Ավելի քան 25 միլիոն դրամ պետբյուջեից ԱԺ-ում հունիսի 1-ի միջոցառման համար. «մտերիմ» կազմակերպություններն ու ԱԺ աշխատակազմի հերթական անփույթ աշխատանքը. antifake.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ավելի քան 25 միլիոն դրամ պետբյուջեից ԱԺ-ում հունիսի 1-ի միջոցառման համար. «մտերիմ» կազմակերպություններն ու ԱԺ աշխատակազմի հերթական անփույթ աշխատանքը. antifake.am

Հասարակության շրջանում վերջերս մեծ արձագանք են գտնում այս կամ այն միջոցառման համար պետական բյուջեից կատարված ծախսերը և այն, թե ովքեր կամ ինչ կազմակերպություններ են մատուցում ծառայությունները, և ինչ մրցութային ընթացակարգով են ընտրվել նրանք:

AntiFake.am-ը դեռևս օգոստոսին հարցում էր ուղարկել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին` հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը Ազգային ժողովի այգում և Բաղրամյան պողոտայում, ինչպես նաև հուլիսի 28-ին` Ազգային ժողովի այգում և Բաղրամյան պողոտայում Վարդավառի տոնի առթիվ կազմակերպված միջոցառումների ծախսերի և դրանք իրականացրած կազմակերպությունների մասին տեղեկություններ ստանալու նպատակով:

Հարցման պատասխանը ԱԺ-ն մեզ տրամադրել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի բոլոր ժամկետների խախտմամբ։

Ազգային ժողովի պատասխան նամակում մեզ փոխանցում են հունիսի 1-ի միջոցառումն իրականացրած կազմակերպությունների անվանումները, ՀՎՀՀ-ները, ղեկավարների անունները` կցելով նաև այդ կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերը:

Պատասխանում նշվում է, որ հունիսի 1-ի միջոցառումների իրականացման համար Ազգային ժողովը պետական բյուջեից հատկացրել է 25,540,300 ՀՀ դրամ, իսկ Վարդավառի տոնի կապակցությամբ հատկացրել է 4,941,300 ՀՀ դրամ:

Պատասխան նամակում ԱԺ աշխատակազմից տեղեկացնում են, որ «կազմակերպությունները ընտրվել են` հաշվի առնելով նրանց` նախկինում կատարած աշխատանքի որակը և միջոցառման գնառաջարկը»:

Նշենք, որ հանրությունը բավականին մեծ դժգոհություն էր բարձրացրել Վարդավառի տոնի առթիվ ԱԺ-ի կողմից պետական բյուջեից հատկացված շուրջ 5 միլիոն դրամի կապակցությամբ, որը, ըստ շրջանառվող կարծիքների, անիմաստ ծախս էր, իսկ միջոցառումն այնքան անկազմակերպ էր, որ շատ քիչ մարդիկ մասնակցեցին դրան։ Մինչդեռ միևնույն ժամանակ Գյումրիում առանց պետական բյուջեից արված ծախսերի մեծ խանդավառությամբ նշում էին տոնը։

Աղմուկ էր բարձրացել նաև Վարդավառի տոնը ԱԺ-ում կազմակերպած սուբյեկտների մասով, որոնք, ինչպես պարզ դարձավ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի ծանոթներն ու նախկին գործընկերներն են։

Մենք փորձեցինք հասկանալ, թե ովքեր են այն կազմակերպությունները, որոնք կազմակերպել են Երեխաների միջազգային օրվա՝ հունիսի 1-ի միջոցառումները, որի համար ստացել են ավելի քան 25 միլիոն դրամ։

«Անի Ջուլհակյան» Ա/Ձ – 11,140,500 ՀՀ դրամ

Հունիսի 1-ի միջոցառումների կազմակերպման համար ամենամեծ գումարը հատկացվել է «Անի Ջուլհակյան» Ա/Ձ-ին՝ 11,140,500 ՀՀ դրամ։ Ուշագրավ է, որ Անի Ջուլհակյանը Վարդավառի «չստացված» տոնի կազմակերպման համար էլ ստացել էր 2,526,300 դրամ, իսկ ավելի ուշ պարզ էր դարձել, որ նա ևս նախկինում աշխատել է «Radio Van»-ում և կապ ունի Լուսինե Բադալյանի հետ։

Ա/Ձ-ի ճշգրիտ անվանումը «Անի Ջուլհակյան Հրաչիկի» Ա/Ձ է։ Այն գրանցված է հարկ վճարողների փնտրման համակարգում, սակայն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքում որոնելիս պարզ է դառնում, որ «Անի Ջուլհակյան» Ա/Ձ-ն ունի 1 գրանցված աշխատող, պարտադիր վճարներն իրականացրել է միայն 2018թ.-ին, իսկ 2019թ.-ի համար որևէ վճարում չի արվել:

Ըստ ԱԺ աշխատակազմի հետ կնքված պայմանագրի` Անի Ջուլհակյան Ա/Ձ-ը, ի դեմս «Zilina Event lab»-ի, մատուցել է միջոցառումների կազմակերպման ծառայություններ։

«Zilina Event lab»-ի ֆեյսբուքյան էջը կառավարվում է «Radio Van»-ի ևս մեկ աշխատակից Արտաշես Աղաջանյանի կողմից, որը կա հունիսի 1-ի միջոցառումների լուսանկարներում:

Ուշագրավ է, որ 2016 թվականին հաշվառված «Անի Ջուլհակյան» Ա/Ձ-ն և նույն թվականից միջոցառումներ կազմակերպող «Zilina Event Lab»-ը պետական միջոցներից ֆինանսավորվող միջոցառումներ է սկսել կազմակերպել 2018 թվականի օգոստոսից։ Խոսքը գնում է Artsakh Wine Festival-ի մասին։ Որից հետո արդեն պետական ֆինանսավորմամբ կազմակերպել է հունիսի 1-ի միջոցառումը։ Սա ակնհայտ է դառնում «Zilina Event Lab»-ի ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելու դեպքում։ Ուստի՝ անհասկանալի է, թե ԱԺ աշխատակազմն ինչ նկատի ունի «կազմակերպություններն ընտրվել են հաշվի առնելով նրանց` նախկինում կատարած աշխատանքի որակը» ասելով կամ ինչպես կարող էր իմանալ այդ կառույցի կազմակերպած միջոցառումների որակը առանց մրցույթի անցկացման, եթե Ա/Ձ-ն նախկինում չի իրականացրել պետական ֆինանսավորմամբ միջոցառումների կազմակերպում։

Ամբողջությամբ՝ antifake.am



Նման նյութեր