Թուրք ազգայնամոլ երիտասարդները Մարալիկում տեղադրված Սողոմոն Թեհլիրյանի արձանը հեռացնելու պահանջով ցույց են կազմակերպել
Advertisement 1000 x 90

Թուրք ազգայնամոլ երիտասարդները Մարալիկում տեղադրված Սողոմոն Թեհլիրյանի արձանը հեռացնելու պահանջով ցույց են կազմակերպել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ազգայնամոլ հայացքներով աչքի ընկնող Վաթան (Հայրենիք) կուսակցության երիտասարդական թևը Աթաթուրքի արձանի մոտ ցույց է կազմակերպել, որի ժամանակ կոչ է արվել հեռացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում տեղադրված հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի բրոնզաձույլ արձանը, որը կանգնեցվել է 2015 թ. ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ․ հայ ականավոր վրիժառուն իր ոտքերի տակ ճզմում է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Թալեաթ փաշայի գլուխը:

Վաթան կուսակցության երիտասարդական թևի՝ Առաջամարտիկ երիտասարդության նախագահ Օզգյուր Բուրսալըն նշել է. «Այս՝ ատելություն պարունակող արձանը սադրանք է: Թուրք ազգին վիրավորող այս արձանի դեմ պայքարը մենք տեսնում ենք որպես հայրենիքի հանդեպ պարտք»:

Ցույցի ընթացքում երկրի նախագահին, ԱԳՆ ղեկավարին, կառավարության անդամներին և քաղաքական ու հասարակական կուսակցություններին կոչ է արվել արձագանքել:

Ցույցի մասնակիցները պարզել են հակահայկական արտահայտություններ պարունակող մի շարք պաստառներ, օրինակ՝ «Ցեղասպանություն չենք արել, հայրենիքն ենք պաշտպանել», «Օկուպանտ Հայաստան, ռադ եղիր Ղարաբաղից», «Այս արձանը հեռացվելու է. մեկ Թալեաթ կգնա, հազար Թալեաթ կգա» և այլն:

Արձանի թեմային է անդրադարձել նաև Վաթան կուսակցության նախագահ, թուրք հայտնի ազգայնական, հայատյաց գործիչ, տխրահռչակ Դողու Փերինչեքը, որի նկատմամբ մի քանի անգամ գործ է հարուցվել Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:

yerkir.am



Նման նյութեր