Որդեգրման ներկա գործընթացում ռիսկերը շատ են և վերլուծության փուլում են։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են որդեգրմանը վերաբերող խնդիրներն ու ռիսկերը` թե՛ տեղական, թե՛ միջազգային որդեգրումների դեպքում։
Քնարիկ Գարանֆիլյանն ունի հինգ երեխա, որոնցից ոչ մեկն իր կենսաբանական զավակը չէ. մեկը որդեգիր է, երկուսի համար նա խնամատար է, երկուսի համար` խնամակալ։ Քնարիկի և ամուսնու կյանքը փոխած ու իրենց ընտանիք բերված առաջին երեխան որդեգիր տղան էր։Երեխան մանկատանը հայտնվել չէր հասցրել. որպես սոցիալական աշխատող տիկին Գարանֆիլյանն իմացավ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի մասին, միանգամից ամուսնու հետ որոշում կայացրեցին հոգ տանել նրա մասին՝ մինչև ծնողը կհայտնվի։ Սակայն նա այդպես էլ չհայտնվեց, մեկ տարի անց սկսեցին երեխայի որդեգրման գործընթացը։
2008-2018թթ. հանրապետության տարածքում գործող մանկատներից որդեգրվել է 619 երեխա, որոնցից 505-ը որդեգրվել են օտարերկրյա քաղաքացիների կողմից (մի մասն ազգությամբ հայ), 114-ը՝ ՀՀ քաղաքացիների։ Ամենից շատ երեխաներ որդեգրվել են Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ից։ Իտալիա, ԱՄՆ, Գերմանիա` ամենաշատ որդեգրումները հենց այս երկրներից են, ԱՄՆ-ի դեպքում որպես որդեգրող ավելի հաճախ հանդես են գալիս ազգությամբ հայերը, որոնք օվկիանոսից այս կողմ են գալիս, հասնում, որպեսզի հենց հայ երեխա որդեգրեն։ Եվրոպական երկրներում դեպքում որդեգրողներն ավելի շատ այլազգիներն են։ Իտալիայի դեպքում նշվում է, որ արտաքնապես հայերն ու իտալացիները նման են, իսկ Գերմանիայի պարագայում դերակատար է երկու ազգերի գենետիկ նմանությունը։ Հայերը հիմնականում որդեգրում են առողջ երեխաներ, անգամ թեթև հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաներ որդեգրելու ցանկություն սովորաբար չեն ունենում, ինչը չես ասի օտարերկրացիների մասին. այս դեպքում որդեգրված երեխաների մեծ մասը հաշմանդամություն ունի։