«Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստանում էր իրանցի հայտնի կինոռեժիսոր, պրոդյուսեր Մոհամմադ Ղանեֆարդին: Հայաստանում ցուցադրվեց նրա «Մայրիկ» անիմացիոն կինոնկարը, որը բավականին բարձր գնահատեցին թե՛ հանդիսատեսը, թե՛ ժյուրիի անդամները: Ելնելով կինոաշխարհում ունեցած մեծ փորձից` Ղանեֆարդին «ՀՀ»-ի հետ զրույցում խոսել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի խնդիրների եւ հայկական կինոարվեստից ունեցած տպավորությունների մասին: Զրույցում նաեւ հետաքրքիր մանրամասներ ենք պարզել իրանական կինոաշխարհի մասին:
Պարոն Ղանեֆարդին, հայ հանդիսատեսը Ձեզ որպես կինռեժիսորի ճանաչեց «Մայրիկ» ֆիլմով: Ո՞րն էր այս ֆիլմի փիլիսոփայական ենթատեքստը: Միջազգային կինոփառատոների մասնակցության բավականին մեծ փորձ ունեք, ի՞նչ տվեց Ձեզ այս փառատոնին մասնակցությունը:
«Մայրիկ» կարճամետրաժ անիմացիան ընդհամենը երկու րոպե տեւողությամբ ֆիլմ է, որում սակայն խտացված ձեւով ներկայացվում է մայրական սիրո եւ գորովանքի անսահմանությունը: Փիլիսոփայական այս փոքրիկ կինոժապավենում ձնեմարդ մայրն իր սրտից մի փոքր գունդ ձյուն հանելով` երեխա է սարքում, եւ մեծ հոգատարությամբ մեծացնում նրան: Եւ երբ դուրս են գալիս գարնան առաջին շողերը, ողջ մարմնով փարվում է զավակին, որպեսզի ապավեն լինի, թույլ չտա, որ արեւի շողերից հալչի փոքրիկը: Փաստորեն, կյանքի գնով մայրը փորձում է պահպանել իր զավակին: Շատ կարեւոր էր ինձ համար մասնակցել այս փառատոնին: Այն հնարավորություն տվեց ձեռք բերելու նոր կապեր ու նոր ծանոթություններ: Յուրաքանչյուր արվեստագետի համար ճանապարհորդությունը, նոր քաղաքներ ու մշակույթներ տեսնելը ստեղծագործելու նոր հորիզոններ է բացում: Շատ լավ ընկերներ գտա թե՛ Հայաստանի, թե՛ փառատոնին մասնակցած այլ երկրների կինոգործիչների շրջանում: Ի դեպ, առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնին: Կառույցի հետ համագործակցության շնորհիվ է, որ կարողացա մասնակցել փառատոնին, թեպետ «Ֆրեսկո»-ի կազմակերպիչների հետ նախնական ծանոթությունս եղել էր դեռեւս երկու տարի առաջ` իտալական հոգեւոր-կրոնական ֆիլմերի փառատոնի շրջանակներում:
Լինելով կինոոլորտի ներկայացուցիչ, վստահ եմ` ուսումնասիրել եք նաեւ հայկական կինոաշխարհը: Ի՞նչ բացեր կամ գուցե թերություններ եք նկատում մեր կինոարվեստում, եթե համեմատում եք, օրինակ, կինեմատոգրաֆիայի ոլորտում հաջողություն արձանագրած այլ երկրների հետ:
Կարծում եմ, որ իր ճանապարհը գտնելու փնտրտուքների մեջ է հայկական կինոն: Պիտի նշեմ, որ բարձր մակարդակ ունեցող ֆիլմեր եմ դիտել տարբեր փառատոների շրջանակներում: Թեմաների բազմազանությունը շատ է: Հեղինակավոր փառատոների առկայությունը Հայաստանում, որոնք ամեն տարի կազմակերպվում են, փաստում են այն մասին, որ հայկական կինոն խոսք ունի ասելու: Շատ եմ ուզում հայ կինոգործիչների հետ համատեղ աշխատանքներ ունենալ: Փորձում եմ անգամ այս կարճ ժամանակահատվածում ինչ-որ համագործակցության եզրեր փնտրել անհատների, տարբեր խմբերի հետ: Իտալիայի դեսպանատան հետ հիմա բանակցում ենք Թեհրանում իտալական ֆիլմերի շաբաթ անցկացնելու շուրջ: Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի օգնությամբ միանշանակ այս նախաձեռնությունը կարող ենք իրագործել նաեւ Հայաստանի հետ: Թեհրանում հայկական ֆիլմերի շաբաթ անցկացնելը իրատեսական եւ իրագործվող ծրագիր է: Այն աջակցությունը, որ մենք ստանում ենք Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի կողմից, լիովին բավարար է, որ կյանքի կոչենք այդ ծրագիրը: Ես անձամբ պատրաստակամ եմ աջակցել: Իրանը պատրաստ է, սպասում ենք հայկական կողմի արձագանքին:
Հարցս թերեւս փոքր-ինչ պաթետիկ հնչի, բայցեւայնպես ուզում եմ նշեք, թե ո՞րն է համաշխարհային կինեմատոգրաֆիայի կարեւոր ասելիքն ու անելիքը:
Կարեւոր բանը, որ պետք է որդեգրի եւ որի ներուժը ունի աշխարհի կինեմատոգրաֆիան` բոլոր ազգերի մշակույթների, մարդկային հարաբերությունների, խաղաղության, սիրո երկխոսության համար ճանապարհը բացելն է, անկախ մշակույթներից ու կրոններից: Համաշխարհային կինեմատոգրաֆիան կարող է պատերազմող աշխարհին ի վերջո բերել խաղաղության եւ հանգստի` հրավիրելով ժողովուրդների ուշադրությունը մարդկային եւ հոգեւոր արժեքների վրա, այն կարեւորի, որից ժամանակակից մարդը հեռացել է:
Առաջին անգամ էիք գտնվում Հայաստանում, ի՞նչն առավել շատ գրավեց Ձեզ մեր երկրում, ինչպիսի՞ տպավորություններով եք հեռանում այստեղից:
Հայաստանն ինձ գրավեց հենց սահմանից: Երբ մտա, անմիջապես զգացի նրա կոլորիտային, ազգային ոգին: Երբ տեսա «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, հին Իրանը հիշեցի: Այստեղ շատ տպավորիչ է ամեն բան: Սիրում եմ մշակութային պետություններ: Քանի որ ֆիլմարտադրության հետ գործ ունեցող ցանկացած կինոգործիչ նոր տպավորություններ է փնտրում, ես մի նոր «հայացքի» հանդիպեցի Հայաստանում: Ամեն անկյունը գրավիչ ու հետաքրքիր էր: Այդ «մտերմությունը», հոգեւոր կապը շարունակվեց նաեւ Երեւանում: Մայրաքաղաքում ես ինձ բացարձակ օտար չեմ զգացել: Շատ գեղեցիկ ճարտարապետություն ունեցող քաղաք է: Մի վայր, որը քեզ հարազատ է թվում, որը քեզ գրավում է հենց առաջին հայացքից եւամենակարեւորը, որն ապահով է: Փառատոնի շրջանակներում եղել եմ նաեւ այլ բնակավայրերում, ամեն տեղ գեղեցիկ բնություն էր, գեղեցիկ ճարտարապետություն:
Հնարավո՞ր է այս տպավորությունները հետագայում կինոժապավենի վերածեք:
Տպավորություններից ստացած հույզերս ու զգացումներս օր առ օր գրի եմ առել ինձ մոտ: Եւ միանշանակ հետագայում այն կա՛մ առանձին ֆիլմի կարող է վերածվել, կա՛մ պատմության: Ամեն դեպքում, Հայաստանն իր դերակատարումը կունենա իմ հետագա ֆիլմերի ստեղծման մեջ:
Ո՞ր թեմաներն են արգելված իրանական կինոարվեստում եւ որքանո՞վ են Իրանում ռեժիսորները ազատ:
Իրանում արգելված է էրոտիկան, կամ որ ավելի ճիշտ է` ոչ բարոյական ֆիլմեր նկարահանելը, ինչպես նաեւ կրոնական քարոզչություն իրականացնող ֆիլմերը: Մյուս առումներով որեւէ սահմանափակում չկա: Անձամբ ես, իմ գործունեության ամբողջ ընթացքում, երբեւէ չեմ հանդիպել այնպիսի արգելքի, որը կխանգարեր ստեղծագործել: Շատ են հարցնում, թե Իրանում ռեժիսորներն ի՞նչ սահմանափակումներ ունեն, բայց չեն էլ կարող պատկերացնել, թե որքան ազատ ենք: Գրեթե բոլոր երկրների կինոաշխարհից գաղափար ունեմ, եւ հստակ կարող եմ ասել, որ Իրանն իր ազատությամբ չի զիջում ոչ ոքի:
Ֆիլմարտադրությունը հիմնականում «ապրում» է պետակա՞ն ֆինանսավորմամբ, թե՞ մասնավորի ներդրման շնորհիվ:
Հիմնականում մասնավորի, հատկապես նմանատիպ ֆիլմերը:
Իսկ, առհասարակ, իրանցի հանդիսատեսը ի՞նչ ֆիլմեր է դիտում, որն է նրա պահանջարկը:
Շատ մեծ տարածում է գտել երգիծական ժանրը, հումորը: Ժամանցային ֆիլմերն են դիտվում, քանի որ մարդիկ չեն ցանկանում իրենց խնդիրների մեջ խորանալ: Ժամանցի են ձգտում, փորձում են իրական կյանքի խնդիրներից փախչել:
Իրանի կինոյի կերտման գործում ի՞նչ դերակատարում է ունեցել հայկական մշակույթը: Հայտնի է, որ Իրանում առաջին համր ֆիլմի ռեժիսորը հայ է եղել:
Այո, այդ ֆիլմը Հովհաննես Օհանյանի «Աբին եւ Ռաբին» է: Առհասարակ, բոլոր ոլորտներում հայերը մեծ նշանակություն են ունեցել, ֆիլմարտադրությունը եւս բացառություն չէ: Հայերը կանգնած են եղել իրանական կինոարտադրության հենց ակունքներում: Մեր կինոարվեստի հիմնադիրներից է նաեւ Սամուել Խաչիկյանը, նա մեծ համբավ ունի իրանական կինեմատոգրաֆիայում: Հաջորդ հայտնի դեմքերից է Զավեն Ղուկասյանը: Շատ են այդ անունները: