Առաջին մեծության աստղը
Advertisement 1000 x 90

Առաջին մեծության աստղը

ՅալթաՊոտսդամ

Միջազգային բոլոր համաժողովների թվարկումը, որոնց մասնակցել է Հարությունյանը, կհանգեցնի ընթերցողի ժամանակի չարաշահման: Սակայն չհիշել Յալթան և Պոտսդամը` կնշանակի բաց թողնել նրա կենսագրության կարևորագույն էջերից մեկը: Հարությունյանը եղել է հայազգի միակ ընտրյալը, որը մասնակցել է Յալթայի և Պոտսդամի գագաթաժողովներին: Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի հանդիպումները Ղրիմում, այնուհետև` Գերմանիայում, իսկ ավելի վաղ` Իրանում, դարակազմիկ իրադարձություններ են` գրված գլխատառերով նոր շրջանի պատմության մեջ: Վեց տասնամյակից ավելի է անցել, սակայն մասնագետների և ընթերցողների հետաքրքրությունը չի նվազել դրանց նկատմամբ: Գրվել են հարյուրավոր գրքեր, արտադրվել փաստագրական և գեղարվեստական շարժանկարներ: Ըստ ամերիկյան հետազոտողների, Յալթայում (1945թ. փետրվար) Ստալինն ամենից շատ մտահոգվել է Գերմանիայի և Ճապոնիայի ջախջախումից հետո Եվրոպայում և Ասիայում ԽՍՀՄ-ի ծավալապաշտական քաղաքականության իրականացմամբ, և նա «զավթեց այն ամենը, ինչը կարող էր, քանի որ այն ժամանակ «Եվրոպական և ասիական մայրցամաքներում ոչ մի տերություն ի վիճակի չէր արգելակել խորհրդային ծավալապաշտությանը» (Դանն Դ, Մեժդու ռուզվելտոմ ի Ստալինիմ. Ամերիկանսկիյե պոսլի վ Մոսկվե, Մ., ս. 366): Ստալինը շարունակել է փայփայել երկրագունդը բոլշևիկյան դարձնելու զավթողական, սևեռուն գաղափարը, որի կնքահայրը Լենինն էր: Պատերազմի վերջերից սկսած ստալինյան այդ քաղաքականության իրագործումը հանգեցրել է նրան, որ «ռուսները ոչ միայն ձգտում են ընդարձակել իրենց սահմանները և ուժեղացնել հսկողությունը հարևան պետությունների վրա, այլև ողջ աշխարհում ակտիվորեն տարածում են հեղափոխական գաղափարներ… Եվ երկրագնդի երբեմնի հանգստավետ անկյուններում այսօր մեզ` բոլորիս համար ստեղծում են տագնապահարույց իրավիճակներ» ( Ֆեյս Գ, Չերչիլ, Ռուզվելտ, Ստալին. Վոյնա կոտորույու օնի վելի ի միր, կոտորոգո օնի դոբիլիս, Մ, 2003, ս.586): Ակամայից մտաբերում ես Չարենցի չարագուշակ կանխատեսումը. «Դեռ կգա Իլյիչը,// Որ մտնի համաշխարհային Սովնարկոմ»: Այդուհանդերձ, պատմական անժխտելի իրողություն է, որ Ստալինը 2-րդ աշխարհամարտի ավարտին երկիրը դարձրել է բազմազգ գերպետություն, դրանով իսկ դնելով կայսրության վախճանի սկիզբը, որի կործանումը կանխորոշված էր նրա` այդ կայսրության ծագումնաբանությամբ: Մյուս կողմից, կասկածից վեր է նաև Ստալինի առաջատար դերը «Մեծ եռյակի» բոլոր հանդիպումներում: Հերոսական, հաղթանակող ժողովրդի առաջնորդը գտնվել է փառքի գագաթնակետին և իր դիվային էությամբ հանդերձ եղել է երկրագնդի ամենաակնառու քաղաքական գործիչը: Անգամ Չերչիլը, ով բոլշևիզմը համարել է քաղաքակիրթ աշխարհի մահացու թշնամի և դեռևս 1941թ. «ողջունել է գերմանացիների առաջխաղացումը» և համարել, որ «հանուն ընդհանուր անվտանգության լավ կլիներ կոմունիստներին ճզմել» (Ռոուզ Ն, Չերչիլ. Բուրնայա ժիզն, Մ, 2003, ս. 305), չի խորշել Լիվադիայի պալատում հայտարարել. «Ես քայլում եմ այս հողի վրա մեծ համարձակությամբ և հույսով, երբ գիտակցում եմ, որ բարեկամական և մտերմական հարաբերություններ ունեմ այդ մեծ մարդու հետ, ում փառքը թնդում է ոչ միայն Ռուսաստանում, այլև ողջ երկրագնդում»: Իսկ Ստալինը Չերչիլին անվանել է «աշխարհի ամենաանվեհեր վարչապետ» (Չերչիլ Ու., Վտորայա միրովայա ոյնա, Մ., 1998, տոմ 6, ս.202):

Այս պերճախոս խնկարկումները, անշուշտ, չպետք է ընդունել հալած յուղի տեղ. նկատի ունենանք դրանց արտասանելու տեղը և առիթը, ինչպես նաև դիվանագիտական էթիկետը: Հարությունյանի անմիջական մասնակցությամբ Յալթայում քննարկվել է ռեպարացիայի` ռազմական տուգանքների բանաձևի նախագիծը, համաձայն որի՝ ողջ գումարի` 20 միլիարդ դոլարի կեսից ավելին ստանալու էր ԽՍՀՄ-ը: Պատերազմական շրջանի վերջին գագաթաժողովը տեղի է ունեցել նույն տարվա ամռանը, փլատակների վերածված Բեռլինի Պոտսդամ արվարձանում` Ցեցիլիենհոֆ պալատում: Հանդիպման նպատակն էր՝ լուծել հետպատերազմյան կարգավորման հիմնական խնդիրները, մշակել արդարացի, մշտական խաղաղության ծրագիր և այն հաստատել Եվրոպայում, թույլ չտալ նոր ագրեսիա Գերմանիայի կողմից: Գագաթաժողովի բացմանն Անգլիայի կողմից մասնակցեց Չերչիլը, ում հետո փոխարինեց` ընտրություններում հաղթանակած լեյբորիստական աշխատավորական կուսակցության լիդեր, նոր վարչապետ Կլեմենտ Էթլին: Ամերիկան ներկայացրել է հանգուցյալ Ռուզվելտին փոխարինած Հարի Տրումենը: Փոխվել էին գործընկերները, ուժեղացել` անվստահելիության բարդույթը: Ստալինի առջև բարեհամբույր, հաճախ զիջողամիտ Ռուզվելտի փոխարեն (այն Ռուզվելտի, որի համար երկու գերտերությունների հարաբերությունների բարելավումը և դրանց բարեկամական բնույթ տալը դարձել էին կյանքի նպատակ) նստել էր սառը, իր շահերն ատամներով պաշտպանող և առճակատման պատրաստ Տրումենը, ով ամեն կերպ փորձել էր արգելակել Ստալինի` «քեռի Ջոյի», ինչպես նրան հորջորջում էին Արևմուտքում, ծավալապաշտական նկրտումները: Նախագահի աճող ինքնավստահությունը պատահական չի եղել: Նա րոպե առ րոպե սպասում էր ամերիկյան ատոմային ռումբի փորձարկման արդյունքներին: Հենց նիստերից մեկի ժամանակ էլ Տրումենը ստացել է հետևյալ ծածկագիրը. «Երեխաները բարեհաջող ծնվեցին», որը վերծանվում էր այսպես. «Ատոմային ռումբը ստեղծված է»: Միջուկային զենքի երևան գալը 180 աստիճանով փոխում էր իրադրությունը: Նախ` ԱՄՆ-ը և Անգլիան կորցնում էին հետաքրքրությունը ԽՍՀՄ-ի նկատմամբ` Ճապոնիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու հարցում, հետևաբար` կախվածությունը Մոսկվայից: Ատոմային ռումբն արագացրել է սառը պատերազմի թափանիվի պտույտները: Փոխադարձ թշնամանքը և վախը տիրապետող են դարձել մի ամբողջ սերնդի միջազգային կյանքում: Ժողովուրդների ու պետությունների միջև իջել է երկաթե վարագույր` մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը չբարձրանալու պայմանով: Սառը պատերազմի սանձազերծման մեղքը հավասարապես կիսել են երկու համակարգերի ղեկավարները: Ամերիկացիները, փաստորեն, խթանել են խորհրդային ատոմային ռումբի ստեղծման գործընթացը` կանգնեցնելով Կրեմլին միջուկային հավասարակշռություն ստեղծելու հրամայականի առջև: «Ստալինը հիմքեր ուներ վախենալու ամերիկացիներից»,- նշել է հեղինակավոր պատմաբան-միջազգայնագետ Պիտեր Կալվոկորեսին, արդարացնելով «սովետների» ատոմային ռումբ ստեղծելու ձգտումը (Կալվոկարեսսի Պ, Միրովայա պոլիտիկա, 1945-2000, Տ- I, Մ., 2003, ս. 9): Ցեցիլիենհոֆ պալատի բանակցային գործընթացներում կարևոր տեղ են գրավել տնտեսագիտական խնդիրները, որոնցով անմիջականորեն զբաղվել է Հարությունյանը: Պոտսդամին նվիրված Չերչիլի հուշերում ուշադրությունս գրավեց հետևյալ հատվածը, որն ամբողջությամբ ներկայացնում եմ ընթերցողին: «Նույն երեկո` հուլիսի 18-ին ճաշում էի Ստալինի հետ: Ես շոշափեցի Թուրքիայի և Դարդանելի հարցերը: Բնականաբար, թուրքերն անհանգստացած են: Ստալինը բացատրեց, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Թուրքերը ռուսներին առաջարկել են կնքել միություն ստեղծելու պայմանագիր: Ռուսները ի պատասխան՝ հայտարարել են, որ պայմանագիր կարելի է կնքել միայն այն դեպքում, եթե կողմերից որևէ մեկը ոչ մի պահանջատիրություն չունի մյուսի նկատմամբ, իսկ Ռուսաստանն ուզում է ստանալ Կարսը և Արդահանը, որոնք նրանից խլել էին նախորդ պատերազմի վերջում: Թուրքերը պատասխանել են, որ չեն կարող քննարկել այդ հարցը: Այդ ժամանակ Ռուսաստանը բարձրացրել է Մոնթրյոյի համաձայնագրի հարցը: Թուրքերը պատասխանել են, որ այն չեն կարող քննարկել: Այդ պատճառով էլ Ռուսաստանը հայտարարել է, որ չի կարող քննարկել միություն կազմելու պայմանագիրը» (Չերչիլ Ու., Վտորայա միրովայա ոյնա, Մ., 1998, տոմ 6, ս.360):

«Եթե» շաղկապի օգտագործումը դիվանագիտական բառապաշարում ողջունելի չէ: Այնուամենայնիվ, եթե նման միությունը կայանար, ո՞ւմ էր բարեհաճելու հատկացնել Կարսն ու Արդահանը «ժողովուրդների հայրը», ով հայկական հողեր բաժանելու փորձ արդեն ձեռք բերել էր ԼՂՀ-ն և Նախիջևանը Ադրբեջանին նվիրելիս: Կամ, հետաքրքիր է, ի՞նչ ազդեցություն կունենային Մոսկվա-Անկարա հարաբերությունները Խորհրդային Միության ազգային քաղաքականության վրա: Ինչպիսի՞ն կլիներ Կրեմլի կողմից տասնյակ տարիներ տարվող մահմեդականամետ, անհեռատես և վտանգավոր սիրախաղը: Վտանգավոր` առաջին հերթին ռուս ժողովրդի համար, որին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, իրավամբ, անվանել է «ռուս-թյուրքական»: Չերչիլի և Ստալինի զրույցը ակամայից մտածելու տեղիք է տալիս: Որքա՜ն է կարծրացած թուրքերի մեջ պատմության հանդեպ անպատժելիության կարծրատիպը, որ իրենց համար այդքան անբարենպաստ պայմաններում անգամ, երբ կարող էին ճնշման ենթարկվել ոչ միայն ԽՍՀՄ-ի, այլ նաև ԱՄՆ-ի և Անգլիայի կողմից, հրաժարվեցին վերանայել հողերի հարցը: Հետագայում, երբ աշխարհը երկփեղկվեց, և Թուրքիան մտավ ՆԱՏՕ-ի հովանոցի տակ, մի՞թե նա կբարեհաճեր քննության առարկա դարձնել պահանջատիրական որևէ հարցադրում, եթե, նույնիսկ, դա հնչեր հզոր ԽՍՀՄ-ի կողմից: Իսկ ի՞նչ ասել այսօրվա քաղաքական իրողությունների մասին, երբ անկախ, բայց փոքր Հայաստանը մեն-մենակ է մինչև ատամները զինված 70 միլիոնանոց հարևանի դիմաց: Եվս մեկ հարց «եթե»-ով: Հարությունյանը բախտ է ունեցել մասնակցելու դիվանագիտական պատմության բացառիկ երևույթների Յալթայում և Պոտսդամում, մոտիկից տեսել և լսել է այն մարդկանց, ովքեր որոշում էին միլիոնների ներկան ու ապագան: Հետաքրքիր է` նա ոչ միայն որպես պաշտոնյա-կուսակցական, այլ անհատ-մտածող (իսկ որ նա այդպիսին էր, կասկածից վեր է), ի՞նչ աչքերով է դիտել այդ ամենը, ի՞նչ է մտորել և խորհել: Իսկ եթե նա տեսներ Միության փլուզումը և գրեր հուշե՞ր, ինչը որ ներկայումս անում են շատ նախկին դիվանագետներ… Դրանք, հավանաբար, խիստ կտարբերվեին իր պաշտոնական հաշվետվություններից:

Միջազգային կազմակերպությունների լաբիրինթոսում

Պոտսդամի գագաթաժողովի որոշմամբ 1945թ. ստեղծվել է Արտաքին գործերի նախարարների խորհուրդ (նստավայրը` Փարիզ): Հարությունյանը եղել է խորհրդի մոսկովյան պատվիրակության գործուն անդամներից մեկը: Խորհրդի կազմում ներգրավված ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի և Չինաստանի ներկայացուցիչները պարբերաբար հավաքվում էին Փարիզում, որպեսզի որոշեն հետպատերազմյան աշխարհակարգը: Նախարարական նիստերում քննարկվում էին քաղաքական և ֆինանսատնտեսական բազմաթիվ խնդիրներ: Իսկական առևտուր էր գնում ռազմատուգանքների` բաց մնացած հարցի շուրջ, որոնք Գերմանիան վճարելու էր դաշնակցային պետություններին: Ամեն մեկը վերմակը քաշում էր իր կողմը: Արևմտյան երկրները փորձում էին նվազեցնել ԽՍՀՄ-ին հատկացվելիք գումարը: Բանակցությունները մտան փակուղի: Վերջիվերջո, խորհուրդն ընդունեց միջանկյալ որոշում. Միջմիութենական ռազմատուգանքների հանձնաժողովը Մոսկվայից տեղափոխել Բեռլին և հանձնարարել Գերմանիայում տեղակայված Վերահսկողության խորհրդին արագացնել ռազմատուգանքների ծրագրերի կազմումը: Առաջարկության հեղինակը Հարությունյանն էր: Իսկ հարցերի հարցը մնում էր մարդկությունը նոր սպանդից զերծ պահելու հրամայականը: Հին աշխարհամաս, քաղաքակրթության միջնաբերդ, լուսավոր Եվրոպան ընդամենը երեք տասնամյակում կրկնակի հայտնվել էր ավերիչ աշխարհամարտի բոցերում: Ազգերի լիգան անզոր էր գտնվել կանգնեցնելու Երկրորդ համաշխարհայինի զանգվածային սպանդը: Եվ չկար միջազգային որևէ կառույց` ապագա պատերազմների ճանապարհը փակելու համար: Այդ իսկ պատճառով հրանոթները դեռևս չլռած, Թեհրանից սկսած, հակահիտլերյան դաշնության եռյակը քննարկել է Միավորված ազգերի կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտությունը, որը կոչված էր դառնալու հետպատերազմյան շրջանում միջազգային խաղաղության երաշխավորը: Այդ կազմակերպության հիմնադիր ժողովը կայացել է Սան Ֆրանցիսկոյում, 1945 թ.-ի հունիսին: Ընդունված կանոնադրությունում սևով սպիտակի վրա գրված էր, որ ազգերի միջև հարաբերությունները պետք է զարգանան «ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա»: Երբ պետք է՝ կարճ, խիստ կարճ է քաղաքական գործիչների և դիվանագետների հիշողությունը: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման գործընթացներում այս աշխարհի ուժեղները` ռուսները, ամերիկացիները և մյուսները գոնե մի պահ հիշեին գրված տողերի տակ իրենց նախորդների հանդիսավորությամբ դրված ստորագրությունները: Բայց ինչո՞ւ միայն Ղարաբաղը: Հետագա կես դարում ՄԱԿ-ը, դրական գործերի կողքին, մեկ անգամ չէ, որ խախտել է իր իսկ ընդունած Կանոնադրությունը, բանաձևերն ու որոշումները:

Ի սկզբանե ակնհայտ էր ՄԱԿ-ի հիմնադիրների եսակենտրոն գործելակերպը: Անվանի դիվանագետ, 50-ականների սկզբին Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպան Ջորջ Քեննանի վկայությամբ, երբ Ստալինին հայտնել են, որ Հյուսիսային Իրանից խորհրդային զորքերը դուրս չբերելու նրա ցանկությունը քննարկվելու է ՄԱԿ-ում, նա անփութորեն պատասխանել է. «Մենք ամոթից չենք մեռնի»: Աշխարհը մեկ անգամ չէ, որ ականատես է եղել ժողովուրդների ճակատագրերի նկատմամբ ուժեղների կողմից նման արհամարհական վերաբերմունքին: ՄԱԿ-ի հիմնադրման փաստաթղթերը ԽՍՀՄ-ի կողմից ստորագրել են հինգ ներկայացուցիչ: Դրանցից մեկը Համազասպ Հարությունյանն է: Սան Ֆրանցիսկոյից հետո Հարությունյանը տասը տարուց ավելի մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բոլոր նստաշրջաններին, ինչպես նաև՝ Փարիզի խաղաղության հայտնի համաժողովին: Նա բազմիցս գլխավորում է խորհրդային պատվիրակությունները միջազգային համաժողովներում` հանդես գալով միջազգային քաղաքականության, տնտեսական և սոցիալական խորքային խնդիրների վերաբերյալ փայլուն ելույթներով: Հայտնի քաղաքական գործիչ, ՀԽՍՀ-ի ԱԳ նախկին նախարար Ջոն Կիրակոսյանը «Սովետական երևելի դիվանագետը» գրքում գրել է. «Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներս 1948-51թթ. ուշադրությամբ հետևում էինք հատկապես «Պրավդայի» և «Իզվեստիայի» էջերում տպագրվող մեր հայրենակցի ելույթներին: Դրանք աչքի էին ընկնում իրենց խորությամբ, Սովետական Միության շահերը պաշտպանելու կրքոտությամբ, քննարկվող հարցերի կատարյալ իմացությամբ: …Նրա ելույթները խարսխված էին դիպուկ օրինակների, տրամաբանական համեմատությունների վրա» (Կիրակոսյան Ջ., Սովետական երևելի դիվանագետը, Երևան,1982, էջ10): Հարությունյանը նշանակվում է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի խորհրդային պատվիրակության ղեկավար, զուգահեռաբար մասնակցելով ՄԱԿ-ի բոլոր մասնագիտացված տնտեսագիտական կառույցների` Եվրոպայի տնտեսական և սոցիալական խորհրդի, Պարենային և գյուղատնտեսական կազմակերպության, Միավորված ազգերի կրթության և մշակույթի կազմակերպության, Համաշխարհային առողջապահության կազմակերպության աշխատանքներին: Նա երկար տարիներ բեղուն գործունեություն է ծավալում որպես ԽՍՀՄ-ի ներկայացուցիչ Աշխատանքի միջազգային կազմակերպությունում (նստավայրը` Ժնև): Հարությունյանը վաղուց էր անցել զուտ միջազգային տնտեսական խնդիրները միջազգային քաղաքականությունից զատող ջրբաժանը: Դառնալով ժամանակի ամենահրատապ խնդրի` խաղաղության պահպանման կրքոտ ջատագով և քարոզիչ, նա միջազգային համաժողովների ամբիոնն «օգտագործում էր հասարակական կարծիքը զինաթափման, առանձնապես ատոմային և ջրածնային զենքի փորձարկումները դադարեցնելու խնդիրների վրա կենտրոնացնելու համար»: (Կիրակոսյան Ջ. նույն տեղում):

Դիվանագիտական ակադեմիայի նախկին ռեկտոր, ակադեմիկոս Ս. Տիխվինսկին, ՄԱԿ-ում Հարությունյանի հետ համատեղ աշխատելով, այսպիսի կարծիք է հայտնել նրա մասին: «Այդ տարիներին ինձ, մյուս երիտասարդ դիվանագետներին հիացնում էին Համո Ակիմովիչի գիտելիքները, փորձը, մեր հակառակորդների դեմ նրա մղած փայլուն բանավեճերը, որոնք աչքի էին ընկնում իրենց կուռ փաստարկներով: Այսինքն, ինձ հիացմունք էին պատճառում այն հատկությունները, որոնցով այնպես շռայլորեն ու կատարյալ օժտված էր Համո Ակիմովիչը. անգլերեն և ֆրանսերեն լեզուների փայլուն իմացություն, բանավիճելու շնորհք, առարկայի իմացություն, արտակարգ հիշողություն»: Այնուհետ Հարությունյանի մասին նա ասել է. «Բացառիկ տաղանդի տեր բանավիճող էր: Դիվանագիտական դժվարագույն մարտերից նա բազմիցս դուրս է եկել հաղթանակով` շնորհիվ իր բանիմացության, մեծ կուլտուրայի և մանավանդ հայ և այլ ժողովուրդների բանահյուսության իմացության և, իհարկե, անձնական հմայքի: Նրան միշտ զարդարում էր թեթև հումորը: Նա չափազանց հոգատար անձնավորություն էր, մեր արտաքին քաղաքականության մասսայականացնողը» (Հ.Հարությունյանի մասին վավերագրական ֆիլմից, 1978թ.): Այսպես է բնութագրել Հարությունյանին Տիխվինսկին, որին տողերիս հեղինակը ճանաչում էր որպես Դիվանագիտական ակադեմիայի չոր ու գովեստի մեջ ժլատ դասախոսի: 1949թ. հիմնադրվեց Սոցիալիստական երկրների փոխօգնության խորհուրդը (ՍԷՎ): Հարությունյանը կանգնած էր այդ կազմակերպության ակունքների մոտ, ղեկավարում էր նրա քարտուղարությունը: Հետագայում այդ կազմակերպությունը մնաց ԽՍՀՄ-ի փլատակների տակ և դադարեց գոյություն ունենալուց:

Միջազգային կազմակերպություններում Հարությունյանի երկարամյա գործունեությունը, որը ժամանակակից դիվանագիտական լեզվով անվանվում է բազմակողմ կամ կոնֆերենսային դիվանագիտություն, նրան համընդհանուր ճանաչում է բերել միջազգային հարաբերությունների ասպարեզում: Արդյունքում` նա դասվել է ականավոր դիվանագետների շարքին: Ավարտելով ծառայության այդ շրջանը, Հարությունյանը նշանակվում է ԱԳՆ-ի 1-ին Եվրոպական բաժնի վարիչ և դառնում նախարարության կոլեգիայի անդամ:

Շարունակելի…

30/07/2009 

Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

168.am