Դեռ հին ժամանակներից պարսկական գորգերն ամենաթանկն ու շքեղն են համարվել ամբողջ աշխարհում: Չնայած այս փաստին՝ հայերը միշտ մեծ դերակատարում են ունեցել գորգագործության մեջ, ու պատահական չէ, որ այսօր առնվազն երկու հայ մարդու ձեռքում է գորգերի մեծ բիզնեսը:
Կոնկրետ Հայաստանում Ջեյմս Թուֆենքյան անունը ծանոթ է անգամ այն մարդկանց, ովքեր գորգագործությունից ոչինչ չեն հասկանում: Այս մարդու անունով այսօր կա կենտրոն, հանգստյան տներ, ու բնական է, որ մարդիկ այս ազգանունը շատ անգամ լսած կլինեն:
Գորգագործությունից հեռու մարդիկ, սակայն, մեր կողմից պեղված հայի մասին գուցե և լսած չլինեն, սակայն աշխարհի մասշտաբով նրա ազգանունը հզոր բրենդ է: Քեշիշյան ազգանունը չի պատկանում մի մարդու, այն մի ամբողջ կլան և բիզնես է ներկայացնում:
«Mark Keshishyan & Sons» կորպորացիայի գորգերը շատ թանկ են գնահատվում, և դրանց տերերը թիվ երկու ամենախոշոր գորգագործներն են ամբողջ աշխարհում:
Քեշիշյանների հեղինակավոր գորգերի նախահայրը եղել է Մարկոս Քեշիշյանը, ով հետագայում դարձել է Մարկ: Նրա մասին տեղեկատվություն գտնելն այնքան էլ հեշտ չէր, քանզի խոսքը վերաբերում է 19-րդ դարի վերջին՝ 1890-ականներին։ «Քեշիշյանը հայ է, ծնվել է Թուրքիայում, հետո եկել ԱՄՆ: Բայց մի մտածեք, թե նա որպես աղքատ գաղթական հայտնվեց այստեղ, նա հարուստ էր մինչև ԱՄՆ ժամանելը»,- հենց այսպես է ներկայացվում Քեշիշյանն ինտերնետային կայքերից մեկում, որտեղ Քեշիշյանների մասին տեղեկատվությունը նկարի պես էր պատկերված, և տպավորություն կար, թե այն պարզապես վերատպվել է գրքից:
Քեշիշյանի առաջին այցն ԱՄՆ կարճ էր ու ոչ տպավորիչ: «1910թ.-ին հայրս ինձ ուղարկեց այստեղ Լութերան քոլեջում սովորելու համար: Ինձ դուր չեկավ: Ինձ հիշում եմ անընդհատ սեղանի շուրջ նստած ու ինչ-որ բանի սպասելիս: Հայրս հարուստ մարդ է, մեր տունը 54 բնակարանից է բաղկացած, ու մի այդքան էլ սպասավոր ունենք, ինչո՞ւ ես պետք է սեղանի մոտ նստեմ ու սպասեմ: Վերջ։ Տուն եմ վերադառնում»,- այսպիսի տիպիկ հայկական մտածելակերպով մարդը հենց այդ պահից էլ հասկացավ, որ ինքը ստեղծված չէ համակերպվելու և համբերելու, առավելևս՝ ուրիշների մոտ աշխատանք գտնելու համար:
Կա մի հնամաշ կազմով գիրք, որ կոչվում է «Guide to Oriental Rugs» (Արևելյան գորգերի ուղեցույց), որտեղ, ընտանեկան բիզնեսի նրբություններից բացի, Մարկը խոսում է նաև Հայոց ցեղասպանության, իր ընտանիքի մասին, որի գրեթե բոլոր անդամները սպանվել են դեպի Հալեպ ճանապարհին, խոսում է հոր մասին՝ ասելով, թե ինչպիսին պետք է լինի հոր դերը հայկական ընտանիքում, ինչպես նաև՝ այն մասին, թե ինչ հնարքներով է նա կարողացել փրկել իր կյանքը՝ որոշ ժամանակ թուրքական բանակում ծառայելով: «Թուրքական բանակում թաքնվելով՝ ինձ հաջողվեց մեկնել Լիբանան ու ամերիկյան դպրոցում ուսուցիչ աշխատել,- պատմում է Մարկոսը: -Որպեսզի կարողանայի ավելի շատ գումար աշխատել, ես գնում և վաճառում էի գորգեր»:
Մարկը շատ լավ էր հասկանում գորգերից, քանզի նրա հայրն արդեն այն ժամանակներում զբաղվում էր գորգագործությամբ: Ի տարբերություն հոր՝ Մարկը հետագայում կարողացավ տասնապատկել իրենց կարողությունը և Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին մեծ գումարներ դիզել գորգի և այլ, մանր-մունր ապրանքների առևտրով: «Հատկապես պատերազմի վերջին տարիներին ես շատ մեծ փողեր աշխատեցի: Ես շատ լավ գերմաներեն գիտեմ ու, որպես միջնորդ, Դամասկոսից ալյուր, կարտոֆիլ, սիգարետ և, իհարկե, գորգեր էի բերում ու վաճառում գերմանացիներին: Ընդամենը 6 ամսում ես մեծ կարողություն կուտակեցի»: Բիզնեսում վարպետացած Մարկ Քեշիշյանը միայն մի բանի համար է ափսոսում, որ այդպես էլ վիրաբույժ չդարձավ: «Իմ այդ երազանքն իրականացրեց որդիս: Իսկ ես կարողացա մագիստրոսի կոչում ստանալ դեղագործության ոլորտում, որն ինձ հետագայում օգնեց գորգերի բիզնեսի զարգացման հարցում: Քիմիայի իմացության շնորհիվ՝ ես գիտեի ամեն ինչ գորգերի ճիշտ լվացման, չորացման և ներկման մասին: Հավատացեք՝ ամենակարևորն այս գործում հենց այս մանրուքներն են, քանզի վատ ներկված գորգն անգամ կիտրոնի գին չունի»,- իր գրքում պատմում է Մարկ Քեշիշյանը: 1920-ին նա իրականացրեց իր մյուս երազանքը՝ իր բիզնեսը հիմնեց Նյու Յորքում, իսկ հետո՝ Վաշինգտոնում: Իսկ մինչ այդ նա մեկնել էր Փարիզ՝ այլ կապեր գտնելու և ավելի մեծ փողեր աշխատելու համար:
«Փարիզ այցս համարում եմ քաղաքական առաքելություն, որը վերածվեց բիզնես արկածի: Ինքս էլ չհասկացա, թե ինչպես գորգերը թողած՝ սկսեցի վարդի յուղի արտահանմամբ զբաղվել,- պատմում է նա,- Հետո մի այլ բիզնես արկածի մեջ էլ հայտնվեցի: Թուրքիայում հագուստի ճգնաժամ էր, մարդիկ մերկ էին, շոր չունեին հագնելու: 6 ամիս նավերով հագուստ էի ուղարկում Թուրքիա և մեծ գումարներ աշխատեցի»:
Մարկի որդիները՝ Հարոլդն ու Ջեյմսը, է՛լ ավելի վարպետացան գորգագործության մեջ և ավելի մեծ ընթացք տվեցին ընտանեկան այս բիզնեսին՝ ընդլայնելով այն և ներխուժելով նաև այլ ոլորտներ, օրինակ՝ ներկագործության: «Հերոդոտոսն ու Մարկո Պոլոն նշել են կերմես կոչվող ներկի մասին,- «Թայմս» թերթին տված հարցազրույցում պատմել է Ջեյմսը,- Այն մեղվի կմախքից է ստացվել, որն էլ հայտնաբերվել է Արարատ լեռան վրա: Մեղվի կմախքն աղալուց հետո այն ալ կարմիր է դարձել»:
Այսօր Քեշիշյանների «տիրապետության» տակ են աշխարհի ամենաթանկարժեք ու անտիկ գորգերը Թուրքիայից, Պարսկաստանից, Ռումինիայից, Հարավսլավիայից, Ալբանիայից, Հյուսիսային Աֆրիկայից, Եգիպտոսից, Մարոկկոյից, Չինաստանից:
Այսօր այս հայտնի ընկերության գորգերով են պատված շատ էլիտար հատակներ ու պատեր, այդ թվում նաև՝ ԱՄՆ-ի Սպիտակ տան հատակները, որտեղ գորգերը հայտնվել են ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի պահանջով: Իսկ Քլինթոնների նախագահության օրոք առաջին տիկին Հիլարի Քլինթոնն արգելել է ծխել այն սենյակներում, որտեղ փռված են եղել քեշիշյանական գորգերը՝ որպեսզի մոխիրը հանկարծ չվնասի գորգերը:
Այսօրվա «Mark Keshishyan & Sons»-ն ունի մի ունիկալ սարքավորում, որով հնարավոր է տարբեր չափսերի, ձևի ու տեսակի գորգերը լվանալ ամենաժամանակակից միջոցներով: «Իմ ընկերներն իմ մասին միշտ ասել են, թե ես եթե նույնիսկ քարին դիպչեմ, այն ոսկի կդառնա,- ժամանակին ինքն իր մասին ասել է Մարկ Քեշիշյանը։ -Ես կարծում եմ, որ իմ կոչումն այս կյանքում հենց դա է եղել՝ ամեն հնարավոր բանից մեծ փողեր սարքել»:
07/02/2009