Ստեփան Դանիելյան. «Ոչնչացնող ազատությունը»
Advertisement 1000 x 90

Ստեփան Դանիելյան. «Ոչնչացնող ազատությունը»

«Հեղափոխությունը մեզ ասատություն է տվել», «ով դեմ է այդ ազատությանը, նա ստրուկ է», «մեզ ցանկանում են ետ տանել դեպի նախկին, անազատության շրջան», «Նիկոլը մեզ ազատություն է տվել»։ Նմանատիպ տեսակետներ կարելի է հաճախ լսել։

«Հեղափոխականները» սկսել են նշել Քաղաքացու օրը: Քաղաքացի հասկացությունն առաջացել է Ազատության հասկացության շնորհիվ. երբ մարդն ինքն է որոշում իր ճակատագիրը և իր նման քաղաքացիների հետ միասին ընտրում է իր իշխանությունը՝ իր ազատ կամքով։

Իսկ ի՞նչ է Ազատությունը։

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ մասին տարբեր տեսակետներ կան, որոնք փոփոխվել են ժամանակաի, կրոնական պատկերացումների, ցիվիլիզացիաների, միջավայրի ու աշխարհայացքների ազդեցության տակ։ Սակայն Ազատությունը կարելի է ինչ-որ կերպ սահմանել հետևյալ կերպ․

Ազատությունն այն է, երբ սուբյեկտն ինքնուրույն է որոշումներ կայացնում, իր կամքի ու իր դրդապատճառներից ելնելով։

Իսկ բուդդիստներն առհասարակ համարում են, որ այս նյութական աշխարհում մարդը չի կարող ազատ լինել, թեկուզ նրա համար, որ կախված է թեկուզ օդի ու սննդի պահանջմունքից՝ այսինքն արտաքին միջավայրից և Ազատության միակ տարբերակն է սեփական կամքով «դուրս» գալ այս նյութական աշխարհից, ազատվելով ցանկացած նյութական ու հոգեբանական «կապանքներից», այսինքն գիտակցությունն ազատել արտաքին որևէ ազդեցությունից։

Ըստ քրիստոնեական շատ ուսմունքների Ազատությունն Աստծո կամքը կատարելու մեջ է․ եթե կատարում եք, ապա ազատ եք, եթե ոչ, ապա ըստ սահմանման չեք կարող լինել ազատ։

Սրանք ընդամենը որպես այլընտրանքային կարծիքներ, իսկ այժմ անցում կատարենք աշխարհիկ տեսության. արդյո՞ք բոլորն են պատրաստ Ազատությանը։

Պատկերացրեք, երկարատև սովից հետո մարդուն տալիս են մեծ քանակությամբ ուտելիք – հետևանքները պարզ են, մարդը մահանում է, որովհետև սննդին պետք է կամաց-կամաց սովորել՝ փոքր չափաբաժիններով, մինչև օրգանիզմը կարողանա ընտելանալ սննդի մեծ չափաբաժիններին։

Ազատությանը պետք է պատրաստ լինել։ Ազատությունը շատ անհատների ու ժողովուրդների է կործանել, երբ նրանք պատրաստ չեն եղել դրան, որովհետև Ազատությունը նշանակում է կարողանալ կատարել ընտրություն, իսկ ընտրության համար պետք է հետևել որոշակի սկզբունքների, ունենալ աշխարհայացք, էթիկական նորմեր, փորձ, որոշակի ավանդույթներ, մտածելու ունակություն՝ թեկուզ թրեյնինգի մակարդակի, կարծիքի լիդերներ և ամենակարևորը՝ պատասխանատվություն։

Թքող, ախտոտող ու քրֆող զանգվածն արդյո՞ք պատրաստ է Ազատության։ Արդյոք ունակ է լսել կարծիքներ, կատարել հետևություններ ու ընտրել։

Ազատությունն ինքնիրեն դեռ բարիք չէ, այն ընդամենը հնարավորություն է և եթե դրան պատրաստ չես, այն կարող է վերածվել չարիքի՝ ամենաթողության օրգիայի։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից: