլսարի ոսկու հանքը «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից շահագործել-չշահագործելու հարցի շուրջ բորբոքված կրքերը չեն հանդարտվում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այդ թեմայով ելույթը ոչ միայն չի մեղմել, այլև նոր թափ է հաղորդել քննարկումներին:
Հետևություններն ու մեկնաբանությունները բազմաթիվ են, սկսած՝ բնապահպանականից, վերջացրած՝ տնտեսական փաստարկներով ու հակափաստարկներով: Բայց հարցը միայն այդ չէ: Շատ ավելի տեսանելի է դառնում իշխանական թիմի, իշխանության նկատելի ներկայացուցիչների մոտեցումների տարբերությունը: Ավելին, վարչապետի հայտարարությունը, կարծես, բաժանել է ոչ միայն հասարակական կարծիքը, այլև հենց իր գլխավորած թիմը:
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն օրինակ, վարչապետի հետ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից հետո հայտարարեց, որ մնում է իր դիրքորոշմանը, իսկ հանքի շահագործման վերաբերյալ զեկույցը հակասական է՝ կոնկրետ որոշում կայացնելու համար։
Դավիթ Սանասարյանը ուղիղ տեքստով հայտարարեց, թե մի շարք հարցերում անվերապահ աջակցում է վարչապետ Փաշինյանին, բայց «Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում» չի կարող աջակցել։
Շիրակի պետհամալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Գայանե Շագոյանն ընդհանրապես հայտարարեց, որ խնդրում է ազատել իրեն այդ պաշտոնից, քանի որ բացարձակապես անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության մոտեցումն Ամուլսարի շահագործման խնդրին։
Իսկ, օրինակ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի հայտարարության հետ կապված, թե կոռուպցիոն խնդիրներ են եղել, արդեն նաև ԱԱԾ ուշադրությանն է արժանացել կամ ուղարկվել: Փոխվարչապետ Ավինյանն էլ է հակադարձել, քանզի անմիջականորեն իրեն էին ուղղված նոր իշխանության արդեն նախկին պաշտոնյայի մեղադրանքները:
Սա ևս վկայում է, որ Ամուլսարի հարցը ոչ միայն քաղաքական դաշտ է անցել, այլև «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկած շրջանակների միջև որոշակի խմորումների առիթ տվել:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նկատում է, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը մոտ մեկ տարի թերացել է հանքարդյունաբերության ոլորտի գործունեության, կոնկրետ Ամուլսարի հարցում հանրային կարծիքի հետ աշխատանքներում:
«Հանքարդյունաբերական ոլորտի լուման բյուջեում մոտ 14 տոկոս է: Եթե մենք այդ ամենը սառեցնում ենք, ունե՞նք ալտերնատիվ աղբյուրներ, որպեսզի կարողանանք տեղը լրացնել: Պետությունը պետք է օբյեկտիվ հաշվարկներ ունենա և կարողանա կոորդինացնել հանրային կարծիքը, գոնե կարողանա ազդել այդ հանրային կարծիքի վրա: Մինչդեռ այսօրվա իշխանությունը փաստացի մատը մատին չի խփել, որպեսզի այս հարցում ինչ-որ քայլ լինի»:
Ու մեկ էլ՝ խնդրեմ, որոշում, որը խիստ բացասական է ընկալվում հանրության ճնշող մեծամասնության կողմից: Ի՞նչ է սա. «Կարծում եմ, որ սա ծրագիր, պատկերացումներ, նպատակներ չունենալու խնդիր է, որի արդյունքում այսօրվա իշխանությունը հայտնվել է պատանդի կարգավիճակում»,-նշում է քաղաքագետը:
Հասկանալի է նաև, որ իրավիճակը, երբ հասարակության այս կամ այն ակտիվ խումբը կարող է խափանել որևէ ձեռնարկության գործունեություն, տեսնում են նաև դրսում և նման պայմաններում, ըստ Երվանդ Բոզոյանի, ներդրումների համար բարենպաստ միջավայրի մասին խոսելն ուղղակի անիմաստ է:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am