Նիդեռլանդների ոստիկանությունը երկրի հյուսիսարեւելյան Ռեյներվոլդ հեռավոր գյուղում հայտնաբերել է 18-58 տարեկան հինգ մարդու, որոնք առնվազն ինը տարի թաքնվել են շենքի նկուղում եւ սպասել աշխարհի վերջին, հայտնում է RG-ն՝ հղում կատարելով BBC-ին։
Մարդկանց, որոնց, ամենայն հավանականությամբ, նկուղում ստիպողաբար ընտանիքի գլուխն էր պահում, մթից դուրս գալուն օգնել է պատահականությունը։ Ավագ եղբայրներից մեկին հաջողվել է դուրս պրծնել գերությունից։ Առաջին տեղը, ուր նա անմիջապես գնացել է, եղել է տեղի փաբը։
Տղամարդը, հինգ շիշ գարեջուր խմելով, ներկաներին պատմել է պատահածի մասին եւ օգնություն է խնդրել։
Նշված հասցեով ժամանած ոստիկանությունը հայտնաբերել է տան նկուղում թաքնված մարդկանց եւ կալանավորել է 58-ամյա տղամարդուն, որը հրաժարվել է համագործակցել հետաքննության հետ։ Այս պահին դեռ հայտնի չէ, թե որքան է ընտանիքը ապրել նկուղում եւ ինչ է եղել երեխաների մոր հետ։ Ենթադրվում է, որ կինը կարող էր մի քանի տարի առաջ մահանալ։
Նաեւ հաղորդվում է, որ ֆերմայում գտնվող մարդիկ, արտաքին աշխարհի հետ կապեր չեն ունեցել եւ սնվել են բանջարանոցում աճեցրած սնունդով։