Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:
Կարելու շնորհքը՝ տատիկից
Թամարա. Ամուսինս հայրենասեր է, դրոշներ շատ է սիրում: Մինչեւ Flags.am-ը հիմնելը, նա արդեն որոշ չափով զբաղվում էր այս բիզնեսով. մեկ այլ տեղում դրոշները պատվիրում էր, կարում էին, իսկ նա վաճառում էր:
Տատիկս պրոֆեսիոնալ դերձակ է եղել, կարելու շնորհքն ընտանիքում բոլորիս փոխանցվել է: Ամուսնուս հորդորով քրոջս՝ Մերիի հետ երեք ամիս հաճախեցինք կարի դասերի: Դեռեւս սովորում էինք, երբ առաջին պատվերը ստացանք՝ մաֆիա խաղի դիմակներ, մեկ շաբաթ անց էլ դրոշի պատվեր եղավ:
Էդգար. Առաջին քայլը կարի մեքենա, մկրատներ գնելն էր: Նախնական ներդրումը 150 000 դրամ էր: Հետագայում երկրորդ կարի մեքենան գնեցինք, որ երկու քույր առանձին ու ավելի արագ աշխատեն: Այս գործը մեզնից մեծ ներդրումներ չի պահանջում, պատվերը ստանում ենք, կտորը գնում ենք, կարում, վաճառում:
Աներն այլեւս «խոպան» չի գնում
Էդգար. Flags.am-ն ընտանեկան ձեռնարկություն է, հարկերից ազատված ենք: Մեր դրոշները պատվիրում են հյուրանոցները, դեսպանատները, պետական կառույցները, խոշոր ընկերությունները: Անհատական պատվերները 5% են կազմում:
Սկզբում տանն էինք կարում, հետո մեր տան կողքի արհեստանոց տեղափոխվեցինք: Կինս եւ նրա քույրը կարում են, ես զբաղվում եմ հաշվապահությունով, վաճառքով, սոցիալական էջերի կառավարումով եւ այլն:
Կնոջս հայրը մեր վարպետն է, դրոշի ձողերն է պատրաստում, նաեւ առաքում է մեր արտադրանքը: Նա սովորաբար արտագնա աշխատանքի էր մեկնում Ռուսաստան, սակայն այս տարվանից այլեւս չի գնում՝ միայն մեր գործերով է զբաղված: Այստեղ բավական գումար է աշխատում, որը փոխարինում է «խոպանին»:
Ամբողջությամբ՝ banks.am