Հայաստանը ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման առումով արդեն գործընթացային փուլ է սկսել, թեեւ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունները դեռեւս չեն մեկնարկել։ Ներկայումս հայկական կողմը աշխատանքներ է իրականացնում մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի համար։
Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում հույս էր հայտնել, որ շուտով Հայաստանի համար տեսանելի կլինեն ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման արդյունքները, եւ հավելել, որ մուտքի արտոնագրի ռեժիմի ազատականացումը Արեւելյան գործընկերության առաջիկա նպատակներից է։
Երբ է ազդարարվելու երկխոսության մեկնարկը եւ երբ իրատեսական կդառնա հայ քաղաքացիների ազատ տեղաշարժը դեպի Եվրոպա։ Այս հարցերի շուրջ «ՀՀ»-ն զրուցեց ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցի հետ։
-Պարոն Ադոնց, ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են տարվում վերջին տարիներին, եւ Բրյուսելում կայացած Հայաստանի Հանրապետության ու Եվրամիության միջեւ գործընկերության հերթական նիստին ի՞նչ գործընթացների շուրջ է պայմանավորվածություն ձեռք բերվել։
-Դեպի ԵՄ երկրներ վիզաների ազատականացման հարցը ՀՀ եւ ԵՄ գործընկերության կարեւորագույն հարցերից է եւ ամրագրված է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաբանի 14-րդ պարբերությունում եւ հոդված 15-ի 2-րդ կետում, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության Ռիգայի (2015), Բրյուսելի (2017) գագաթնաժողովներում ընդունված համատեղ հռչակագրերում՝ «Գործընկերության առաջնություններ» եւ Բրյուսելի գագաթնաժողովի կողմից հավանության արժանացած «20 արդյունք մինչեւ 2020թ.» փաստաթղթում, եւ ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգի կարեւորագույն կետերից է։
Այս ուղղությամբ ՀՀ ԱԳՆ-ի կողմից տարվում են նպատակաուղղված աշխատանքներ թե՛ ԵՄ համապատասխան կառույցների, թե՛ հատկապես ԵՄ անդամ երկրների հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնդրո առարկան գտնվում է հենց վերջիններիս իրավասության շրջանակներում։
-Մարտի 5-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտնել էր իր պատրաստակամությունն առ այն, որ իրենք պատրաստ են վիզաների ազատականացման երկխոսության բանակցությունները սկսել որքան հնարավոր է շուտ։
-Այո, կայացած հանդիպման արդյունքները ամփոփելու նպատակով կողմերը հանդես եկան մամուլի հայտարարությամբ։ Պարոն Յունկերը իսկապես վերահաստատեց, որ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունների մեկնարկի համար տեխնիկական պայմաններն արդեն իսկ բավարարված են, եւ ժամանակն է ԵՄ բոլոր պետությունների հետ համագործակցելու, որպեսզի միասին կարողանանք առաջ շարժվել։ Հավելեց, որ ինքը եւ եվրոպական հարեւանության ու ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը պատրաստ են հնարավորության սահմաններում աջակցել այս գործընթացին եւ ավելի ուժեղ երկխոսություն ծավալել ԵՄ այն անդամ պետությունների հետ, որոնք հետեւողական են այս հարցում՝ արձանագրելով, որ իրենք, որպես Եվրոպական հանձնաժողով, կողմ են հնարավորինս շուտ սկսելու բանակցությունների մեկնարկը։ Որպեսզի մուտքն ազատ լինի ԵՄ որեւէ երկիր մեկնելու համար, մենք պետք է կարողանանք բավարարել անհրաժեշտ չափորոշիչները։ Որոշակի փոփոխություններ պետք է կատարվեն, գուցե լինեն օրենսդրական փոփոխություններ անձնագրային առումով։
-Իսկ Հայաստանը կարո՞ղ է արդյոք բավարարել անհրաժեշտ ստանդարտները։
-Այո՛, պատկերացրեք, այդ ստանդարտներին շատ մոտ ենք։ Արդեն մեծ աշխատանք ենք կատարել նախ այն առումով, որ ստորագրել ենք ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը։ Վստահորեն կարող եմ ասել, որ այդքան էլ հեռու չենք նաեւ վիզայի ազատականացման գործընթացի մեկնարկից, սակայն այդ ուղղությամբ երկխոսություններ սկսելու համար անհրաժեշտ է ե՛ւ ԵՄ-ի հանձնաժողովի դրական կարծիքը, ե՛ւ ԵՄ անդամ երկրների համաձայնությունը։
ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացված ռեժիմ ունեցող երկրների փորձից դատելով եւ այն կրճատ ներկայացնելով՝ երկխոսության մեկնարկի ազդարարմանը հետեւում է ԵՄ–ի կողմից տվյալ երկրին ճանապարհային քարտեզի (visa roadmap) ներկայացումը։ Վերջինս նախանշում է այն հստակ պահանջները, որոնք պետք է իրականացնի տվյալ երկիրը՝ քայլ առ քայլ մոտենալով մուտքի արտոնագրերի ազատականացմանը։
-Իսկ համաձայնագիրը գործելու դեպքում ի՞նչ սահմանափակումներ են գործելու ժամկետների եւ վերադարձի առումով։
-Վիզայի ազատականացումը ենթադրում է, որ ՀՀ քաղաքացիները համապատասխան ռեժիմի շրջանակներում կարող են մուտք գործել եվրոպական ցանկացած երկիր առանց վիզայի կնիքն անձնագրում ունենալու։
Այսօրվա դրությամբ ԵՄ-ի հետ գործում է վիզաների դյուրացված ռեժիմ, եւ մուտքի արտոնագրերի ստացումը, ի տարբերություն նախորդ տարիների, ՀՀ քաղաքացիների համար դարձել է ավելի հեշտ։ Շատ մարդիկ արդեն ունեն բազմակի վիզաներ անձնագրում, ինչը մինչ համաձայնագրի ստորագրումը գրեթե հնարավոր չէր։
2014թ. հունվարից ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրից բացի, ուժի մեջ են մտել նաեւ հետընդունման մասին համաձայնագրերը, որոնց մշտադիտարկման համար ստեղծվել է համատեղ երկու կոմիտե։ Ցանկացած վիզայի դյուրացում նախատեսում է նաեւ հետընդունում, կանոնավոր միգրացիոն հոսքերի կանոնակարգում։ Եթե մի քաղաքացի մեկնել է որեւէ եվրոպական երկիր եւ իր թույլատրելի ժամկետից երկար է մնացել եւ դարձել է անօրինական միգրանտ, ապա այդ քաղաքացին պետք է վերադարձվի։ Մենք պարտավոր ենք այդ մարդուն անհապաղ ետ ընդունել։ Առանց այլ պայմանի չէր կարող վիզաների դյուրացման համաձայնագիրը գործել։ Անօրինական միգրացիայի բաղադրիչը պետք է հնարավորինս նվազագույնի հասցվի եւ ինչո՞ւ չէ՝ նաեւ վերանա։
Օրինակ՝ Վրաստանի, Մոլդովայի կամ Ուկրաինայի պարագայում գործում է հետեւյալ մեխանիզմը՝ սահմանված 180 օրվա ընթացքում քաղաքացին կարող է եվրոպական որեւէ երկրում մնալ 90 օր։ Այս վիզայի ազատ ռեժիմից կարող են օգտվել բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն անհրաժեշտ կենսաչափական անձնագրեր, որոնք ԵՄ կողմից պահանջվող բաղադրիչ են։
ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման եւ հետընդունման մասին համաձայնագրերի արդյունավետ կիրարկումը ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի համար կարեւոր նախապայման է։ Այս տարվա ապրիլի 2-ին նախարարությունում անցկացվեց ՀՀ-ԵՄ հետընդունման հարցերով համատեղ կոմիտեի 5-րդ նիստը, իսկ սեպտեմբերի 13-ին Երեւանում նախատեսվում է անցկացնել նաեւ ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 5-րդ նիստը։
Նախորդ տարվա հունվարի 23-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ միջեւ շարժունակության շուրջ գործընկերության երկրորդ բարձրաստիճան հանդիպումը, որտեղ համապարփակ ներկայացվեց մուտքի արտոնագրերի դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերի իրականացման հաջող ընթացքը՝ շեշտելով մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունների մեկնարկի կարեւորությունը։ Հայկական կողմը ներկայացրել է մի շարք առանցքային ոլորտներում իրավական եւ կարգավորիչ դաշտին առնչվող վերջին զարգացումները, նշել բարեփոխումների շարունակականությունը ապահովելու պատրաստակամության մասին։
Մեկնարկի հեռանկարների մասին որպես օրակարգային կետ քննարկումներ են ընթացել նաեւ 2018թ. մայիսի 17-ին Երեւանում եւ այս տարվա ապրիլի 9-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ. Արդարության, ազատության եւ անվտանգության հարցերով ենթակոմիտեի 9-րդ եւ 10 րդ նիստերին, 2018 թ., նոյեմբերի 27-ին Երեւանում կայացած ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստին, 2018թ. հունիսի 21-ին եւ ս.թ. հունիսի 13-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի առաջին եւ երկրորդ նիստերին։ Վերջինիս արդյունքներով կողմերը եկել են համաձայնության քաղաքացիների շարժունակությունը եւ մարդկանց միջեւ շփումները բարելավելու նպատակով շարունակել քաղաքացիների շարժունակության խթանումը մուտքի արտոնագրերի դյուրացման եւ հետընդունման մասին համաձայնագրերի միջոցով։ Միաժամանակ դիտարկվելու է պատեհ ժամանակին մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, այն պայմանով որ լավ կառավարվող եւ անվտանգության շարժունակության պայմաններն ապահոված լինեն։
-Խոսելով վիզաների ազատականացումից, պետք է նաեւ ենթադրել, որ էականորեն կաճի եվրոպական երկրներում հաստատված միգրանտների թիվը, կլինեն չարաշահումներ։ ՀՀ քաղաքացիներից շատերը կհատեն վերադարձի ժամկետն ու կնախընտրեն թեկուզ անօրինական, բայց տվյալ երկրում ապրել։
-Անօրինական հոսքի կանխման առումով գործում է վերոնշյալ հետընդունման համաձայնագիրը։ Եթե լինի անօրինական միգրացիա, ապա մենք չենք կարողանա հասնել վիզաների ազատականացման գործընթացին։ Վստահ եմ, կլինեն բողոքներ, եթե մեր երկրի այս կամ այն քաղաքացին այնուամենայնիվ որեւէ եվրոպական երկիր այցելելիս կեցության ժամկետը լրանալուն պես չվերադառնա, ապա նրա հանդեպ կկիրառվի պատժամիջոց, եւ նա հաստատ կվերադարձվի։ Եթե մենք ուզում ենք եվրոպական ցանկացած երկիր մուտք գործել ազատ, առանց դեսպանատուն դիմելու, փաստաթղեր ձեւակերպելու եւ առանց երկարատեւ քաշքշուկների, ապա պետք է կարգապահ լինենք ինքներս մեր հանդեպ եւ չխախտենք վերադարձի ժամկետը։
-Հատկապես ո՞ր երկրների հետ է դիտարկվում մուտքի արտոնագրերի ազատականացումը։
-ԵՄ անդամ, ինչպես նաեւ Շենգենյան համաձայնագրի դրույթները կիրառող երկրների հետ, բացառությամբ Անգլիայի, որի՝ ԵՄ-ի կազմում այս պահին մնալը հարցականի տակ է։
-Նախորդ տարեվերջին հնչեց հայտարարություն, որ իբրեւ մինչեւ 2020 թ. հայ քաղաքացիները կկարողանան եվրոպական որոշ երկրներ այցելել առանց մուտքի արտոնագրի։ Որքանո՞վ է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը, կամ կխնդրեմ մանրամասնել, թե խոսքը մասնավորապես որ երկրներին է առնչվել։
-Եվս մեկ անգամ շեշտեմ, խոսքը ԵՄ անդամ, ինչպես նաեւ Շենգենյան համաձայնագրի դրույթները կիրառող երկրների մասին է, այլ ոչ թե առանձին երկրների։ Այս պահին չեմ կարող նախանշել ոչ մի ժամկետ ԵՄ–ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացված ռեժիմի սահմանման համար, քանի որ դեռեւս չեն մեկնարկել բանակցությունները, ինչի համար նախ անհրաժեշտ է ԵՄ անդամ բոլոր 28 երկրների համաձայնությունը։ Վիզաների ազատականացման ռեժիմ ունենալու համար նախ անհրաժեշտ է բանակցություններ սկսել։ Վստահ եմ, որ դրանք կմեկնարկեն հաջորդ տարվանից։
-Հայաստանը վիզային ռեժիմի ազատականացման առումով տարեսկզբից առ այսօր ԵՄ անդամ ո՞ր երկրների հետ է խորհրդակցություններ սկսել, որքանով հիշում եմ՝ առաջին պետությունը Գերմանիան է եղել։ Մեջբերեմ, որ հայաստանյան պատվիրակությունը հունվարին մեկնել էր Գերմանիա եւ ԱԳՆ-ից նշել էին, որ Հայաստանը ձեռնամուխ է լինելու ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ մեկնարկի վերաբերյալ խորհրդակցություններին։ Ի՞նչ գործընթացներ են այս ուղղությամբ տարվել, եւ առաջիկայում ԵՄ ո՞ր երկրների հետ են նույն ձեւաչափով խորհրդակցություններ ընթանալու։
-Երկխոսությունը խթանելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական պատվիրակություն՝ փոխոստիկանապետ Հ.Քոչարյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում ընդգրկված են տարբեր պաշտոնյաներ։ Այն թիրախավորված այցեր է իրականացնում դեպի ԵՄ անդամ երկրներ։ Առաջին նման այցն արդեն իսկ իրականացվել է այս տարվա հունվարի 15-17-ը դեպի Գերմանիա, երկրորդ այցը՝ հուլիսի 26-ին էր՝ դեպի Ավստրիա, իսկ երրորդ այցը կկայանա դեպի Բելգիա, Նիդերլանդներ եւ Լյուքսեմբուրգ՝ օրակարգում ունենալով հանդիպումներ ԵՄ համապատասխան պաշտոնատար անձանց եւ նշված երկրների պատկան մարմինների ներկայացուցիչների հետ։
Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ։ Առաջիկա այցերը նախատեսվում են սկանդինավյան երկրներ։ Գործընթացները նպատակ ունեն ժամկետային առումով արագացնել բանակցությունների մեկնարկը։