«Կոմպլեքսներ չունեմ և բաց լողազգեստ եմ հագնում ծովում». 4-րդ փուլի քաղցկեղը հաղթահարած կինը պատմել է անցած ճանապարհի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Կոմպլեքսներ չունեմ և բաց լողազգեստ եմ հագնում ծովում». 4-րդ փուլի քաղցկեղը հաղթահարած կինը պատմել է անցած ճանապարհի մասին

Անի Սահրադյանը 28 տարեկան էր, երբ նրա մոտ 4-րդ փուլի քաղցկեղ հայտնաբերեցին։ Ոչ հեշտ բուժումից հետո, որը տեւեց մեկ տարի, Անին եւ նրա բժիշկների թիմը հաղթանակ տարան. հիվանդությունն ընկրկեց։ Այժմ Անին 34 տարեկան է, աշխատում է, դաստիարակում երկու որդիներին ու ջանում ապրել  լիարժեք կյանքով։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Անին պատմեց անցած ճանապարհի, դժվարությունների մասին, որոնց բախվել է, եւ այն մասին, թե ինչպես են դրանք հաղթահարվել։

Ամեն ինչ սկսվեց երկու փոքրիկ գնդիկներից

Երբ Անին 26 տարեկան էր, կրծքում երկու փոքրիկ գնդեր շոշափեց. դրանք սիսեռահատիկից մեծ չէին, բայց եւ այնպես, նա անհանգստացավ եւ դիմեց պոլիկլինիկա։ Այստեղ նրան ուլտրաձայնային հետազոտություն անցկացրին եւ ասացին, որ անհանգստանալու բան չկա՝ ընդամենը մաստոպատիա է։

Բայց երկու տարի հետո Անիի կրծքում ոչ թե երկու, այլ արդեն մի քանի գնդիկներ կային, ընդ որում՝ դրանցից որոշները երեւում էին մաշկին անգամ անզեն աչքով։ Անին որոշեց նորից դիմել բժշկի, բայց արդեն ոչ թե պոլիկլինիկայում, այլ ուռուցքաբանական կլինիկայում։

Մամոգրաֆիա եւ բիոպսիա կատարվեց։ Այդ նույն օրը ախտորոշումն արդեն հայտնի էր. բազմակենտրոն ծորանային քաղցկեղ։

Բուժման 4 փուլ

Ուռուցքն արդեն 3-4-րդ փուլում էր եւ հասցրել էր տարածվել թեւատակում։ Իհարկե, բարեբախտաբար, այլ մետաստազներ չկային։ Որոշվեց բուժում սկսել քիմիաթերապիայից, որը պետք է փոքրացներ ուռուցքներն ու դրանք վիրահատելի դարձներ։

Անին ներերակային 5 կուրս քիմիաթերապիա ստացավ եւ եւս մեկը՝ հաբերով։ Բայց բուժումն ակնկալվող արդյունքը չտվեց, եւ նրան վիրահատելը դեռեւս հնարավոր չէր թվում։ Այդ ժամանակ բժիշկները որոշեցին սկսել ճառագայթային թերապիա, որը սկզբում նախատեսվում էր անցկացնել վիրահատությունից հետո։

Ճառագայթային թերապիան բավական արդյունավետ ստացվեց, եւ դրանից հետո Անիին, վերջապես, վիրահատեցին. վիրահատության ընթացքում ստիպված էին հեռացնել կուրծքը, թեւատակի ախտահարված գեղձերը եւ անգամ կրծքամկանը։ Լավ նորությունն այն էր, որ լրացուցիչ քիմիաթերապիայի կարիք նա չունեցավ։

4 տարի հետո ուռուցքաբաններն ու պլաստիկ վիրաբույժները եւս մեկ վիրահատություն կատարեցին եւ Անիի համար կուրծք «սարքեցին» պացիենտի մեջքի մկանների եւ մաշկի մի կտորի ու սիլիկոնային իմպլանտի օգնությամբ։ Անին արդյունքներից շատ գոհ է։

«Տարբերությունը եղածի եւ նորի միջեւ պարզապես անհավանական է։ Կրծքիս վրա ոչ մեծ սպիներ են մնացել, որոնք հիշեցնում են այն ամենը, ինչի միջով ես անցել եմ։ Բայց ես կոմպլեքսներ չունեմ։ Երբ ծով գնացինք, ես բաց լողազգեստ էի հագնում եւ չէի ամաչում, անգամ եթե սպիներս երեւում էին», – ասում է Անին։

Մինչեւ հիմա Անին շարունակում է հորմոնալ թերապիա ստանալ եւ պարբերաբար բուժզննման է գնում։ Մնացած ամեն ինչում նա ապրում է սովորական կյանքով։

«Աշխարհի ոչ մի լեզվով չես բացատրի, թե ինչ ես զգում այդ միջամտությունների ժամանակ»

Ամենածանրը քիմիաթերապիան էր, հիշում է Անին։

«Աշխարհի ոչ մի լեզվով չես բացատրի, թե ինչ ես զգում այդ միջամտությունների ժամանակ։ Կարծես թե մի քանի փայտով ծեծել են քեզ։ Ոսկորներդ ցավում են, երակներդ զգում ես, մանավանդ առաջին օրերին։ Սրտխառնոց, թուլություն… Բայց ես ինձ ասում էի. «Պատկերացրու, որ հղի ես։ Ո՞նց են ոմանք թունավոր հղիությունը տանում։ Դե, համարիր, որ քեզ մոտ էլ այդպես է»։

Ճառագայթային թերապիան ավելի հեշտ էր, եւ լուրջ կողմնակի էֆեկտներ նա չի զգացել։

Անիի խոսքով՝ ուռուցքաբան Իրինա Խաչատրյանը եւ վիրաբույժ Համլետ Դավթյանը շատ լավ են վերաբերվել իրեն եւ չափազանց ուշադիր են եղել, շատ կատակներ էին անում։ Այդ ամենն օգնել է չսեւեռվել խնդիրների եւ բարդությունների վրա  ու ավելի լավատեսորեն նայել առաջ։

Ինչ վերաբերում է հարցի ֆինանսական կողմին, բուժման հարցում գործել է համավճարը. պետությունը վճարել է բուժման կեսը, երկրորդ կեսի համար վճարել է ինքը՝ Անին։ Այն տարիներին բարեգործական հիմնադրամները շատ ավելի քիչ էին, քան այսօր, բայց բարեբախտաբար, Անիի ընտանիքին հաջողվեց հավաքել բուժմանն անհրաժեշտ գումարը ընկերների եւ մերձավորների օգնությամբ։ Միեւնույն ժամանակ, նրան անհրաժեշտ դեղերն էլ ամենաթանկերից չէին. 20 օրը մեկ նրանք պետք է վճարեին մոտ 200 հազար դրամ քիմիաթերապիայի համար, բայց մնացած ծախսերն էլ քիչ չէին, չէ՞ որ անհրաժեշտ էր գնել նաեւ շատ այլ դեղամիջոցներ, որոնք նա պետք է ընդուներ տանը։

Մահը դռան հետեւում էր

Բուժման առաջին շաբաթներն, Անիի խոսքով, հատկապես ծանր էին։ Նա դեպրեսիայի մեջ էր ընկել, ոչինչ չէր ուզում անել, անգամ իրեն հետեւել չէր ցանկանում, պարզապես պառկում էր ամբողջ օրն ու մտածում մահվան մասին։

Որոշ պացիենտների ուժ է տալիս երեխաների մասին մտածելը, բայց Անիի պարագայում հակառակն էր. հենց մտածում էր երեխաների ու այն մասին, թե ինչպես են ապրելու առանց իրեն, լրիվ կորցնում էր իրեն։

Մի անգամ լուրերից մեկում նա տեսել է հաղորդագրություն վթարի մասին, որի ժամանակ մահացել էր երիտասարդ մեկը։ Այս լուրը ստիպել է նրան վերիմաստավորել վարքն ու վերաբերմունքը հիվանդության հանդեպ։

«Ես այն ժամանակ մտածեցի, որ ամեն բան հարաբերական է… Ես այստեղ նստած լաց եմ լինում, ոչինչ անել չեմ ուզում, որովհետեւ միեւնույն է՝ մեռնելու եմ… Իսկ այնտեղ մարդը՝ առողջ, երիտասարդ, դուրս է եկել տնից ու վթարի ենթարկվել։ Չէ՞ որ նա չգիտեր, որ մահանալու է, բայց մահացավ ինձնից շուտ, իսկ ես առայժմ ողջ եմ։ Ես հանկարծ հասկացա, որ չի կարելի հիմա նստել ու լալ այն պատճառով, որ մի երկու տարի հետո կարող եմ մեռնել… Պետք է ապրել որքան հնարավոր է, չէ՞ որ ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ է լինելու։ Հիմարություն կլիներ, եթե ես ամեն անգամ՝ մեքենա նստելով, լաց լինեի եւ մտածեի, որ, գուցե, տեղ չեմ հասնի ու կմեռնեմ վթարից։ Իսկ այն, ինչ անում էի այդ ժամանակ, ախր, քիչ էր դրանից տարբերվում. ես նստում ու մտածում էի, որ, գուցե, չեմ բուժվելու»։

Ամբողջությամբ՝ med.news.am



Նման նյութեր