Տավուշի մարզի Նավուր գյուղի 8-ամյա բնակչուհի Շահանեն այս տարի երրորդ դասարան է գնալու։ Ուսումնառության 2 տարիներն անցել են խարխուլ, խոնավ ու ցուրտ դպրոցում։
«Մեր դասարանում մի պատը համարյա քանդված է, դասատուներն էլ դասամիջոցին հետևում են, որ պատուհաններին չհենվենք։ Ասում են` կարող է շուռ գա», – Sputnik Արմենիային պատմեց աղջիկը։
Նավուր գյուղի դպրոցի աշակերտուհի Շահանե
160 աշակերտ ունեցող գյուղական դպրոցն այս տարի 10-ից ավելի առաջին դասարանցիների է ընդունելու իր անկայուն հարկի տակ։
Նավուր գյուղի դպրոցի տնօրեն Կամո Մարդանյան
Դպրոցի տնօրեն Կամո Մարդանյանն ուսումնական տարվան ընդառաջ մեզ հրավիրեց շրջայց կատարել դպրոցի շենքում, ցույց տվեց անձրևաջրերից քայքայված, ճաքճքած պատերը, 3 տարի առաջ սեփական միջոցներով որոշ չափով վերանորոգված տանիքը, մի քանի փոխված պատուհաններն ու որոշ չափով կարգի բերված ֆիզկուլտդահլիճը։
Տնօրենի խոսքով` դպրոցի սարսափելի վիճակի մասին 2000թ–ից սկսած ահազանգում են։ Այդ ընթացքում դպրոցի հիմնանորոգման 3 տարբեր նախագծեր են կազմվել։ Բայց բոլորն էլ մնացել են թղթի վրա։
Վերջին` 2017թ.–ի սեպտեմբերին մշակված նախագծով դպրոցի հիմնանորոգումը գնահատվել է 505 մլն դրամ։
«Էն էլ հեղափոխությունն արեցինք, ծրագիրը չեղավ։ Վարչապետին նամակ գրեցինք, Տարածքային կառավարման նախարարությունից պատասխանեցին, որ 2019թ.–ի բյուջեում ընդգրկված է, սկսում ենք 2020թ.–ին։ Մի քիչ հետո զանգեցին, ասացին` մեզանից վերցրել են, Քաղաքաշինության նախարարությանն են տվել։ Զանգեցի Քաղաքաշինության նախարարություն, այնտեղից ասացին` մեզանից վերցրել են, կրթությանը տվել։ Զանգեցի կրթություն, այնտեղ էլ ասացին` ձերը այս տարվա ծրագրից հանվել է»,– դպրոցի հիմնանորոգման ոդիսականը մեզ այսպես ներկայացրեց տնօրենը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am