Ռեժիսոր Կարո Բալյանը Օրսկի դրամատիկական թատրոնի բեմ է բարձրացնելու «Չափն ընդդեմ չափի» ներկայացումը
Advertisement 1000 x 90

Ռեժիսոր Կարո Բալյանը Օրսկի դրամատիկական թատրոնի բեմ է բարձրացնելու «Չափն ընդդեմ չափի» ներկայացումը

Անգլիացի մեծանուն դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի «Չափն ընդդեմ չափի» պիեսի հիման վրա Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ռեժիսոր Կարո Բալյանը  ներկայացում է բեմադրել`համագործակցելով Օրսկի Ա. Պուշկինի անվան պետական  դրամատիկական թատրոնի դերասանական կազմի հետ: Ներկայացման առաջնախաղը տեղի է ունենալու սեպտեմբերի 7-ին Օրսկի դրամատիկական թատրոնում:

«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում Բալյանն ասաց, որ հրավերը ստացել է նախորդ տարի: Աշխատել սկսել են այս տարվա օգոստոսի սկզբից: «Շեքսպիրի ստեղծագործություններում շատ են սյուժետային գծերը, և որոշ գաղափարներ ծնվել են փորձերի ընթացքում»,-նշեց ռեժիսորը:

Նրա խոսքով` ներկայացման մեջ ընդգրկված է տասը դերասան: Ոմանց տեսնելով` Բալյանն անմիջապես որոշել է, թե որ կերպարներն են մարմնավորելու: Նա հավաստիացրեց, որ արտիստների հետ սիրով է համագործակցել: «Բախտս բերել է, և մշտապես աշխատել եմ պրոֆեսիոնալների հետ, սակայն յուրաքանչյուրի հանդեպ անհրաժեշտ է անհատական մոտեցում ունենալ, իսկ առանց ստեղծագործական վեճերի անհնար է ներկայացում բեմադրել»,-խոստովանեց Բալյանը:

Առաջնախաղին ներկա են լինելու թատերագետներ, ռեժիսորներ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից և այլ քաղաքներից: «Նոյեմբերի մեկից հինգը նախատեսում ենք բեմադրությունը ներկայացնել Հայաստանում անցկացվող Շեքսպիրյան միջազգային փառատոնին, այնուհետև մատուցելու ենք Մոսկվայի հանդիսատեսին: Հաջորդ տարի այն ցուցադրելու ենք  Բիտոլայի միջազգային փառատոնի շրջանակում»,-շեշտեց բեմադրիչը:

Անդրադառնալով Օրսկի պետական դրամատիկական թատրոնի վարկանիշին` Բալյանն ասաց, որ  այն ամբողջական  վերանորոգումից հետո իր տեխնիկական հագեցվածությամբ համարվում է  Ռուսաստանի լավագույն տասը թատրոններից մեկը: «Եվրոպական չափանիշներին համապատասխան հրաշալի թատրոն է»,-եզրափակեց Կարո Բալյանը:

Անժելա Համբարձումյան