«…Կոմիտասին ես ճանաչում եմ 1892 թվականից, երբ նա դեռ նոր ավարտել էր Գևորգյան ճեմարանը և սարկավագ ձեռնադրվել Սողոմոն անունով, իսկ ես նոր ընդունվել էի այդ նույն ճեմարանի երրորդ դասարանը (այն ժամանակ ճեմարանն ուներ երեք դասարան՝ երրորդից մինչև վեցերորդ և երեք լսարան):
Երբ ես ճեմարան ընդունվեցի 1892/93 ուս. տարվա սկզբին, այդ ժամանակ ճեմարանի տեսուչ էր առաջադիմական անձնավորության համբավ վայելող Արիստակես եպիսկոպոս Սեդրակյանը:
Նրա օրով և կարծեմ նրա հրավերով իբրև երաժշտության ուսուցիչ ճեմարան է հրավիրվել հայտնի երաժշտագետ Կարա-Մուրզան, որը և այդ ամբողջ ուսումնական տարին եղավ մեր երգի ու երաժշտության ուսուցիչը ճեմարանում և եկեղեցական երգչախմբի ղեկավարը վանքում: Երեմիա եպիսկոպոսի տեղապահության օրերն էին, որը մտերիմ բարեկամ էր Սեդրակյանին:
Բայց 1893թ. ամռանը նորահաստատ կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանն (Հայրիկը) արդեն ժամանել էր Էջմիածին և ստանձնել իր պաշտոնը: Վանքում առաջ էլ դժգոհություն կար Կարա-Մուրզայի դեմ. նա Էջմիածնի համար անընդունելի էր համարվում իբրև խիստ աշխարհիկ երևույթներ դրսևորող անձնավորություն, և ահա Էջմիածնի միաբանության պահպանողական համարվող մասին հաջողվում է համոզել նորընտիր կաթողիկոսին հեռացնելԿարա-Մուրզային և նրա փոխարեն ճեմարանում երգի և երաժշտության ուսուցիչ նշանակել Սողոմոն սարկավագին՝ ապագա Կոմիտաս վարդապետին:
Ճեմարանի աշակերտների մեջ համակրությունը սկզբում Կարա-Մուրզայի կողմն էր, մանավանդ, որ կաթողիկոսի հրամանի համաձայն Կարա-Մուրզային արձակող և Սողոմոն սարկավագին նրա տեղը նշանակող, աշակերտության կողմից հարգված տեսուչ Արիստակես եպիսկոպոս Սեդրակյանն ինքն էլ այդ առթիվ անմիջապես իբրև ցույց հրաժարվել էր ճեմարանի տեսչի պաշտոնից:
Աշակերտների մեջ բերնեբերան էին անցնում տեսչի այդ հրաժարականի լակոնական բառերը՝ «Ըստ հրամանի Ձերդ Վեհափառության արձակեցի զ Կարա Մուրզայն, կարգեցի ի տեղի նոր ազ Սողոմոն սարկավագ, վասն որոյ ընկալացուք և զիզ հրաժարական»:
Մի խոսքով, 1893/94 ուս. տ. սկզբից Սողոմոն սարկավագը դարձավ մեր երգի ու երաժշտության ուսուցիչը և կարճ ժամանակվա ընթացքում կարողացավ աշակերտների վստահությունն ու համակրությունը ձեռք բերել իր մարդամոտ և ուրախ ու զվարթ բնավորության պատճառով: Հատկապես նրա երգչախմբի հետ անցկացրած պարապմունքները մեզ՝ աշակերտներիս համար շատ ուսանելի և հաճելի էին, որի համար և բոլորս, կարող եմ ասել անխտիր, հարգում և սիրում էինք նրան:
Այդ շրջանում Սողոմոն սարկավագը կամ հետագայի Կոմիտաս վարդապետը միայն մի երկու տարի ինձ ուսուցիչ եղավ: Հետևյալ ուսումնական տարին ես հիվանդացա ծանր մալարիայով և ստիպված եղա մի տարով արձակուրդ վերցնել և գնալ իմ հայրենի գյուղը՝ Ղփչախ (այժմ՝ Հառիճ) հիվանդությունից ազատվելու համար:
Այնուհետև Կոմիտաս վարդապետը մեկնեց արտասահման՝ Բեռլին, երաժշտության ուսմունքի մեջ կատարելագործվելու համար:
Երբ նա վերադարձավ արտասահմանից, ես արդեն վերջին լսարանում էի, որտեղ երգի ու երաժշտության դասեր չկային, բայց այնուամենայնիվ, այդ շրջանում էլ շարունակվեցին մեր բարեկամական և մտերմական հարաբերությունները, մինչև իմ ճեմարանն ավարտելը 1900 թվականի մայիսին:
Ինչպես այսօր հիշում եմ, թե ինչպես բոլորս անհամբերությամբ սպասում էինք կիրակի օրերին, երբ պատարագի վերջին Կոմիտասը հանդես էր գալիս եկեղեցում որևէ մի միջնադարյան գեղեցիկ տաղով, որ նա իր սքանչելի ձայնով և հմուտ երգով այնպես էր կենդանացնում, որ հմայում էր բոլոր ունկնդիրներին:
Հատկապես հիշատակության արժանի է այս կապակցությամբ նրա աննման «Հավիկ մի պայծառ ես» տաղը:
1900 թվականի հոկտեմբերին ես ճեմարանի մանկավարժական խորհրդի որոշման համաձայն մեկնեցի արտասահման (Գերմանիա) ուսումս կատարելագործելու համար: 4 տարի այնտեղ մնալուց և իմ ուսումնական նպատակները իրագործելուց հետո՝ վերադարձա հայրենիք 1904 թվականի հոկտեմբերին և սկսեցի իմ պաշտոնավարությունը իբրև Գևորգյան ճեմարանի ուսուցիչ: Այնտեղ շարունակում էր իր ուսուցչական պաշտոնը նաև Կոմիտաս վարդապետը, որի հետ վերսկսվեց և ավելի ու ավելի ջերմացավ մեր բարեկամությունն ու մտերմությունը:
Այդ բարեկամության ու մտերմության ավելանալուն սաստիկ նպաստեց մի այլ հանգամանք ևս:
Չորս տարի հայրենիքում չլինելուց և ծնողներիս ու հարազատներիս տեսնելուց զրկված լինելուց հետո՝ ես որոշել էի, բնականաբար, 1904/05 ուս. տարին ավարտելուց հետո ամառն անցկացնել իմ հայրենի գյուղում և 1905թ. հունիսի կեսերից հետո պատրաստվում էի մեկնել այնտեղ: Այդ օրերին մի երեկո հանկարծ ինձ մոտ եկան իմ ընկերներից և պաշտոնակիցներից Հուսիկ վ. Զոհրաբյանը և Գարեգին վ. Հովսեփյանը և տեսնելով իմ մեկնելու պատրաստությունները, հարցրին, թե միթե ինձ հայտնի չէ Կոմիտասի ծանր վիճակը և մալարիայով սաստիկ տառապելը:
Ես զարմացած նայեցի նրանց և ասացի՝ «Գիտեմ, բայց ես անձամբ ի՞նչ կարող եմ անել»: Նրանք ինձ պատասխանեցին, թե դու պատրաստվում ես Հառիճ ամառանոց գնալու. վերցրու հետդ տար Կոմիտասին. Հառիճում ոչ ճահիճներ կան և ոչ մոծակ. Կոմիտասն այնտեղ անշուշտ կբուժվի մալարիայից, թե չէ նրա կյանքին վտանգ է սպառնում, եթե նա ամառը Էջմիածնում մնա: Երկար մտածելու հարկ չկար. հանգամանքներն ստիպողական էին, և իսկույն համաձայնեցի արված առաջարկին, թեև զգում էի այդ առաջարկը իրականացնելու հետ կապված դժվարությունները:
Հետևյալ օրն ևեթ, շուրջ հունիսի 22-ին կամ 23-ին ես հիվանդ Կոմիտասին երկաթուղի նստեցրի և տարա Ալեքսանդրապոլ (այժմյան Լենինական), այնտեղից Հառիճ փոխադրելու համար, որ գտնվում է Ալեքսանդրապոլից 30 կիլոմետր հեռավորության վրա, Արագածի հյուսիս-արևմտյան լեռնալանջին: Առաջին գիշերն անցկացրինք տեղի հաջորդ (առաջնորդական փոխանորդ) Կյուրեղ վ. Նավումյանի մոտ Ալեքսանդրապոլի ընդարձակ հաջորդարանում, վայելելով հիշյալ հաջորդի ամենասիրալիր հյուրասիրությունը:
Հետևյալ առավոտը պետք է մեկնեինք կառքով Հառիճ:
Պատվիրված կառքը (երկձի ֆայտոնը) եկավ առավոտյան ժամի 10-ին և հետը երկու հրացանավոր ձիավոր կազակ՝ մեզ ուղեկցելու համար: Այդ անակնկալը մեզ համար պատրաստել էր Կյուրեղ վ. Նավումյանը, որը տեղական գավառապետից խնդրել էր այդ կազակներին՝ մեր ապահով ճամփորդությունը երաշխավորելու համար, թեև մեզ ոչ մի վտանգ չէր սպառնում, քանի որ Շիրակի դաշտի այդ մասում ոչ մի թուրքական գյուղ չկար, իսկ այդ տարին հայ-թուրքական ընդհարումների տարին էր:
Մենք այդպես ճանապարհ ընկանք, մի կազակը կառքի առջևից, մյուսը՝ հետևից, և հաջողությամբ հասանք Իլխիաբլի կոչված գյուղը (այժմյան անունը չգիտեմ), Ալեքսանդրապոլից 10 վերստ հեռավորության վրա:
Այդ գյուղը գտնվում է մի բավական մեծ բլրի տակին: Այդ բլրի տակ մեր կառքի ձիերը կանգ առան և հրաժարվեցին մեզ հանել բլրի գագաթը: Դրությունն անելանելի էր. Կոմիտասն իրեն վատ էր զգում, իսկ մենք առաջ շարժվել չէինք կարողանում: Այդ ժամանակ մեզ օգնության հասան կազակները, որոնք իջան իրենց ձիերից, ձիերը լծեցին կառքին և մի քանի րոպեում մեզ թռցրին հիշյալ բլրի գագաթը: Այդտեղից մեր դժվար ճանապարհը շարունակելով քարքարոտ, անճանապարհ վայրերով, մեծ դժվարությամբ հասանք, վերջապես, հռչակավոր Հառիճվանքը:
Օրն արդեն երեկոյանում էր, և Կոմիտասի հիվանդությունը քանի գնում սաստկանում էր: Շտապ անկողին պատրաստեցինք և Կոմիտասին պառկեցրինք, վրան գցելով բոլոր մեր ունեցած վերմակները, որովհետև սկսվել էր մալարիայի սաստիկ դողը, և ոչ մի վերմակ չէր տաքացնում հիվանդին: Ես մոլորվել-մնացել էի և չգիտեի ինչ անեմ: Այսպես շարունակվեց մի երկու ժամ, որից հետո դողն անցավ, և սկսեց սաստիկ տաքությունը, որի պատճառով հիվանդը հետ էր գցում բոլոր տեսակի վերմակներն ու ծածկոցները: Մի երկու ժամ էլ այս տաքությունը շարունակվեց, որից հետո Կոմիտասը հանգստացավ և քնեց, հնարավորություն տալով մեզ էլ մի փոքր հանգստանալու:
Առավոտյան սպասում էինք, թե ինչ է լինելու: Սպասում էինք երկյուղով, անհամբեր:
Բայց հետևյալ առավոտ Կոմիտասը վեր կացավ անկողնից բոլորովին առողջ, առանց հիվանդության որևէ նշանի, թեև սաստիկ թույլ ու նիհարած, չոփ դարձած: Այդ օրվանից սկսած Կոմիտասը լիովին ազատվեց իրեն տանջող մալարիայից, և այդ հիվանդությունը նրա մոտ այլևս հանդես չեկավ ոչ միայն այն 6-7 շաբաթների ընթացքում, որ մենք միասին անցկացրինք Հառիճում, այլև հետագայում Էջմիածնում միասին ապրած տարիների ընթացքում:
Քանի որ ես հանձն էի առել Կոմիտասին ազատել մալարիա հիվանդությունից և նրա քայքայված առողջությունը վերականգնել, այժմ ինձ համար գլխավոր նպատակ էր դառնում նրա և առհասարակ մեր սննդի կազմակերպումը մեր այն ժամանակվա գյուղական պայմաններում: Այդ պայմաններն այնպես էին, որ մեր գյուղերում բացի կաթից, մածնից և ձվից ուրիշ սննդամթերք չէր ճարվում, իսկ Հառիճի լեռնային ջինջ օդը և անուշահամ սառը ջրի ուժեղ ներգործության հետևանքով այդ թեթև սննդամթերքները չէին կարող բավարարել թե՛ հիվանդությունից նոր վեր կացած և թե՛առողջ մարդու բացված ախորժակին, ուստի և անհրաժեշտ էր առաջին հերթին հոգալ մսի կարիքը:
Բարեբախտաբար, հեշտ եղավ այդ կարիքը բավարարել: Փեսայիս՝մեծ քրոջս ամուսին Գեղամ Բայբուրդցյանին ուղարկեցի Ղփչաղի յայլաները, որտեղից նա բերեց 10 թե 12 գառ, որ լիովին բավարար էր մեր բոլոր կարիքները հոգալու համար, այն 6-7 շաբաթների ընթացքում, որ մենք անցկացրինք Հառիճում:
Մեր անասունների շատության պատճառով մենք ստիպված եղանք նույնիսկ մի հոտաղ վարձել, որ արածացնում էր մեր «հոտը» մերձակա ձորերում և հովիտներում:
Օգոստոսի առաջին տասնօրյակին մեր գառներն արդեն սպառված էին, և մնացել էր միայն մեկը, որը մեծացել, փարթամացել և խոյ էր դարձել, այնպես որ Ղփչաղի գյուղացիներից մեկը եկավ մեզ մոտ և խնդրեց, որ այդ խոյը փոխարինենք մի լավ գառով, իսկ խոյը տանք իրեն, որ պահի իբրև սերունդ առաջացնող կենդանի: Մենք, իհարկե, սիրով կատարեցինք նրա խնդիրը:
Մեր կյանքը Հառիճում անցնում էր անդորր, հաճելի պայմաններում: Հաճախ մենք հանդիսավոր ճաշեր և ընթրիքներ էինք սարքում, ճառում, երգում և ուրախանում: Քանի գնում, այնքան ավելի աշխուժանում էի Կոմիտասը և արդեն ինքնաբերաբար երգում իր և մեր սիրած երգերը: Երբեմն Կոմիտասը երեկոները բարձրանում էր մեր բնակարանի մոտի շենքի կտուրը և այնտեղից իր քաղցր ձայնը հնչեցնում: Այդ ժամանակ շրջակա տների բնակիչները՝ կին թե տղամարդ, ջահել աղջիկ թե տղա, բարձրանում էին իրենց տների կտուրները և այնտեղից սիրով ունկնդրում սիրելի երգչին:
Կոմիտասը գիտեր նաև արևմտահայերի եղանակով խմորեղեն պատրաստել և թխել այն ճաշերից հետո հանգած, բայց դեռ տաք թոնիրի մեջ: Նա մի քանի անգամ այդպիսի խմորեղեն պատրաստեց, և մենք մեծ հաճույքով վայելեցինք այն հետճաշյան կամ երեկոյան թեյի հետ. ափսոս, որ բոլորովին մոռացել եմ այդ խմորեղենի անունը:
Քանի կազդուրվում էր Կոմիտասը, այնքան ավելի զվարճասեր ու կատակախոս էր դառնում նա: Վերջին օրերից մեկում էլ որոշեցինք մի խաղ խաղալ Հառիճի վանքի վանահայր Արիստակես վ. Զուլոյանի գլխին: Սա, իմիջիայլոց, խնամքով պահում էր մի քանի սագ, որոնք իրենց տեսքով ու չափավոր գիրությամբ շարժում էին մեր ախորժակը: Մեր գառներն էլ արդեն վերջացել էին, և ահա մի օր, ճաշից հետո, մեր բնակարանի կողքի շենքի կտուրի վրա, բոլորս հավաքված զրուցում էինք. Հանկարծ մեր մեջ հարց ծագեց, թե ինչ անենք այս երեկո: Բոլորս էլ հասկանում էինք, որ խոսքը մի համեստ ընթրիք սարքելու մասին է: Հանկարծ հայրս բացականչեց՝ «հաց ն ու պանիրը ինձ վրա»: Փոքր եղբայրս՝ Աշոտը, թե «յուղն ու կարագն էլ ինձ վրա»: Ես էլ իսկույն վրա բերեցի, թե «կոնյակն ու գինին էլ ինձ վրա»:
Երբ դրանից հետո Կոմիտասն էլ ավելացրեց, թե «երգն էլ ինձվրա», բոլորս նայեցինք վանահորը, թե նա ինչ պիտի ասի վերջապես: Նա էլ, ճարը կտրած, ասաց՝ «սագն էլ ինձ վրա, գիտեմ, որ ձեր բոլորի աչքը իմ սագերի վրա է»:
Եվ այսպես կազմակերպեցինք մի փառավոր ընթրիք, որի ժամանակ Կոմիտասն իրեն գերազանցեց հրաշալի երգեցողությամբ:
Այստեղ հարկ եմ համարում հիշատակել, որԿոմիտասը չափազանց զգայուն մարդէր, ևայդ բանն արտահայտվում էր մանավանդ այն ժամանակ, երբ նա ոչ ավելի, քան մեկ-երկու բաժակ գինի էր խմում: Այդ երեկոյան նա իմ կողքին նստած՝ փաթաթվում էր ինձ, լալիս և ասում. «Սիրելի Երվանդ, դու իմ աշակերտն ես». Ես էլ աշխատում էի նրան ծիծաղեցնել՝ ասելով, թե «Լավ, իհարկե, քո աշակերտն եմ, բայց ադոր համար լալու՞ է»: Սակայն կարճ էր տևում նրա այդ տրամադրությունը, մինչև հետևյալ երգը:
Այդ տարվա Վարդավառին էր, որԿոմիտասը, զզված զուռնի զիլ և տհաճ ձայնից և ուխտավորների անկարգ ու խառնակ տոնախմբությունից, ուխտավորների ցրվելուց հետո ցանկություն հայտնեց տեսնել, թե հայ աղջիկներն ինչպես են սկսում և զարգացնում իրենց երգն ու պարը: Նրա խնդրով փոքր եղբայրս՝ Աշոտը, գնաց գյուղը, վանք բերեց փոքր քրոջս՝ Սոնիկին, իր ընկերուհիների հետ, որոնք և սկսեցին ձևավորել իրենց երգն ու պարը:
Կոմիտասն էլ մի քանի անգամ հիշածս կտրին նստած և մեզնով շրջապատված՝ ձայնագրում էր այդ երգի ու պարի զարգացումը: Ինքը՝ Կոմիտասն, այդ մասին հոդված է գրել, որ նախապես տպվել է «Անահիտ» հանդեսում, ապա արտատպվել զանազան ժողովածուներում:
Այդ ամառվա մեր կյանքից հիշատակության արժանի եմ համարում նաև մի ծիծաղաշարժ դեպք:
Ես արդեն Էջմիածնում եղած ժամանակ կարգադրել էի, որ վանական կառավարությունը մեզ հասանելի գինուց երկու տակառ (3 և 5 դույլանոց) ուղարկի Ալեքսանդրապոլ՝ Կյուրեղ վ. Նավումյանին. Սրան էլ խնդրել էի, որ 3 դույլանոցը վերցնի իրեն, իսկ 5 դույլանոցը ուղարկի մեզ Հառիճ:
Նա ստացել էր այդ գինիները և իմ խնդրի ճիշտ հակառակն էր կարգադրել. 3 դույլանոցն ուղարկել էր մեզ, իսկ 5 դույլանոցը պահել էր իրեն: Երբ ես կատակով հարցրի նրան դրա պատճառը՝ նա ասաց. «Համ Հառիճի մաքուր օդն ու ջուրը վայելեք, համ էլ Էջմիածնի գինին դո՞ւք խմեք. Ուրախ եղեք, որ գոնե 3 վեդրոն ձեզ եմ ուղարկել, թե չէ կարող էի ոչինչ չուղարկել ձեզ»: Որովհետև ընթերցողներին կարող է հետաքրքրական լինել, թե այդքան գինի մեզ որտեղի՞ց, ասեմ հետևյալը. Սովորություն էր, որ այն ժամանակները վանքի գինետնից ամեն սովորական վարդապետ ստանում էր ձրիաբար մի դույլ գինի, իսկ սինոդի անդամ վարդապետներն ու եպիսկոպոսները մեկ ու կեսական դույլ գինի: Որովհետև մենք 4-5 հոգի էինք, և խմողներ մեր մեջ չկային, այդ պատճառով ամիսների ընթացքում հավաքվում էր մեծ քանակությամբ գինի, որ մենք ուղարկում էինք մեր բարեկամներին, նրանց հյուրընկալությունը որոշ չափով փոխարինելու համար:
Այսպիսով, վերջացավ 1905 թվականի ամառը, և Կոմիտասը լիովին առողջացած և կազդուրված`օգոստոսի 10-11-ին հեռացավ Հառիճիվանքից և գնաց իր գործին՝ Ալեքսանդրապոլ, Թիֆլիս, Էջմիածին: Իսկ ես 15 օր էլ մնացի իմ հայրենիքում և ապա օգոստոսի 25-ին վերադարձա Էջմիածին և ստանձնեցի իմ պաշտոնը՝ ուսուցչություն Գևորգյան ճեմարանում, որի տեսուչ էր կարգվել՝Կ. Կոստանյանի եռամյա տեսչության ժամկետն այդ տարի լրանալու հետևանքով, Գարեգին վ. Հովսեփյանը:
Մեր ընկերական և մտերմական հարաբերությունները միմյանց հետ հետզհետե ավելի ու ավելի էին սերտանում:
1905 թվականի աշնանից սկսած մինչև 1908/09 ուս. տարվա վերջը մենք ապրում էինք հարազատների նման, որպես մի ընտանիքի անդամներ, որպես եղբայրներ:
Բանն այն էր, որ 1905թ. հեղափոխության պատճառով փակվել էր Էջմիածնի վանքի միաբանական «սեղանատունը», որտեղ ճաշում և ընթրում էին կամ սնունդ էին ստանում Էջմիածնի միաբանները: Կաթողիկոսն ու սինոդը որոշել էին մի չնչին գումարով ավելացնել այդ միաբանների ռոճիկը (կարծեմ 20-25 ո. ամսական) և հանձնարարել, որ նրանք իրենք հոգան իրենց սննդի մասին: Այդ նեղ դրությունից դուրս գալու համար մի քանի ճեմարանական վարդապետներ որոշեցինք միանալ և միացյալ ուժերով հոգալ մեր սննդի մասին:
Այդ վարդապետներն էին՝ Կոմիտաս վարդապետ, Գարեգին վ. Հովսեփյան (հետագայում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս), Հուսիկ վ. Զոհրաբյան (հետագայում Ռումինիայի առաջնորդ արքեպիսկոպոս), Կարապետ վ. Տեր-Մկրտչյան (հետագայում եպիսկոպոս և Շամախում թեմի առաջնորդ) և տողերիս գրող Երվանդ Տեր-Մինասյան:
Խմբի տնտես ընտրվեցի ես, իբրև ամենաերիտասարդը բոլորի մեջ: Մեր ընդհանուր ճաշերն ու ընթրիքները տեղի էին ունենում սկզբի մի երկուամսին Հուսիկ վ. Զոհրաբյանի բնակարանում, իսկ հետո որոշվեց այդ կազմակերպել Կոմիտաս վարդապետի բնակարանում, որ իբրև առանձնացած շենք այդ նպատակի համար ավելի հարմար էր, մանավանդ, որ նրա տան առջև կար նաև մի փոքրիկ պարտեզ մի հսկայական բարձրորակ տանձենիով:
Հունիսից սկսած մինչև հոկտեմբեր այստեղ էինք մենք ճաշում և ընթրում, իսկ դա ավելի էր մտերմացնում մեզ, որ առանց այն էլ շատ մտերիմ էինք. Մանավանդ ինձ ուԿոմիտասին, քանի որ ես իբրև տնտես դեռ որոշ ժամանակ ստիպված էի մյուսների գնալուց հետո մնալ Կոմիտասի մոտ՝ խոհարարի հաշիվներն ընդունելու և հետևյալ օրը պատվերները տալու համար:
Այդպես ապրեցինք մենք, ինչպես ասացի, մինչև 1908/09 ուս. Տարվա վերջը, այնուհետև ցրվեցինք ամենքս մի կողմ. Կոմիտասը հեռացավ Էջմիածնից, անցավ Կոստանդնուպոլիս և Եվրոպա համերգներ կազմակերպելու նպատակով, որ և նա կատարում էր ամենամեծ հաջողությամբ, ինչպես վկայում են այն ժամանակվա եվրոպական թերթերի հոդվածները:
Ես էլ 1910թ. սկզբին հրաժարվեցի հոգևոր կոչումից և վերջնականապես հեռացա Էջմիածնից: Մյուս ընկերներն էլ զանազան պաշտոններով՝ որը հեռացավ Էջմիածնից, որը մեկուսացավ: Բայց մեր բոլորի հիշողության մեջ անմոռաց մնացին այդ տարիները, երբ մենք միասին էինք ապրում, և մեզ բոլորիս հոգեկան մեծ հրճվանք ու բավականություն էր պատճառում Կոմիտասն իր սքանչելի երգերով:
Շաբաթ չէր լինում, որ մենք չհավաքվեինք մեր բարեկամներից մեկի տանը, առավելապես հաճախ էինք լինում բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի տանը, որի ընտանիքի անկեղծ հյուրասիրությունը Կոմիտասի երգերի հետ միասին մեր ամենամեծ մխիթարությունն էր մեր մեկուսացած և արտաքին աշխարհից կտրված կյանքում: Ես ոչ մի դեպք չեմ հիշում, որ Կոմիտասը հրաժարվեր մեկի խնդիրը կատարելուց և որևէ երգ երգելուց:
Իր երգը լսել ցանկացողից նա միայն մի պահանջ ուներ. «Երկու կոպեկ տուր, երգեմ» և մինչև այդ «երկու կոպեկը» չէր առնում, չէր երգում: Դրա համար էլ մենք երկու կոպեկանոցները չէինք ծախսում ոչ մի դեպքում, այլ պահում էինք, որպեսզի կարողանայինք Կոմիտասի պահանջը կատարել և նրա երգի «վարձատրությունը» տալ: Ինչու՞ անպատճառ 2 կոպեկանոց դրամ էր պահանջում Կոմիտասը, մինչև վերջն էլ մեզ համար հանելուկ մնաց:
Այսպես մնաց Կոմիտասի պայծառ կերպարը մեր բոլորի՝ նրա մտերիմ ընկերների հիշողության մեջ, և այն երբեք չի ջնջվի:
Կոմիտասին վերջին անգամ ես տեսա 1913 թվականի ամառը, երբ ընտանիքով Ղարաքիլիսա (այժմյանԿիրովական) ամառանոց էի գնացել, և նա եկավ այնտեղ մեզ վերջին անգամ տեսնելու և մնաք բարև ասելու:
Կոմիտասը եկել էր այդ ամառ Էջմիածին, ասում են, այնտեղ մնալու մտադրությամբ, եթե նպաստավոր ընդունելություն գտներ: Բայց ժամանակի կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանը ոչ միայն շատ սառն էր ընդունել նրան, այլև վիրավորական ձևով հարցրել էր. «Վարդապետ, ե՞րբ ես եկել, ե՞րբ ես գնում», որին Կոմիտասը վիրավորված պատասխանել էր. «Այսօր եմ եկել, վաղը գնում եմ»…»:
* Ոչ խմբակային լուսանկարում երիտասարդ Կոմիտասի ձախից երիտասարդ Երվանդ Տեր-Մինասյանն է, իսկ աջից՝ գիտնականը առաջացած տարիքում: