Մենք 21-րդ դարի ջահելներն ենք՝ հեռանկարային ու պայքարող (էսսե). vnews.am
Advertisement 1000 x 90

Մենք 21-րդ դարի ջահելներն ենք՝ հեռանկարային ու պայքարող (էսսե). vnews.am

Փարպեցին արթնանում է մենակ շների հաչոցներից, որովհետև չքնածների ու նոր-նոր տուն գնացողների ձայներին սովորել է այնքան, որքան կինը՝ հարյուր տարվա ամուսնու խռմփոցին, ու թվում է՝ եթե մի պահ ամուսինը չխռռացնի՝ կինը վեր կթռչի։

Մենք 21-րդ դարի ջահելներն ենք՝ հեռանկարային ու պայքարող, բայց մենք նաև սերունդ ենք, որի գլխին ինչ-որ անփորձ ազատություն է ընկել, ինչից տեղ-տեղ չենք կարողանում գլուխ հանել, տեղ-տեղ օգտագործում ենք ի վնաս մեզ, որը տեղ-տեղ տանում է ինքնաոչնչացման։ Մենք դեռ չդարձած նկարիչների սերունդ ենք, ( լայն իմաստոց) այսինքն՝ նկարիչների կտավին ու ոչ միայն, նաև մեծ էկրանին, նաև կիթառով, նաև բալետով։

Մենք նրանք ենք, ովքեր անսահման կիրք ունեն՝ արվեստի սպառողից արվեստ ստեղծող դառնալու։ Մենք նաև համարձակվել ենք այնքան հիմար գտնվել, որ ինքներս մեզնից անհապաղ Կլիմտի «Համբույր»-ներ ենք պահանջում, իսկ մենք դեռ ընդամենը 20-22 տարեկան ենք։ Արդյունքում առավելագույնն, ինչ կարողացել ենք անել, ինքներս մեզ հիասթափեցնելն է, ու որքան ավելի հիասթափվել, այնքան ավելի ենք «քիթներս ցցել», ավելի ենք մեր շուրջ ինչ-որ գաղափարական, արթ-հաուս իրականության իմիտացիա ստեղծել։ Իսկ ինչ-որ բան ստեղծելու կիրքը՝ այլ ինքնաարտահայտման հարթակ չգտնելով, սկսել ենք ռեալիզացնել ինքնակործանման վրա։

Հա, մենք սերունդ ենք, որը հակված է դանդաղ ինքնաոչնչացման, ինքնասպառման։

Առավոտվա 5-ին քաղաքում ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս, խմելու տեղերն արդեն փակվում են, իսկ տները դեռ պատրաստ չեն բացվել քո առաջ, ու քաղաքի ամբողջ անդըրգրաունդը՝ (դեռ մի բան էլ ավելի deep) լցվում է փողոցները։ Եվ ամենատխուրն այս մասսայական «պախմելիայի» մեջ այդ նույն այգում, այդ նույն ժամին վազելու դուրս եկած ջահելներն են՝ առույգ ու առողջ։

vnews.am