Վրաստանի առողջարանային հանգստավայր Բակուրիանին, որտեղ տեղացի հայերը հաջողակ գործարարներ են համարվում, աշխատատեղեր ունի նաև հարևան գյուղերի բնակիչների համար։ Մոտ 5 կմ հեռավորությամբ գտնվող Անդեզիտ գյուղի բնակիչ՝ 70-ամյա Տիգրան Կաչեյանն այստեղ աշխատանք է ձեռք բերել իր ավանակի շնորհիվ։
Վրաստանի Բակուրիանի հանգստավայրում ամեն օր առավոտ կանուխ երեխաները բակ են վազում՝ լսելով Տիգրան պապի ավանակից կախված ձայնարկիչից հնչող ձայնը։ Մանկական երգերը նա հավաքել է, ավանակն ամռանը ակնոցներով ու այլ աքսեսուարներով զարդարել, հարևան գյուղից աշխատանքի է գալիս՝ երեխաներին իր էշին նստեցնելով օրական վաստակում առնվազն 100 լարի՝ մոտ 16 հազար դրամ․
«Այստեղ միշտ շատ երեխաներ կան։ Փոքրիկները սիրում են, որ ավանակը փոքր է ու դանդաղ է քայլում։ Շատ խելոք էշ է։ Այստեղ հանգստացողները շատ են, մեր մոտ չկան, որովհետև գյուղ տանող ճանապարհը վատն է, բայց մենք Բակուրիանիից ավելի լավ բնություն ունենք»,- ասում է Տիգրան Պապը։
Մոտ 500 բնակիչ ունեցող Անդեզիտ համայնքից շատերն են աշխատանք գտել Բակուրիանիում, սակայն 70-ամյա Տիգրան պապն ասում է, որ իրենը մշտական է, քանի որ միակն է, որ երեխաներին ձիու փոխարեն ավանակով է հնարավորություն տալիս շրջել, բացի այդ Բակուրիանին տարվա բոլոր սեզոններին մարդաշատ է։ Ձմռանը գալիս են դահուկով սահելու, տարվա մյուս եղանակներին՝ փշատերև ծառերի, մաքուր օդի համար։
«Ամեն դեպքում ձմռանն ավելի լավ է․ աշխատում եմ այգում, որտեղ ինչպես ասում են պոլնի նառոդ։ Մի անգամ մի քանի ժամում 200 լարի (32 000 դրամ) աշխատեցի», -ասում է զրուցակիցս՝ հավելելով, որ աշնան ցրտերին ընդառաջ պատրաստվում է ավանակին տաք հագցնել:
Ասում է՝ ավանակը, որին ինքն անվանում է Կասանդրա, սակայն վրացիները տվել են Խաթունա անունը, չի նեղվում, երբ շորեր է հագցնում, վզնոցներ ու բազմապիսի խաղալիքներ կախում։ Երեխաներն ամեն օր ավանակին նոր տեսքով են տեսնում․
«Բայց գլխավորը երաժշտությունն է․ երեխաները սիրում են այս երգերը ու նույնիսկ չեն ուզում իջնել»,-ասում է Տիգրան պապն ու շարունակում իր էշը քշել Բակուրիանիում։