«WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեն հայտարարեց, որ «Yandex» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Արկադի Վոլոժը կմիանա հաջորդ ամիս Երևանում անցկացվող ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես «Ականավոր բանախոսների շարքի» մասնակից: Այն ելույթների ու զրույցների շարք է ՏՀՏ ոլորտի, ոլորտից դուրս ականավոր դեմքերի, հեղինակավոր ընկերությունների հիմնադիրների հետ։ Արկադի Վոլոժի ելույթի թեման տրանսպորտի և անօդաչու մեքենաների ապագան է:
Ռուսական «Yandex» տեխնոլոգիական ընկերության հիմնադիրը 2000 թվականից նաև գործադիր տնօրենն է: Այսօր «Yandex»-ը Եվրոպայի ամենամեծ տեխնոլոգիական ընկերություններից է, որի հիմնադրումից առաջ Վոլոժն արդեն կայացած և հաջողակ գործիչ էր ՏՏ արդյունաբերությունում։ Դրանից առաջ նա համահիմնադրել է անլար համացանցի «InfiNet Wireless» և հեռահաղորդակցության սարքավորումների «CompTek International» Ռուսաստանում ամենամեծ մատակարար ընկերությունները:
«Yandex-ն ամենամեծ և ամենաազդեցիկ ինտերնետային ընկերությունն է Ռուսաստանում և ԱՊՀ տարածքում, որն իր ներկայությունն ապահովում է շուրջ 10 երկրում՝ միայն Ռուսաստանում ունենալով ավելի քան 60 միլիոն առցանց օգտատեր: «Yandex-ը նաև արհեստական բանականության և անօդաչու մեքենաների տեխնոլոգիաների համաշխարհային առաջատարներից է: Ընկերությունը դրան հասել է Արկադի Վորոժի ղեկավարությամբ և նրա տեսլականի համաձայն»,- նշել է «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:
Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ WCIT 2019-ի բանախոսների և օրակարգի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.wcit2019.org:
***
«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։