Զինծառայության ժամանակ վիրավորում ստացած տղաները ձեռք են բերել մասնագիտական նոր հմտություններ
Advertisement 1000 x 90

Զինծառայության ժամանակ վիրավորում ստացած տղաները ձեռք են բերել մասնագիտական նոր հմտություններ

«Երևան իմ սեր» հիմնադրամի իրականացրած «Հայրենիքի պաշտպան» ծրագրի շրջանակներում զինվորական ծառայության ընթացքում վիրավորում կամ վնասվածք ստացած զինծառայողները ձեռք են բերել նոր հմտություններ՝ հասարակական կյանքում ակտիվ մասնակցություն ունենալու համար:

Ծրագրի առաջին փուլում անցկացվել են լուսանկարչության, օպերատորության ու համակարգչային մոնտաժի դասընթացներ, որոնց մասնակցել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող 11 երիտասարդ:

Տղաներին դասավանդել են ՀՀ նախագահի անձնական օպերատորը, լուսանկարիչն ու ՀՀ նախագահի աշխատակազմի համակարգչային մոնտաժողը:

Հոկտեմբերի 10-ի ցուցահանդեսին ներկայացվել է 21 լուսանկար, որոնք տղաները նկարել են դասընթացների ժամանակ: Ներկայացված աշխատանքներից մի քանիսի հեղինակը Տիգրան Սարգսյանն է, ով ծառայել է Արցախի Հանրապետությունում, մասնագիտությամբ եղել է սակրավոր և զինվորական ծառայության ընթացքում կորցրել է ձախ ձեռքի թաթի հիմնական հատվածը, հետագայում այդ ձեռքն ամբողջությամբ անշարժացել է:

«2017 թվականին եմ վիրավորումս ստացել և, երբ ձեռքս անշարժացավ՝ մտածում էի, որ արդեն ամեն ինչ ավարտված է: Որոշ ժամանակ անց տեղեկացա «Երևան իմ սեր» հիմնադրամի կողմից կազմակերպվող «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնության մասին, որի շրջանակում կազմակերպվում էին լուսանկարչական դասընթացներ: Գրանցվեցի և սկսեցի մասնակցել այդ դասերին, որոնք իրականացվում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում: Դասընթացներից հետո աշխատանքի եմ անցել «Երևան իմ սեր» հիմնադրամում: Այս ծրագրից հետո կյանքումս շատ բան փոխվեց, օրինակ՝ սկսեցի ամեն ինչին այլ աչքերով նայել և հասկացել եմ, որ պետք է միշտ առաջ շարժվել»,- նշեց Տիգրանը, ում նկարներում գերակշռում էին երեխաները:

Նրա խոսքով՝ լուսանկարելով փոքրիկներին, կարողանում է արտացոլել նրանց մեջ եղած մաքրությունն ու պարզությունը:

Տիգրան Սարգսյանը «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանի որոշմամբ արդեն 3 ամիս է աշխատում է հիմնադրամում որպես լուսանկարիչ:

Ծրագրի մեկ այլ մասնակից՝ Արշակ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ լուսանկարչությունն իրեն շատ դուր է եկել և ցանկություն ունի շարունակել այդ բնագավառում հմտանալ:

«Այժմ ցանկանում եմ մասնագիտական ավելի շատ հմտություններ ձեռք բերել և մտածել արդեն հենց որպես լուսանկարիչ աշխատելու մասին»,- շեշտեց Արշակը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշեց, որ ինքն էլ սիրել է լուսանկարել տարիներ առաջ և փորձել է մութ սենյակում տպել իր նկարները:

«Մինչ այսօր այդ նկարները պահպանված են, շատ էի սիրում երեխաների լուսանկարել: Այն ժամանակ գունավոր նկարներ չկային, սակայն այժմ էլ կարծում եմ, որ սև ու սպիտակ լուսանկարների միջոցով ավելի շատ բան կարելի է արտահայտել»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Ցուցահանդեսին ներկա էին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և այլ հյուրեր: Հրավիրված էր նաև իտալացի դաշնակահար Անտոնիո Գոնսալեսը, ով սկզբում կատարեց Հայաստանի և Իտալիայի Հանրապետությունների օրհներգները, ինչից հետո հնչեցին նաև այլ ստեղծագործություններ:

 



Նման նյութեր