Հայտնի արևելագետ, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին շոյվել է Երևանի ավագանու որոշումից և շնորհակալություն հայտնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանանալու համար։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Պիոտրովսկու ուղերձը հրապարակել է Facebook–ում։
«Ես զգացված եմ, երջանիկ և շոյված: Սա հսկայական պատիվ է, որը կուրախացներ իմ մայրիկին, հայրիկին ու բոլոր այն հրաշալի երևանցիներին, որոնց հետ կյանքիս ընթացքում երջանկություն եմ ունեցել շփվելու, բոլոր Ջանփոլադյաններին ու Տեր-Պողոսովներին»,– գրել է Պիոտրոսվկին։
Նա շնորհակալություն է հայտնել ոչ միայն իր, այլև հանգուցյալ մոր` Հռիփսիմե Ջանփոլադյանի անունից` միաժամանակ իր անկեղծ սերը հայտնելով Երևանին։
«Ես սիրում եմ Կարմիր Բլուրի ու Էրեբունու Երևանը, Ալեքսանդր Թամանյանի ու Մարտիրոս Սարյանի Երևանը և շատ եմ սիրում Երևանը, որն արդեն չկա՝ Հին Բաղնիքի մոտի փողոցները, որտեղ մեր տունն էր և որտեղ այսօր հուշատախտակ կա` ի պատիվ Բորիս Բորիսովիչ Պիոտրովսկու, որին «հայ ժողովրդի փեսա» էին անվանում»,– նշել է Պիոտրովսկին: